Հայաստանում մեկնարկել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի շշալցումը

Հայաստանում մեկնարկել է Կորոնավիրուսի դեմ Sputnik Lite («Սպուտնիկ Լայթ») պատվաստանյութի շշալցումը: Ադ մասին այսօր «Ռուս-հայկական բիզնես-երկխոսություն» համաժողովի ժամանակ հայտարարեց Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Պրիմսակը:

Նա հայտնեց Հայաստանին ավելի քան 100 հազար Sputnik Lite պատվաստանյութ մատակարարելու մասին: «Սա ավելի քան 200 հազար դեղաչափ է: Ավելի կարևոր է, որ արդեն սկսվել է «Սպուտնիկ Լայթ»-ի շշալցումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Առաջին խմբաքանակը շշալցվել է բառացիորեն երեկ, ուղարկվել է որակի վերահսկողության Գամալեայում (Գամալեայի ինստիտուտ), որից հետո կստուգվի և հասանելի կլինի բնակչությանը», – ասաց Պրիմակը՝ որակելով այն մեծ ձեռքբերում և օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շնորհակալություն հայտնեց գործընթացի մեկնարկի համար Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամին, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Գամալեայի ինստիտուտին, «Գեներիում» ընկերությանը:

Նրա խոսքով՝ պատվաստանյութը արտադրվում է Հայկական «Լիկվոր» ընկերության հարթակում։ Նախարարը նաև նկատեց, որ Հայաստանն այժմ մտնում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրողների փոքրիկ ակումբի մեջ։

«Շնորհակալություն ռուս ընկերներին տեխնոլոգիական տրանսֆերի համար, որի շնորհիվ շատ կարեևոր և ռազմավարական արտադրանքի շշալցման հնարավորություն է ստեղծվել», – ասել է նախարարը:

Մեկնաբանել