«Ադրբեջանը նոր իրողություն է ստեղծել տարածաշրջանում, պատրաստ է խաղաղության», պնդել է Ալիևը ՄԱԿ-ում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է, և Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ՝ սահմանազատման ու սահմանագծման, միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա»։

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի՝ Ալիևն իր ելույթում հույս է հայտնել, որ «Հարավային Կովկասում վերջապես կհաղթի երկար սպասված խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը»։

Խոսելով խաղաղության բանակցությունների մասին՝ նա կոչ է արել Երևանին «ընտրություն կատարել համագործակցության ու տարածքային հավակնությունների միջև»։

«Հակամարտությունն ավարտվել է, դրա համար Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ՝ սահմանազատման ու սահմանագծման, միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա։ Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը վերածել խաղաղության ու համագործակցության տարածաշրջանի։ Սակայն մենք դեռ չենք տեսնում Հայաստանից դրական արձագանք՝ ի պատասխան մեր առաջարկի»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ հավելելով, որ խաղաղության նպաստող նախագծերից կարող են լինել տրանսպորտային նախագծերը։

Այս համատեքստում Ալիևը հերթական անգամ խոսել է «Զանգեզուրի միջանցքի մասին, որը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ»։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Ադրբեջանը «նոր իրողություն» է ստեղծել Հարավային Կովկասում, և դա պետք է հաշվի առնի յուրաքանչյուրը։ Նա նաև ասել է, որ «լուծել է 30-ամյա հակամարտությունը ռազմաքաղաքական ճանապարհով՝ վերականգնելով ոչ միայն իր տարածքային ամբողջականությունը, այլև պատմական արդարությունը»։

Մեկնաբանել