Հայաստանը պե՛տք է Թուրքիային առաջարկի ուղիղ երկխոսություն, բայց ոչ Արցախից հրաժարվելու գնով

Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է փոխանցել։ Նա նշել է, որ հանդիպման կազմակերպման համար «Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի»։ Նա կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ դրա բացումը քաղաքական հարց է, և հույս է հայտնել, որ այդ միջանցքն իրականություն կդառնա, և կկարգավորեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Եթե փորձենք դիվանագիտական լեզվից թարգմանել Էրդողանի այս հայտարարությունը, ապա Թուրքիայի նախագահը պարզորոշ նշում է, որ պատրաստ է ընդառաջ գնալ Հայաստանի ղեկավարության առաջարկին, եթե Հայաստանը շարունակի կատարել Թուրքիայի պահանջները։ Թուրքական այս մոտեցումը նորություն չէ և շարունակվում է արդեն առնվազն 28 տարի։ Սկսած 1993-ի գարնանից՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար նախապայմաններ է առաջ քաշել (հրաժարում Արցախից, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցում, Հայաստան – Թուրքիա միջպետական սահմանի վերահաստատում) և շարունակում է այդ գործելաոճը։

Թուրքական նախապայմաններից հիմնականը Արցախի վերադարձն էր Ադրբեջանին։ 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության ստորագրումից և Հայաստանում 2021-ի հունիսին խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ձևավորված կառավարության նոր ծրագրում Արցախի վերաբերյալ անորոշ ձևակերպումների ներառումից հետո Թուրքիան համարում է, որ Հայաստանը կատարել է այդ նախապայմանը և փաստացի հրաժարվել է Արցախից։ Սակայն ինչպես ասում են՝ «ախորժակն ուտելիս է բացվում», և հիմա Թուրքիան նոր նախապայման է առաջ քաշում՝ Զանգեզուրի միջանցքի բացումը։ Այս պահանջը ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի նկատմամբ իրականացվող Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարության մեջ՝ ունենալ հնարավորինս թույլ, զարգացման հեռանկարներ չունեցող և իրենցից կախված Հայաստան, որի հիմնական գործառույթը կլինի թուրքական և ադրբեջանական բիզնեսի համար համեմատաբար էժան աշխատուժի մատակարարումը։

Ավելացող այս նախապայմանների շարքը վկայում է այն մասին, որ Թուրքիային և Ադրբեջանին սիրաշահելու և զիջումներ կատարելու միջոցով վերջիններիս բարեհաճությունը ձեռք բերելու քաղաքականությունը դատապարտված է։ 2020-ի դեկտեմբերի կեսին Հայաստանը Սյունիքում զգալի տարածքներ հանձնեց Ադրբեջանի վերահսկողությանը, այդ թվում Հայաստանը Իրանին կապող միակ ավտոմայրուղու որոշ հատվածներ՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և այդ ճանապարհով Հայաստանի անվտանգությունը ապահովելու նպատակով։ Սակայն վերջին շաբաթներին Գորիս – Կապան ավտոմայրուղում տեղի ունեցող գործընթացները ապացուցում են, որ զիջումները միայն ավելի սանձարձակ են դարձնում Ադրբեջանին։

Սակայն եթե Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հասկանալի է և լիովին տեղավորվում է այս պետությունների արտաքին քաղաքական ռազմավարության մեջ, ապա ցանկացած գնով իր երկու հակառակորդների հետ հարաբերությունները բարելավելու Հայաստանի մղումը տարակուսանք է առաջացնում։ Հասկանալի է, որ յուրաքանչյուր պետություն ցանկանում է առնվազն նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ, ունենալ բաց սահմաններ և կայուն տարածաշրջան։ Անհերքելի է նաև այն փաստը, որ նույնիսկ հակառակորդների հետ նպատակահարմար է խոսել առանց միջնորդների, քանի որ վերջիններիս կարող են խեղաթյուրել փոխանցվող ուղերձները։

Եթե Թուրքիան Հայաստանի հետ ուղիղ երկխոսության պատրաստ է բացառապես Երևանի կողմից Հայաստանի կենսական շահերին հակասող քայլերի կատարման դեպքում, ապա շատ ավելի նպատակահարմար է ունենալ միջնորդավորված երկխոսություն, կամ ընդհանրապես չունենալ շփումներ։

Սակայն այս պարզ ճշմարտությունները բացարձակապես չեն ենթադրում հանուն հակառակորդների հետ երկխոսության սեփական կենսական շահերին ուղղակիորեն հակասող քայլերի իրականացում։ Հայաստանը պե՛տք է Թուրքիային առաջարկի ուղիղ երկխոսություն, բայց ոչ Արցախից հրաժարվելու գնով։ Իսկ եթե Թուրքիան Հայաստանի հետ ուղիղ երկխոսության պատրաստ է բացառապես Երևանի կողմից Հայաստանի կենսական շահերին հակասող քայլերի կատարման դեպքում, ապա շատ ավելի նպատակահարմար է ունենալ միջնորդավորված երկխոսություն, կամ ընդհանրապես չունենալ շփումներ։

Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Եթե վերջինիս հետ ենթադրյալ բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար պահանջվում է Ադրբեջանին զիջել ՀՀ տարածքները, վտանգի տակ դնել Հայաստան – Իրան և Հայաստան – Վրաստան անխափան ցամաքային կապը, նախադրյալներ ստեղծել Սյունիքում ադրբեջանական ազդեցության հաստատման համար, ապա նման պայմաններով գործընկերային հարաբերությունների հաստատումն ուղղակիորեն հակասում է ՀՀ կենսական շահերին։

Այս պայմաններում տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ որո՞նք են ՀՀ իշխանությունների նման գործելաոճի պատճառները։ Տպավորություն է, որ Հայաստանի գործող իշխանությունները տոգորված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու մեսիական գաղափարներով։ Չստանալով համապատասխան ազդակներ երկու հակառակորդներից՝ նրանք ոչ թե փորձում են փոխել իրենց ռազմավարությունը, այլ ուղերձներ են հղում հավելյալ զիջումների պատրաստակամության մասին՝ փորձելով ցանկացած գնով հասնել այդ խաղաղությանը։ Ցավոք, Հարավային Կովկասում նմանատիպ քաղաքականության առավել հավանական հետևանքը ոչ թե հայ-ադրբեջանական և հայ-թուրքական խաղաղությունն ու «եղբայրական» հարաբերությունների հաստատումն է, այլ Հայաստանի վերածումը Ադրբեջանի և Թուրքիայի «հաճախորդ պետության»։

Մեկնաբանել