Ի՞նչ իրավիճակ ունենք 44-օրյա պատերազմից մեկ տարի անց

Դժվար թե Հայաստանում ու Արցախում ապրող որևէ գիտակից քաղաքացի չցանկանա խաղաղություն: Մեզանից յուրաքանչյուրի երազանքն է արթնանալ խաղաղ երկրում և ոչ երբեք վեր թռնել սահմանային լարվածության, էսկալացիայի կամ զոհերի վերաբերյալ «հերթական» լուրից: Նման մի լուր տարածվեց մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ փոխելով մեր պետության պատմության և նաև մեզանից յուրաքանչյուրի կյանքի հետագա ընթացքը: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսվեց լայնամասշտաբ պատերազմ, որը տևեց 44 օր: 44 օր… և յուրաքանչյուր օր թվում էր տարի ու միաժամանակ՝ ակնթարթ, յուրաքանչյուր օր մղձավանջ էր, կորուստ, ցավ, չապրված երիտասարդ կյանքեր՝ հանուն մեր հայրենիքում մեզանից յուրաքանչյուրի արժանապատիվ կյանքի ու, իհարկե, նաև հերոսական դրվագներ: Պատերազմի վերաբերյալ մենք ունենք պաշտոնական տեքստ՝ «2020 թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ և վարձկանների ներգրավմամբ, հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա»… Իրականում, Ադրբեջանը հարձակվեց Արցախում ապրող իմ ընկերների վրա, ինձ հարազատ լեռների վրա, որտեղ մարդիկ տարիներով կռացած ականազերծում էին անում, իմ ազատության վրա, որը ես զգում էի, երբ ուղղակի նստում էի Հունոտի կիրճի բարձունքին ու, ի վերջո, իմ ու ինձ պես շատերի անվտանգության, ինքնության և արժանապատվության վրա…

Բայց մի կողմ թողնենք զգացմունքն ու ապրումը և փորձենք հասկանալ, թե փաստացի ինչ իրավիճակ ունենք 44-օրյա պատերազմից մեկ տարի անց և նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո: Հայաստանում վերընտրված իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, շարունակ խոսում է այն մասին, որ ստացել է պողպատյա մանդատ՝ խաղաղության դարաշրջան բացելու համար: Իհարկե, բոլորս ենք երազում երկարաժամկետ ու արժանապատիվ խաղաղության մասին, սակայն իրատես լինենք՝ սա շատ հավակնոտ հայտարարություն է, եթե հաշվի առնենք, թե անվտանգային ինչ մարտահրավերներով տարածաշրջանում է գտնվում մեր պետությունը: Պաշտոնական Բաքուն և Անկարան՝ Արցախի դեմ պատերազմ ծավալած Ալիևի և Էրդողանի ղեկավարությամբ, ևս խոսում են խաղաղության մասին: Ավելին, մեր հակառակորդ հարևանները հստակ, անկեղծորեն և հրապարակային ներկայացնում են խաղաղության մասին իրենց ձևակերպումն ու մեր պետության առջև դրվող պահանջները․

  • Արցախի հնարավոր ապագա կարգավիճակի վերաբերյալ որևէ քննարկման բացառում։
  • «Խաղաղության պայմանագիր»՝ տարածքային ամբողջականության ճանաչման պահանջով, ինչն իրենց ընկալմամբ՝ ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Բնական է, որ եթե առաջնորդվենք խորհրդային քարտեզներով, ապա առաջ է գալիս նաև «անկլավների» հարց, իսկ դա ենթադրում է մեր միջպետական ճանապարհների վերահսկողությունը հանձնել Ադրբեջանին։
  • Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանն ու Թուրքիան կապող «սուվերեն միջանցքի» տրամադրում, որի հանդեպ Հայաստանը որևէ վերահսկողություն չի կարող ունենալ:

Սա, իհարկե, խաղաղություն չէ, սա հայկական պետականության ավարտի կամ աստիճանական մահվան մասին առաջարկ է, ինչը չի կարող ընդունելի լինել:

Մինչ Փաշինյանը նշում է Թուրքիայից եկող «դրական ազդակների» մասին, ակնհայտ է դառնում, թե ինչ նախապայմաններով է Թուրքիան պատրաստ երկխոսություն սկսել: ՀՀ վարչապետի կողմից արված երկխոսության առաջարկի մասին հայ հանրությունն իմացավ Էրդողանի միջոցով, երբ վերջինս «զարմանքով» նշեց, թե մի կողմից Հայաստանի ղեկավարությունը բացառում է «միջանցքի» մասին քննարկումը, մյուս կողմից՝ Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է անում: Դրանից հետո Էրդողանը հանդես եկավ մեկ այլ խնդրահարույց հայտարարությամբ՝ «5–ի» կամ «6-ի» ձևաչափի վերաբերյալ Երևանից եկող «դրական ազդակների» մասին: Դրան զուգահեռ օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց՝ «Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է կնքել խաղաղության պայմանագիր։ Կարծում եմ, որ օգտակար կլիներ բանակցություններ սկսել այդ ուղղությամբ…»: Այսպիսով, «դրական ազդակների» ներքո Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանները հստակ են:

Խաղաղության կառուցման, առավել ևս՝ խաղաղության դարաշրջան բացելու հարցում դժվար, փաստացի՝ անհնար է նաև գործընկեր գտնել՝ հանձին Ադրբեջանի և նրա ղեկավար Իլհամ Ալիևի: Վերջինս օգոստոսի 30-ին օկուպացված Շուշի իր հերթական այցի ժամանակ հայտարարեց. «Մենք եկանք այստեղ որպես հաղթական ժողովուրդ: Մենք չենք եկել բանակցությունների միջոցով՝ որպես զիջում Հայաստանի կողմից, այլ եկել ենք արյուն թափելով, նահատակներ տալով, ցույց տալով անձնազոհություն մարտի դաշտում, վերականգնելով տարածքային ամբողջականությունն ու մեր ազգային արժանապատվությունը»: Արցախում ձեռք բերած ռազմական հաջողությունից հետո Ալիևը արագորեն «յուրացնում» է այդ հաղթանակը՝ ստեղծելով անվտանգային նոր մարտահրավերներ Հայաստանի համար: Մայիսի 12-ին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցումից հետո մենք պարբերաբար ականատես ենք լինում Գեղարքունիքի, Երասխի և Սև լճի ուղղությամբ նոր սադրանքների, որի հետևանքով ունեցել ենք նաև զոհեր նոյեմբերի 9-ի հրադադարից հետո: Ի պատասխան ՀՀ վարչապետի «հայելային հետքաշման մասին» առաջարկի՝ Ադրբեջանի նախագահը հայտարարեց. «Մենք համարում ենք, որ մենք մեր տարածքում ենք: Դա Զանգեզուրի տարածքն է, մեր հնագույն հողն է… Մենք եկանք այդտեղ մայիսին և պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերը»:

Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը ոչ միայն տարածքային նոր հավակնություններ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ, սպառնում «խաղաղության պայմանագրով», այլև չի իրագործում անգամ նոյեմբերի 9-ի իր իսկ ստորագրած հրադադարի մասին հայտարարության 8–րդ կետը՝ «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման» վերաբերյալ: Մինչ օրս Բաքուն հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին, նրանց դեմ հարուցում է շինծու դատական գործեր, իսկ մեծ մասի վերաբերյալ հրաժարվում է տեղեկություն տրամադրել: Ալիևը չի գնում իրական խաղաղության կառուցման ճանապարհով, շարունակում է հակահայկական հռետորաբանությունն ու ատելության քարոզը, կառուցում «ռազմավարի պուրակ» և անգամ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում, որ ագրեսիան է հարցերի լուծման իր որդեգրած բանաձևը:

Այս բարդ իրավիճակում ինչպե՞ս է իշխանություն ստացած քաղաքական ուժը ձևակերպում խաղաղությունը պատերազմից մեկ տարի անց: Վարչապետի մամուլի խոսնակը հայտարարում է, որ չնայած առկա խնդիրներին՝ «Հայաստանի կառավարությունը հետևողականորեն առաջ է տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով և նոր հնարավորություններ ստեղծելով: Վարչապետ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք, և արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն»: Սակայն փաստը մնում է փաստ, որ միակողմանի խաղաղություն կառուցել հնարավոր չէ:

Հայաստանի նախկին ղեկավարներից յուրաքանչյուրը, բանակցային գործընթացում ներկայացնելով Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տարած պետություն, ուներ խաղաղության մասին իր պատկերացումները, որոնք տարբեր վերլուծությունների առիթ են դարձել: Այդուհանդերձ, կար որոշակիորեն ձևակերպված տեսլական:

1998 թ. հունվարի 23-ին դեռևս լրագրող Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հարց է ուղղում սպարապետ Վազգեն Սարգսյանի Արցախի հարցի վերաբերյալ: Այդ հարցին ի պատասխան Վազգեն Սարգսյանը նշում է. «Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան շատ խաղաղություն չի ուզում, որքան ես: Թե քաղաքական հայտարարություններ անողներն այս պատերազմում ի՞նչ ներդրում ունեն, ի՞նչ ջանքեր են ներդրել, քանի՞ ընկեր են կորցրել, քանի՞ հարազատ, դա իրենց գործն է, բայց պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին: Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի՝ ձեռք եմ բերել հպարտություն: Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա..»: Վերջերս Ադրբեջանի կողմից վերահսկվող Գորիս – Կապան ճանապարհի վրա արցախցի դպրոցականների հետ կապված միջադեպը ևս մեկ անգամ եկավ հիշեցնելու, որ կռիվը «այլոց» հետ մեկ գլխավոր նպատակի՝ մեր տան մեջ արժանապատիվ ապրելու համար էր:

Փաստացի, խաղաղության մասին խոսում ենք և՛ մենք, և՛ մեր հակառակորդները: Իրենք ունեն խաղաղության իրենց ձևակերպումը՝ հիմնված իրենց ռազմավարական նպատակների և շահերի վրա: Մենք մերը չունենք, թեև անկասկած ուզում ենք խաղաղ երկրում ապրել: Հստակ ձևակերպումները կարևոր են մեր հետագա քայլերը հասկանալու, հակառակորդների նպատակները ճիշտ գնահատելու և անվտանգային նոր մարտահրավերները չեզոքացնելու համար:

Մի անգամ «Զինվորի տուն» այցի ժամանակ վիրավոր զինծառայողներից մեկն ասաց, որ պետք է նմանատիպ նոր վերականգնողական կենտրոններ կառուցել, որպեսզի հաջորդ կռվին անպատրաստ չլինենք: Վստահ եմ՝ բոլորիցս շատ խաղաղություն ցանկացողը պատերազմ տեսած հենց այդ երիտասարդն էր..․

Տաթևիկ Հայրապետյանը Ադրբեջանի հարցերով փորձագետ է, պատմական գիտությունների թեկնածու: Եղել է ՀՀ Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր: Համահեղինակ է մեկ գրքի, հեղինակ՝ երկու մենագրության, 100-ից ավելի գիտական և վերլուծական հոդվածների։

Մեկնաբանել