Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների․ Արմեն Գրիգորյան

Խաղաղության հաստատման տրամաբանության շրջանակում պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա ասել է, որ այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական։

«Մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաև բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է»,- ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի։

Լրագրողի հարցին, թե հայկական կողմը Թուրքիայի առաջ քաշած ի՞նչ պայմաններ է միտված բավարերելու, որպեսզի Թուրքիայի հետ երկխոսությունը սկսի, Արմեն Գրիգորյանը պատասխանել է․ «Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, նույնիսկ մեզնից առաջ՝ նախորդ իշխանությունների օրոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև եթե նախապայմաններ են լինում, դժվար է լինում առաջ գնալ։ Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց դրանց։ Գոյություն ունեցող բոլոր հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»։

Մեկնաբանել