Ապաշրջափակումը թույլ կտա Հայաստանի ՀՆԱ-ն երկու տարվա ընթացքում ավելացնել 30 տոկոսով. Քերոբյան

Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն էապես կբարելավի հնարավորությունները և թույլ կտա Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) երկու տարվա ընթացքում ավելացնել 30 տոկոսով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Ռուս-հայկական բիզնես-երկխոսություն» համաժողովի ժամանակ՝ պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

ՀՆԱ-ի 30 տոկոս աճը, նախարարի խոսքով՝ տեղի կունենա, եթե ապաշրջափակվեն տարածաշրջանում հաղորդակցության բոլոր ուղիները Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև:

«Հաշվարկված է, որ տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակումը կհանգեցնի Հայաստանի ՀՆԱ-ի 30 տոկոս աճին: Սա ոչ միայն մեր, այլ միջազգային գործընկերների, այդ թվում Համաշխարհային բանկի բանկի ու Ասիական զարգացման բանկի ուսումնասիրություներն են»,- նկատեց Վահան Քերոբյանը:

Թեև հաղորդակցության ապաշրջափակումը հայ-ռուսական համաժողովի թեման չէր, բայց նախարար Քերոբյանը նկատեց՝ «շատ լավ հասկանում ենք, որ այն էապես կբարելավի հնարավորությունները և մրցունակ կդարձնի այն նախաձեռնությունները, որոնք մենք քննարկում ենք այստեղ»։

Իր հերթին Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հայտնեց, որ փոխադարձ առևտրի արգելքները վերացնելու համար այժմ վերակառուցվում են Վերին Լարսի ենթակառուցվածքները։

«Մինչև 2022-ի կեսերը կավարտվեն մարդատար ավտոմեքենաների մասով ենթակառուցվածքի վերակառուցումը Վերի Լարսի անցակետում: Տարվող աշխատանքների արդյունքում մինչև 2022-ի վերջը թողունակությունը Վերին Լարսում օրական 6,5 անգամ կավելանա՝ հասնելով 2 650 բեռնատար ավտոմեքենա՝ մինչև 3 հազար ավտոմեքենա ընդլայնելու հնարավորությամբ։ Սա լուրջ և պրակտիկ քայլ է մեր երկկողմ և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության համար՝ ուղղված ապրանքաշրջանառության հեշտացման ու դրա ծավալների աճին»,- ասաց Վոլվաչը։

Մեկնաբանել