Կառավարությունը հաստատում է Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման ներդրումային ծրագիրը

Կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստում նախատեսում է հավանություն տալ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրին։

Ըստ որոշման հիմնավորման՝ Հյուսիս-Հարավն այս պահին հիմնականում ընթանում է հյուսիսային ուղղությամբ, սակայն անհրաժեշտ է առաջնահերթությունը տալ հարավային ուղղությանը ու իրականացնել Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի կառուցումը. «Ծրագրի առաջնահերթությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինիս իրականացումը հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների անվտանգությունը»,- նշված է հիմնավորումներում։

2015-ին իտալական SPEA Engineering SpA և IRD Engineering Srl ընկերությունն իրականացրել է Սիսիան-Քաջարան ճանապարհի նախագծման աշխատանքները, ըստ որոնց նախատեսվում է կառուցել 60 կիլոմետրանոց ճանապարհ։ Դա ներառելու է նաև 4,7 կիլոմետր երկարությամբ կամուրջներ ու 12,5 կիլոմետր երկարությամբ թունելների կառուցում։ Շինարարության արժեքը գերազանցելու է 474 միլիարդ դրամը։ Առաջիկայում այս ճանապարհի կառուցման համար նախատեսված հատվածում ծրագրվում է իրականացնել հողամասերի օտարում։

Մեկնաբանել