Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում հանդիպում է կայացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆերի՝ ԱՄՆ, և Իգոր Խովաևի՝ ՌԴ, հայտարարությունում: Հայտարարությունը թարգմանաբար՝ ստորև։

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համանախագահները նաև ընդունել են երկու արտգործնախարարներին համատեղ հանդիպման ժամանակ։ Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները և արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ։ Համանախագահները առաջարկել են կոնկրետ նպատակային միջոցառումներ իրավիճակի լարվածության թուլացման ուղղությամբ և հետագա հնարավոր քայլերը։ Համանախագահներն ընդգծել են իրենց շարունակական վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի կողմից իրականացվող անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների ողջ սպեկտրին:

Սեպտեմբերի 24-ին համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ, արտաքին գործերի նախարար Էնն Լինդեի հետ, որպեսզի նրանց տեղեկացնեն անցած տարվա իրենց ջանքերի մասին, ներառյալ՝ այդ գործընթացում վերջին իրադարձությունների:

Համանախագահները ողջունում են 2020թ. նոյեմբերից երկու արտգործնախարարների այս առաջին հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ խաղաղ գործընթացը վերսկսելու ուղղակի երկխոսության միջոցով, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման աջակցմանը: Համանախագահները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու աշխատանքը կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար՝ իրենց մանդատին»։

Մեկնաբանել