Կորոնավիրուսի մահճակալային ֆոնդի 85 տոկոսը զբաղված է․ նախարար

Կորոնավիրուսի դեմ բուժում իրականացնող բուժհաստատություններում ծավալված մահճակալային ֆոնդի 85 տոկոսը զբաղված է, կառավարության նիստին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ աշնան հետ կապված այլ հիվանդություններով հիվանդացության աճ կա. «Լարվածությունը առողջապահական համակարգի վրա բավական մեծ է»։ Ըստ նախարարի՝ մինչ այս պահը Հայաստանում պատվաստվել են 385 503 քաղաքացի, իսկ վերջին օրերին պատվաստումների տեմպը կտրուկ բարձրացել է։ «Մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չունենք, պատվաստումները անվտանգ են։ Պիտի դեռ ավելացնենք օրական պատվաստվողների թիվն ու ստանանք հանրային իմունիտետի շեմ»,- նշեց նախարարը։

Հոկտեմբերի 1-ից աշխատողները, որոնք պատվաստված չեն, յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության հավաստագիր։ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այս կարգավորմամբ փորձելու են զսպել վարակի տարածումը։

Մեկնաբանել