Կոնսերվատորիայում ուսումը թանկ է, դասախոսների աշխատավարձը` ցածր

«Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորն արձանագրեց. «Համեմատած ոչ միայն Հայաստանի, այլև` միջազգային բուհերի հետ` Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելը թանկ է` վարձավճարը բարձր է, սակայն դասախոսներն աշխատում են շատ փոքր աշխատավարձով: Դա մեր կամքը չէր, 1990-ականների արդյունքն էր. փակվեցին երաժշտական դպրոցներ, լուծարվեցին նվագախմբեր, գործազուրկ մնացած երաժիշտները պիտի կործանվեին, ընդունվեցին կոնսերվատորիա` ամեն մեկը մի փոքր մի բան անում է»,- ասաց նա:

Խնդիրն, ըստ նրա, նաև այն է, որ կոնսերվատորիայում շատ են անհատական պարապմունքները, ինչի արդյունքում կոնսերվատորիայում ուսանողների թվի համեմատ բավական մեծ է նաև դասախոսների թիվը` գրեթե տասն անգամ ավելի, քան` մյուս բուհերում:

Կոնսերվատորիա ընդունվելու համար բարեխոսելը, ըստ նրա, բացառված չէ, թեպետ ջանքեր են գործադրվում համակարգը փոփոխելու միջոցով այն բացառելու համար. «Բայց ի՞նչ պիտի անի մարդը, եթե երաժշտական ունակություններ չունի. ինչի՞ն է պետք կոնսերվատորիայում սովորելը»,- նշեց նա:

Բուհի որակը բարձրացնելու ուղղությամբ աշխատանքները, ըստ նրա, արդյունք տալիս են. «Ժամանակներ կային, որ հենց կոնսերվատորիան ավարտածները սկսեցին սպասարկել կենցաղային-ռեստորանային երաժշտությունը, սակայն հիմա մշակույթի նախարարության հետ միասին պայքար ենք տանում այդ երևույթի դեմ»,- նշեց ռեկտորը:

Մեկնաբանել