Պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ բացասական թեստ․ ինչ կանոններ են գործում

Հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, իսկ հակացուցումների դեպքում՝ տեղեկանք։ Ինչ կարգավորումներ են գործելու, ովքեր կարող են կորցնել աշխատանքը և ովքեր կարող են թեստ չնկերկայացնել՝ ՍիվիլՆեթի բացատրական հոդվածում։

1 Ի՞նչ է կատարվում

Առողջապահության նախարարի հրամանով հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, իսկ հակացուցումների դեպքում՝ տեղեկանք։ ՊՇՌ թեստը աշխատողն անում է իր հաշվին, իսկ հետազոտությունը պետք է արված լինի առավելագույնը 72 ժամվա ընթացքում։ Թեստ չի ներկայացնելու երեք խումբ՝

✅ ամբողջական կամ մեկ դեղաչափով պատվաստվածները

✅ փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները

✅ հղիները

2 Որո՞նք են պատվաստման բացարձակ հակացուցումները

COVID-19-ի դեմ պատվաստումների համար կան բացարձակ և ժամանակավոր հակացուցումներ։ Միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է։ Պատվաստման ժամանակավոր հակացուցումները, որոնց դեպքում, ըստ հրամանի, ՊՇՌ թեստ պետք է ներկայացնել, հետևյալն են՝ միջին և ծանր ընթացքով սուր հիվանդությունները և քրոնիկ հիվանդությունների սրացումը:

3 Ի՞նչ կլինի, եթե թեստի բացասական պատասխան չներկայացնեմ

Եթե աշխատում եք մասնավոր որոլորտում, ապա ձեզ գործատուն չի կարող աշխատանքից ազատել, սակայն եթե այս խախտումը հայտնաբերվի, ապա ձեր գործատուն կտուգանվի։ Այս հրամանին չհետևելու դեպքում աշխատանքից ազատելու կարգավորում կամ պահանջ նախատեսված չէ Աշխատանքային օրենսդրությամբ։ Ավելին, այս պահին չկա օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ։ Նման փոփոխություն, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի, չի իրականացվում, քանի որ այս խնդիրը դիտարկվում է ոչ թե աշխատող-գործատու իրավահարաբերությունների շրջանակում, այլ հանրային առողջության շրջանակում։

Աշխատանքային օրենսգիրքը թույլ է տալիս գործատուին միակողմանի լուծարել պայմանագիրը մի քանի հիմքով։ Օրինակ, անաշխատունակության հետևանքով աշխատանքի չներկայանալու համար սահմանված է 120 օր անընդմեջ կամ տարվա ընթացքում` 140 օր առավելագույն օրերի քանակը։

Իրավիճակն այլ կարող է լինել պետական ոլորտում աշխատողների դեպքում։

3 Եթե պետական ոլորտում եմ աշխատում, ինչ կարգավորումներ են գործում

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հանրային ծառայությունների մասին» օրենքում։ Եթե նախագիծը ընդունվի, ապա պետական ոլորտի գործատուն կկարողանա ձեզ հեռացնել աշխատանքից օրենքի պահանջները չկատարելու դեպքում։ Օրենքի պահանջը, ինչպես մասնավոր ոլորտի դեպքում, նույնն է․ գործատուին պետք է ներկայացնել հետևյալ երեք փաստաթղթերից մեկը՝

✅ ՊՇՌ հետազոտության թեստ

✅ պատվաստման սերտիֆիկատ

✅ հակացուցումների մասին տեղեկանք

Եթե այս երեք տարբերակից ոչ մեկը չներկայացնեք, ապա գործատուն կարող է արգելել ձեզ ներկայանալ աշխատանքի։ Իսկ եթե այս հիմքով աշխատանքի չներկայանաք 30 օր անընդմեջ կամ տարվա ընթացքում 50 օր, ապա գործատուն պարտավոր կլինի ձեզ աշխատանքից ազատել։

4 Ես ուսանող եմ, թեստավորվելու պահանջը ինձ վերաբերո՞ւմ է

Այս պահին ուսանողների վրա չի տարածվում 14 օրը մեկ պարտադիր թեստավորման պահանջը։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը պարզաբանում է, որ այս կարգավորումն իրականացվում են փուլային եղանակով։ Յուրաքանչյուր միջոցառում մշակվում է՝ գնահատելով համաճարակային իրավիճակը։ Այս պահին հիվանդությունը երիտասարդացել է․ 25-55 տարիքային խումբն է ամենաշատը հիվանդանում։ Հանրության աշխատող հատվածը հիմնականում տարիքային այս խմբում է, հետևաբար, օրենքը նրանց վրա է տարածվում։ Հաջորդիվ կդիտարկվեն այլ խմբեր՝ հիմնվելով հիվանդության սեռատարիքային բաշխվածության վերլուծության վրա։

5 Ո՞ր կառույցն է վերահսկելու պարտադիր թեստի պահանջը

Թեստավորման պահանջի վերահսկումն իրականացնելու է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ ստուգայցերի միջոցով։ Ստուգայցերը ինչպես նախկինում՝ շարունակվելու են կատարվել պատահական։ Առաջին հերթին տեսչական մարմնի ստուգայցերի ցուցակում հայտնվում են ռիսկային տնտեսվարողները և առավել մարդաշատ վայրերը։ Խախտումների դեպքում նախատեսված է տուգանք, իրավաբանական անձանց դեպքում՝ 40 000 – 120 000 դրամ։

6 Ի՞նչ արժե մեկ թեստը

Թեստերի գինը տարբեր է, հիմնականում՝ 15 000 դրամ։ Թեստավորման համար չեն կարող կիրառվել սոցիալական փաթեթները։ Թեստի պատասխանը տրվում է նույն կամ հաջորդ օրը։ Հայաստանում կորոնավիրուսի թեստ իրականացվում է մասնավոր լաբորատորիաներում, որոնք նաև առաջարկում են թեստավորման կորպորատիվ փաթեթներ։ Գնային քաղաքականությունը Առողջապահության նախարարության լիազորությունից դուրս է։ Գները որոշում են մասնավոր լաբորատորիաները՝ ելնելով ինքնարժեքից։

7 Եթե պատվաստվածները նույնպես կարող են վարակվել, ինչո՞ւ նրանք ևս թեստեր չեն հանձնելու

Պատվաստվածների մոտ վարակվելու վիրուսի վերարտադրողականության, այսինքն՝ այլ մարդկանց վարակելու ռիսկը շատ ցածր է, պարզաբանում է ՀՎԿԱԿ-ի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Հայաստանում հասանելի է երեք պատվաստանյութ։ Բրիտանաշվեդական AstraZeneca-ն, ռուսական Sputnik V-ն և չինական Sinopharm-ը։ Գերմանա-ամերիկյան Pfizer-ի գնման համար այս տարվա հուլիսին հատկացվել է գումար։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է՝ պատվաստվել դեռ չի նշանակում չվարակվել։ Սակայն պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը։

8 Նման սահմանափակումներ գործո՞ւմ են այլ երկրներում

Թեստերի կամ պատվաստված լինելու պահանջ միայն Հայաստանում չէ, որ գործում է։ Թե՛ Հայաստանից դուրս, թե՛ դեպի Հայաստան ճամփորդելու համար գործում են պատվաստման կամ թեստավորման կարգավորումներ։ Նման սահամանափկումներ գործում են նաև այլ երկրների տարածքում։ Օրինակ, Ֆրանսիայում ռեստորաններ, բարեր, առևտրի կենտրոններ, հիվանդանոցներ, գնացքներ, ինքնաթիռներ մուտք գործելու համար պարտադիր է ներկայացնել պատվաստման սերտիֆիկատ կամ վերջին 72 ժամում արված թեստի բացասական պատասխան։

Արշալույս Բարսեղյան