Պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3 781 է, 253-ի գտնվելու վայրն անհայտ է

Լուսանկարը՝ Associated Press-ի

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3 781 է։ Պատերազմից մեկ տարի անց անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Այս մասին հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։

Մինչև օրս Ադրբեջանի կողմից Հայաստանին է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:

Քննչական կոմիտեից հայտնում են նաև, որ «շարունակվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»։

Մեկնաբանել