Եկամտահարկի վերադարձով բնակարան գնած անձինք դիմումները էլեկտրոնային են ներկայացնելու

Հիփոթեքով բնակարաններ ձեռք բերած և եկամտահարկի վերադարձի մեխանիզմից օգտվող քաղաքացիները հարկային մարմին իրենց դիմումներն այսուհետ հասցեագրելու են միայն էլեկտրոնային եղանակով։ Համապատասխան որոշման նախագծի հեղինակը Պետեկամուտների կոմիտեն է, այն ընդգրկված է սեպտեմբերի 24-ի կառավարության նիստի օրակարգում։

Եկամտահարկի վերադարձի մեխանիզմով բնակարան ձեռք բերած քաղաքացիները ներկայիս կարգավորմամբ եռամսյակը մեկ թղթային տարբերակով դիմում են հասցեագրում ՊԵԿ-ին՝ հաշվարկված տոկոսագումարները եկամտահարկի տեսքով հետ ստանալու համար։ Այժմ ՊԵԿ-ն առաջարկում է այս մեխանիզմը դարձնել էլեկտրոնային։

«Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձի համար հիպոտեկային վարկի վարկառու և (կամ) համավարկառու հանդի­սա­ցող անձանց կողմից եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Նախատեսվում է նաև հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասին տեղեկանքը բացառապես ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգավորումներ», – նշված է որոշման նախագծում։

Նոր կարգավորմամբ քաղաքացիների եկամտահարկի վերադարձը կկազմակերպվի երեք օրվա ընթացքում։ Այս նպատակի համար նախատեսվում է նաև ստեղծել հատուկ էլեկտրոնային հարթակ։

Մեկնաբանել