Արցախ. միջին խավին սպասելիս

Սույն հոդվածի առիթը օրերս հրապարակված տեղեկությունն էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր ու նախագահ Սամվել Կարապետյանի հանդիպման մասին։ Արցախի նախագահական հաղորդագրության համաձայն՝ «Տաշիր» ընկերությունների խումբն առաջիկայում ևս պատրաստվում է մեծածավալ ծրագրեր իրականացնել` ուղղված Արցախի վերազարթոնքին:

Դրական այս առիթը նաև որոշակի մտորումների տեղիք տվեց։ Ինչ խոսք, սփյուռքահայության ծրագրերն ու ներդրումները շատ կարևոր են Արցախի համար, ներկայում՝ առավել ևս։ Բայց կա մի խնդիր, առանց որի լուծման մնացած բոլոր խնդիրների լուծումներն էական դեր չեն խաղալու երկրի տնտեսական կյանքում։

Խոսքը փոքր ու միջին բիզնեսի զարգացման ու միջին խավի կայացման մասին է։ Ըստ դասական-դասագրքային բնորոշման՝ միջին խավը հավասարակշռող գործառույթ ունի հանրությունում։ Այն դիտարկվում է որպես հասարակության «ողնաշար», որը կատարում է կայունացման և ներդաշնակեցման գործառույթներ: Այս խավը միջանկյալ դիրք ունի՝ աղքատների և հարուստների, «վերևների» ու «ներքևների» միջև։ Զարգացած երկրներում միջին խավը սովորաբար կազմում է բնակչության 50-60 տոկոսը։ Միջին խավը նաև հանրային շահերի արդյունավետ կրողն է համարվում։

Մի կարևոր հանգամանք ևս։ Այս խավը սովորաբար բաղկացած է լինում «սեփական ձեռքով իր ճակատագիրը կերտած» մարդկանցից, որոնք հնարավորինս անկախ են, այդ թվում՝ քաղաքականապես անկախ։ Համենայն դեպս, ընտրությունների ժամանակ հնարավոր չէ նրանց քվեներն առնել 5 000 կամ անգամ 20 000 դրամով։ Ավելին՝ միջին խավը, որպես կանոն, նպաստում է քաղաքական դաշտի բազմազանությանը և սկզբունքորեն դեմ է լինում քաղաքական միաբևեռությանը։ Այն լիովին գիտակցում է սեփական շահերը և ի զորու է լինում այդ շահերին հետամուտ լինել։ Մի խոսքով, միաբևեռության ձգտող իշխանության համար միջին խավը գլխացավանք է։ Շատ ավելի հեշտ են «ներքևների» հետ շուկայական (բազարային) հարաբերությունները։

Փոքր ու միջին բիզնեսի աջակցությունը և միջին խավի կայացումը ռազմավարական խնդիր պետք է լինի։ Այն պիտի լինի հանրության ուշադրության կենտրոնում ու նրա վերահսկողության ներքո։ Մինչդեռ տարիներ ու տասնամյակներ շարունակ Արցախում յոթ կողպեքի տակ է պահվել այսօրինակ աջակցության մասին տեղեկատվությունը։ Արցախի ներդրումային հիմնադրամի և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործնեությունը հրապարակային դաշտից գրեթե դուրս է։

Սիվիլնեթը նորերս անդրադարձել է այդ խնդրին։ Սեպտեմբերի 20-ին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը «Արթուր Օսիպյանն ընդդեմ Արցախի ներդրումային հիմնադրամի» գործով վճռեց hայցը բավարարել մասնակի. տրամադրել հայցվող տեղեկատվությունը՝ բացառությամբ շաhառուների անհատական տվյալների և բանկերի միջոցով պատասխանողին հայտնի դարձած բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների: «Իմ իրավունքը» շարժման համահիմնադիր Արթուր Օսիպյանը Արցախի ներդրումային հիմնադրամից պահանջում է հաշվետվություն՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տրամադրված ֆինանսական աջակցության չափի վերաբերյալ: Հայցվող տեղեկությունը Հիմնադրամը չի տրամադրել Օսիպյանին: Հայցով ներդրումային հիմնադրամից պահանջվել է ներկայացնել այն շահառուների տվյալները, որոնք խոշոր աջակցություն են ստացել: Ավելի կոնկրետ՝ 50 միլիոն և ավելի աջակցություն։ Ներդրումային հիմնադրամը տեղեկություններ չի տրամադրել նշված չափի վարկային օպերացիաների քանակի և վարկավորման ընդհանուր գումարի վերաբերյալ՝ «բանկային գաղտնիք» հիմնավորմամբ:

Նույնն է իրավիճակը նաև Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պարագայում։ Գյուղհիմնադրամն էլ տեղեկության տրամադրումը մերժում է՝ վկայակոչելով անձնական տվյալների մասին օրենքը:

Հիմա, այս պայմաններում, երբ ոչինչ չի փոխվել, և արատավոր գործելաոճը շարունակվում է, ինչպե՞ս կարող են սփյուռքահայության ծրագրերը փոխել տնտեսական ընդհանուր մթնոլորտը։ Շատ ավելի հավանական է, որ հասարակության բևեռացումը շարունակվելու է, հարուստների և աղքատների, «վերևների» ու «ներքևների» միջև անդունդը խորանալու է։ Հատկապես, երբ չկա նրանց միջև կամուրջը՝ ի դեմս միջին խավի։

Աջակցության ծրագրերն էլ, ամենայն հավանականությամբ, դարձյալ հայտնվելու են…Դանայան տակառում։ Անտակ տակառում։

Մեկնաբանել