«Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 423 հա տարածք

«Արևիք» ազգային պարկում մոտ մեկ շաբաթ առաջ բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 423 հեկտար տարածք։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։

«Սկզբնական օջախը գտնվում է գրունտային ճանապարհից մոտ 5.5 կմ հեռավորության վրա և դժվարանցանելի է: Հրդեհը շատ ուժեղ տարածվում է, քանի որ այնտեղ աճում են գիհու նոսրանտառ, առկա են չորացած թփեր, կաղնու և թխկու չորացած ծառեր,սակավաջուր է, ինչպես նաև ուժեղ քամիներ»,- ասված է հաղորդագրությունում։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ փրկարարական ուժեր, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, զորամասի զինծառայողներ, Մեղրիի համայնքապետարանի աշխատակիցներ, կամավոր քաղաքացիներ։ Ռելիեֆի անանցանելիության պատճառով տեխնիկա և լրացուցիչ միջոցներ հնարավոր չէ ներգրավվել։

«Սեպտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Սեպտեմբերի 20-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ուղղաթիռ: Սեպտեմբերի 20-ի արբանյակային մոնիթորինգի ունեցած տվյալներով այրվել է մոտ 423հա տարածք: Այս պահին հրդեհի բռնկման տարածքում առկա են ծխացող օջախներ։ Հետագայում վնասի, տարածքի և աղբյուրի առաջացման վերաբերյալ ավելի մանրամասն կտեղեկացվի»,- տեղեկացնում է նախարարությունը։

«Արևիք» ազգային պարկում հրդեհ էր բռնկվել սեպտեմբերի 15-ին ժամը 13:34-ին, անմիջապես սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները: Այժմ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակազմը տեղում շուրջօրյա հերթապահություն է իրականացնում։

Մեկնաբանել