ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Բաքվից հայ ռազմագերիներին ազատելու պահանջը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը քվեարկություն կդնի հայ ռազմագերիների ազատ արձակումը՝ պահանջելով նաև Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննություն։

Կանոնակարգի հանձնաժողովը կանաչ լույս է վառել Ներկայացուցիչների պալատում Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքում (National Defense Authorization Act) ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնած հինգ փոփոխություններին։ Նախաձեռնության հեղինակներն են կոնգրեսականներ Թոնի Կարդենասը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը, որոնք Ադրբեջանից պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, և հետաքննել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020-ի հարձակումների ընթացքում խաղաղ բնակիչների թիրախավորման համար օգտագործված անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը:

Փոփոխությունները քվեարկության կդրվեն 2022-ի բյուջետային տարվա Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքի քննարկմանը:

«Մենք շնորհակալ ենք Պալատի նախագահ ՄակԳովերնին և Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունում նրա գործընկերներին, ինչպես նաև Պաշտպանական հարցերի և Կանոնակարգի հանձնաժողովներին՝ Պալատի յուրաքանչյուր անդամի հնարավորություն ընձեռելու քվեարկելու փոփոխություններին, որոնք պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և հետաքննություն իրականացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, Արցախին ԱՄՆ-ի օգնության մասին զեկույցի վերաբերյալ, Գորշ գայլերին արգելելու և Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքի այլ փոփոխությունների վերաբերյալ»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Կոնգրեսակաաններ Կարդենասի, Շիֆի և Շերմանի առաջարկած փոփոխություններում նշվում է, որ «Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին»: Նրանք ԱՄՆ պաշտպանության նախարարից պահանջում են նաև հաշվետվություն տալ 2020-ի պատերազմի ժամանակ Հայաստանի դեմ Ադրբեջանի կիրառած թուրքական անօդաչու թռչող սարքերի վրա ամերիկյան տեխնոլոգիաների առկայության վերաբերյալ:

«Շատ կարևոր է, որ մենք լիարժեք հաշվետվություն ունենանք փաստերի վերաբերյալ, քանի որ մենք ձգտում ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում անցած տարի կատարած գործողությունների համար»,- ասել է պատգամավոր Կարդենասը: «Ես ուրախ եմ, որ հենց այդ ուղղությամբ առաջարկվող փոփոխության ստեղծման համար սերտորեն համագործակցել եմ ներկայացուցիչներ Շիֆի ու Շերմանի հետ: Այդ հաշվետվությունը վճռորոշ է Ադրբեջանի գործողությունների չափի և միջազգային իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար:

«Խայտառակություն է, որ Ղարաբաղում պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանը դեռ շարունակում է անօրինական կերպով պահել հայ զինծառայողներին և գերեվարված խաղաղ բնակիչներին։ Իրականություն, որն ավելի սարսափելի է դառնում այս ռազմագերիների խոշտանգումների, մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների խախտումների մասին ստացվող լուրերի պատկերին»,- ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Փոփոխություններով Ալիևի վարչակարգի համար մենք միանգամայն հստակ ենք դարձնում, որ նրանք պարտավոր են ազատ արձակել այս բանտարկյալներին անմիջապես և անվերապահորեն, և որ Բայդենի վարչակազմը պետք է ձեռնարկի հնարավոր բոլոր դիվանագիտական գործողությունները, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործիքակազմով ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Շիֆը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել