Պապիկյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը

Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, անդրադարձ է կատարվել անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, ենթակառուցվածքների և ձեռներեցության զարգացման հարցերին:

«Քննարկել ենք նաև արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում: Վերջինս Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և ՀՀ կառավարության ծրագրի իրականացման համար կենսական է դրա բազմակողմանի զարգացումը: Այս համատեքստում անդրադարձ ենք կատարել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը՝ ինչպես ԱԷԿ-ի նորոգման և արդիակացանացման ներկայիս աշխատանքներին, այնպես էլ նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտությանն ու հեռանկարներին: Որպես հայ-ռուսական համատեղ գործակցության վերջին թարմ օրինակ՝ հիշատակել ենք Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության փաստը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պապիկյանը։

ՀՀ փոխվարչապետն ու ՌԴ դեսպանը անդրադարձ են կատարել նաև «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։

«Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ առանձնացրել եմ Ռուսաստանի հատուկ և արդյունավետ դերակատարությունը՝ թե՛ եռակողմ ձևաչափի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Քննարկել ենք նաև Գորիս-Կապան ճանապարահատվածում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով Ռուսաստանի կարևոր ու կառուցողական դերը լարվածության նվազեցման և ծագող խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից»,- գրել է փոխվարչապետը։

Մեկնաբանել