Արմեն Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհի խնդիրները

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, հայտնում են ԱԽ գրասենյակից։

«Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին: Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ քարտուղար Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար, և նույնպես կարևորում է հարցի արագ լուծումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Գրիգորյանը և Զոհուրին քննարկել են երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: «Առանձին անդրադարձ կտարելով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին` երկուստեք շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է»,- նշված է հաղորդագրության մեջ։

***

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, ադրբեջանական ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ 130 դոլար վճարել՝ իրենց տարածքով անցնելու համար։


Մեկնաբանել