Հարցեր և պատասխաններ անկախության մասին․ ե՞րբ, ինչպե՞ս և ինչո՞ւ

Հարցեր և պատասխաններ անկախության մասին․ ե՞րբ, ինչպե՞ս և ինչո՞ւ

Հայաստանը 2021-ի սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 30-ամյակը։ Ինչո՞ւ է այս տոնը նշվում սեպտեմբերի 21-ին, որտե՞ղ է պահվում Անկախության հռչակագրի բնօրինակը, ինչպե՞ս են ընտրվել պետական խորհրդանիշերը։ ՍիվիլՆեթը պատասխանում է այս և այլ հարցերի։

Ինչո՞ւ է Հայաստանն անկախության օրը նշում սեպտեմբերի 21-ին։

1991-ի անկախության հանրաքվեն Խորհրդային Հայաստանում անցկացվեց այս օրը: Հանրաքվեին մասնակցեց քվեարկելու իրավունք ունեցող բնակչության մոտ 95,5 տոկոսը։ Նրանց 99,5 տոկոսը կողմ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն։ Քվեաթերթիկը պարունակում էր մեկ հարց՝ այո կամ ոչ տարբերակով. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Քվեարկության կարգը այլ տրամաբանությամբ էր․ ոչ թե ընտրում էին նախընտրելի տարբերակը, այլ ջնջում այն պատասխանը, որի հետ համաձայն չէին։

Եթե Անկախության օրը սեպտեմբերի 21-ին է, ինչո՞ւ է Հանրապետության օրը նշվում մայիսի 28-ին։

Սրանք երկու տարբեր տոներ են, որոնք վերաբերում են 20-րդ դարում Հայաստանի երկու անգամ անկախացմանը։ Մայիսի 28-ը համարվում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը։ 1918-ի այդ օրը Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարեց «հայկական գավառների միակ և գերագույն իշխանություն»: Դրան նախորդել էր Անդրկովկասյան սեյմի լուծարումը և Հայաստանի հետ դրա մաս կազմած Վրաստանի ու Ադրբեջանի անկախացումը։ Առաջին հանրապետությունն ունեցավ երկուսուկես տարվա կյանք։ Դժվար տարիներ՝ գաղթականներ, սով, համաճարակ, պատերազմներ։

1920-ի դեկտեմբերի 2-ին ստորագրվեց Ալեքսանդրապոլի տխրահռչակ համաձայնագիրը, Հայաստանը առաջին հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ։ Առաջին հանրապետության անկումից հետո Հայաստանը խորհրդայնացվեց, իսկ 1922-ի վերջին արդեն պաշտոնապես մաս դարձավ ԽՍՀՄ-ին և նրա կազմում մնաց յոթ տասնամյակ: 1991-ի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի արդյունքում Հայաստանը կրկին անկախացավ: Սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի երրորդ հանրապետության անկախության տոնը։

Ինչո՞ւ Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990-ի օգոստոսի 23-ին՝ մինչև Հայաստանի դե յուրե անկախանալը։

Հռչակագրի ընդունումը փլուզվող Խորհրդային Միությունից անկախության գործընթացի սկիզբն էր։ Նախ՝ 1990-ի օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այդպիսով ավարտվեց կոմունիստական կուսացության 70-ամյա իշխանությունը Հայաստանում։ Մի քանի օր անց՝ օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի վերջին գումարման Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը։ Իսկ հաջորդ օրը նույն մարմինը որոշում կայացրեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն։ Նույն որոշման համաձայն՝ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը վերածվեց ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի: 1991-ի մարտի 1-ին Գերագույն խորհուրդն ընդունեց հանրաքվե անցկացնելու որոշումը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:

Ի՞նչ նախորդեց անկախության հռչակմանը։

1980-ականների վերջին Հայաստանում արդեն սկսվել էր Ղարաբաղյան շարժումը՝ սկիզբ առնելով բնապահպանական շարժումից։ 1987-ի հոկտեմբերի 17-ին Երևանում շուրջ 3 000 մարդ դուրս եկավ ցույցի՝ «Նաիրիտ» քիմիական գործարանն ու Մեծամորի ատոմակայանը փակելու և բնապահպանական այլ կոչերով։ Այս ցույցերը վերաճեցին Ղարաբաղը Հայաստանի միավորելու պահանջի՝ «Միացում» կարգախոսով։

Ինչ վերաբերում է Խորհրդային Միությանը՝ այն իր առաջին ճաքերը տվել էր 1991-ի գարնանը։ 1991-ի մարտի 17-ին տեղի ունեցավ Խորհրդային Միությունը պահպանելու հանրաքվե: Հայաստանը ու ևս հինգ հանրապետություն՝ Վրաստանը, Մոլդովան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան, չմասնակցեցին հանրաքվեին: Մի քանի ամիս անց՝ օգոստոսին, Մոսկվայում հեղաշրջման անհաջող փորձը՝ «Պուտչը», արագացրեց Խորհրդային Միության փլուզումը: Հեղաշրջման տապալումից հետո խորհրդային հանրապետությունները մեկը մյուսի հետևից հռչակեցին իրենց անկախությունը, այդ թվում՝ հարևան Ադրբեջանը, որը նույն թվականի մարտին մասնակցել էր միութենական հանրաքվեին և կողմ քվեարկել ԽՍՀՄ պահպանմանը։

Որտե՞ղ է Անկախության հռչակագրի բնօրինակը։

Անկախության հռչակագրի բնօրինակը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ Երրորդ հանրապետության սրահում։ Այստեղ է ցուցադրված նաև այն գրիչը, որով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է այն:

Նույն ցուցասրահում կարելի է գտնել Անկախության հանրաքվեի քվեաթերթիկը, Երրորդ հանրապետության առաջին անձնագիրը, որը տրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին։ Ցուցադրված է Հայաստանի ոսկյա զինանշանը՝ պատված ադամանդներով։ Ցուցանմուշների թվում կան անկախության շարժման այլ խորհրդանիշեր՝ ՀՀ-ի առաջին եռագույնը, զինանշանը, փաստաթղթեր ու արխիվային լուսանկարներ, նաև՝ Ղարաբաղյան շարժման խորհրդանիշերից շեփորը։ Դրանով էր ազդարարվում հանրահավաքների սկիզբը․ շեփորահար Աշոտ Միրզոյանը նվագում էր «Ինչո՞ւ է աղմկում գետը» կինոնկարի երաժշտությունը: 2020-ին Արամ Մանուկյանը Հայաստանի պատմության թանգարանին նվիրեց այն կրծքանշանը, որը կրել է հռչակագիրը ընթերցելու օրը։

1990-ին ինչո՞ւ հենց Արամ Մանուկյանը կարդաց Անկախության հռչակագիրը։

Պատմական այդ փաստաթուղթն առաջինն ընթերցեց Հայոց համազգային շարժման պատգամավոր Արամ Մանուկյանը՝ իր անվան համար: Արամ Մանուկյանն անվանակիցն էր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի: Արամ Մանուկյանը հռչակագիրն ընթերցեց Գերագույն խորհրդի նիստում։

Հռչակագիրը կազմված է 12 կետից։ Այն, ի թիվս այլ կետերի, հիմնված էր 1989-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։ Հռչակագրում ասվում էր․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915-ին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Որո՞նք են անկախության խորհրդանիշերը և ինչպե՞ս ընտրվեցին։

Առաջին հանրապետությունից վերցվել են ոչ միայն ժողովրդավարական ավանդույթները, այլև պետական խորհրդանիշերը։ Հայաստանի եռագույնը ընդունվեց 1990-ի օգոստոսի 24-ին, օրհներգը՝ 1991-ի հուլիսի 1-ին, իսկ զինանշանը՝ 1992-ի ապրիլի 19-ին։ Պետական այս խորհրդանիշերը հետագայում հաստատվեցին 1995-ին ընդունված Սահմանադրությամբ։

Ե՞րբ ընդունվեց հայկական արժույթը։

Դրամը՝ ՀՀ արժույթը, շրջանառության մեջ դրվեց 1993-ի նոյեմբերի 22-ին: Այն թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին: Հայկական դրամի առաջին խմբաքանակը տպվեց Գերմանիայում։ Դրամ անունն ամրագրվել ու գործածության մեջ է մտել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկով։

Ովքե՞ր էին դեմ Հայաստանի անկախությանը։

Անկախությանը «ոչ» քվեարկեց իրավունք ունեցող քաղաքացիների 0,46 տոկոսը՝ 10 002 քաղաքացի։ Քաղաքական ուժերից անկախությանը դեմ էին կոմունիստները։ Նրանք նախքան հանրաքվեն հայտարարություններ արեցին՝ կոչ անելով «չչարաշահել անկախության գաղափարը» և «չխաղալ ժողովրդի ամենանուրբ զգացմունքների հետ»։

Հայ հեղափոխական դաշնակցության տեսակետը արտահայտվեց կուսակցության պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի էջերում։ Դրա գլխավոր խմբագիր Նազարեթ Բերբերյանի խմբագարկանում ասվում էր, որ «անկախության կողմ ըլլալով, անջատումին դեմ կըլլանք»։

Հայաստանը ե՞րբ անդամակցեց ՄԱԿ-ին:

1992-ի մարտի 2-ին Հայաստանն անդամակցեց ՄԱԿ-ին, եռագույնը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև։ Նույն տարվա դեկտեմբերին Երևանում բացվեց ՄԱԿ-ի գրասենյակը: Սա երրորդ միջազգային կառույցն էր, որին անդամակցում էր նորանկախ Հայաստանը։ Մինչ այդ՝ 1991-ի դեկտեմբերի 21-ին, ՀՀ-ն դարձել էր ԱՊՀ, իսկ 1992-ի հունվարի 30-ին՝ ԵԱՀԽ անդամ։

Ո՞ր երկրներն առաջինը ճանաչեցին ՀՀ անկախությունը։

Հայաստանի անկախությունն առաջինը ճանաչեց Լիտվան՝ 1991-ի օգոստոսի 4-ին։ Հաջորդիվ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին նախ Լիտվայի (1991, Հայաստանի անկախությունն առաջինը ճանաչեց Լիտվան՝ 1991-ի օգոստոսի 4-ին։ Հաջորդիվ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին նախ Լիտվայի (1991, նոյեմբերի 21), Ուկրաինայի (1991, դեկտեմբերի 12), Ռումինիայի (1991, դեկտեմբերի 25) և ԱՄՆ-ի (1992, հունվարի 7) հետ։ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Հունգարիան։

Արշալույս Բարսեղյան

Մեկնաբանել