44-օրյա պատերազմի դասերը․ Էրիկ Հակոբյանի անդրադարձը

insights with eric hacopian

ՍիվիլՆեթի մեկնաբան Էրիկ Հակոբյանը իր հերթական հեղինակային հաղորդմանն անդրադառնում է 44-օրյա պատերազմի դասերին։

Խոսելով հերոսների մասին՝ անկեղծ ասած, բառերով հնարավոր չէ ըստ արժանվույն հարգանքի տուրք մատուցել նրանց ու մեզ համար նրանց կատարած զոհողությանը։ Ես կմեջբերեմ խոսքերը, որ հռոմեացիներն ասում էին իրենց հերոսների մասին՝ «Այս երկրի վրա ամեն մարդուն մահը հասնում է վաղ թե ուշ, և չկա ավելի լավ մահ, քան սարսափելի դժվարությունների հանդիպելը՝ հանուն հայրերի մոխրի և աստվածների տաճարների»:

Անցնենք անցած տարվա պատերազմի ավելի լայն, ավելի ճիշտ՝ պատմական, աշխարհաքաղաքական նշանակությանը, և ինչ է դա իսկապես նշանակում։ Խոսքս մեծամասամբ ուղղված է մեր ամերիկացի ու եվրոպացի ընկերներին։ Գիտեմ՝ չնայած մեզ ուղղված ձեր խոսքերին, ձեզնից շատերը այս պատերազմը դիտարկում են որպես անուղղելի «երկրորդ սորտի» մարդկանց խմբերի միջև պատերազմի հերթական գլուխ։ Իրականում դա բոլորովին այդպես չէր։

Անցած տարվա պատերազմը տարիներ անց այլ նշանակություն կստանա․ իրականում այն սարսափելի 20-ականների առաջին ակնկալվող արարն էր։ Անցած տարի երկու ժողովրդավար պետություններ՝ Հայաստանն ու Արցախը, հարձակման ենթարկվեցին Եվրոպայի ամենահին, չբարեփոխված ֆաշիստական պետության՝ Թուրքիայի, և Եվրոպայի ամենանոր ֆաշիստական երկրի՝ Բաքվի վարչակարգի կողմից։

Ասում են՝ պատմությունը չի կրկնվում, սակայն այն կրկնվում է։ 2020-ի Արցախը 1936-ի Իսպանական հանրապետությանն էր նման, որը ենթարկվեց մի քանի ֆաշիստական ուժերի հարձակման և ջախջախվեց եռամյա քաղաքացիական պատերազմի արդյունքում, ինչի հետևանքով իսպանական ժողովրդավարությունը ետ շպրտվեց երեսուն-քառասուն տարով։ Իսկ ժողովրդավար աշխարհը ձեռքերը ծալած հետևում էր, այդպիսով թույլ տալով ֆաշիստների ամենաթողությունը։

Շատերը կասեն՝ չափազանցնում եք, ինչպե՞ս են Թուրքիան կամ Ալիևի վարչակարգը ֆաշիստ։ Ես հակառակը կապացուցեմ։ Դիտարկենք օրինակները․

Առաջին, անցած տարվա պատերազմի, Էրդողանի, Ալիևի և նրանց համար աշխատող միջազգային ահաբեկիչների Արցախ ներխուժման նպատակը Արցախի հայ բնակչությանը էթնիկ զտումների ենթարկելն էր։ Սա ցեղասպանության դասական դրսևորում է։ Հենց դա էլ տեղի ունեցավ։ Այն տարածքներում, որտեղ հայերն ապրում են անհիշելի ժամանակներից, լինի Շուշին, թե Հադրութը, այժմ լիովին տեղահանվել և էթնիկ զտման են ենթարկվել, և սա տեղի է ունցել եվրոպական հողի վրա, աշխարհի առանցքային երկրների անտարբեր աչքի առաջ։

Երկրորդ, ֆաշիզմն իր բնույթով հակամշակութային, հակաքաղաքակրթական է, ուստի պատահական չէր, որ այս պատերազմի առաջին քայլերից մեկը Շուշիի Ղազանչեցոց տաճարի թիրախավորումն էր։ Ոչ թե մեկ, այլ երկու անգամ՝ հեռահար հրթիռային համակարգերի միջոցով։ Այդ տաճարը ռազմավարական կամ ռազմական որևէ նշանակություն չուներ, և այն թիրախավորելը պարզապես ֆաշիստական ձև էր՝ հայտարարելու, թե ովքեր են իրենք ու ինչ են իրենցից ներկայացնում։

Պատերազմի ավարտից ի վեր տեղի է ունեցել մշակութային ցեղասպանություն բոլոր այն տարածքներում, որոնք անցել են Ալիևի վերահսկողության տակ։ Գերեզմանների ավերում ու ասֆալտապատում, եկեղեցիների ու պատմական ժառանգության ոչնչացում այնպիսի ծավալների, որով կհպարտանար անգամ Իսլամական պետությունը։

Անցնենք Ալիևի կողմից Բաքվի մեջտեղում կառուցած ատելության նացիստական պուրակին։ Հայ ռազմագերիների ու ընդհանուր առմամբ հայի անմարդկային կերպարներն իսկ ու իսկ հիշեցնում են 1930-ականերին Գերմանիայում նացիստական վարչակարգի ամենավատ հակասեմական դրվագները։

Չորրորդ, պատերազմի ընթացքում ականատես եղանք գրեթե ծեսի մակարդակի հասցված սպանության, կտտանքների, գլխատումների՝ թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ ռազմագերիների դեպքում։ Նման գործողությունները երեսուն տարվա ատելության ու քաոզչության ուղղակի արդյունքն են։

Անցնենք Էրդողանին։ Անցած տարի պատերազմից հետո Բաքվում անցկացված «նյուրնբերգյան» շքերթին Էրդողանը հայտարարեց, որ Արցախում պատերազմող իր բանակը այնտեղ էր՝ ավարտելու այն մարդկանց գործը, որոնք սկսեցին 1915-ի Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպան ֆաշիզմի ավելի ակնառու օրինակ, քան սա, անհնար է գտնել։

Միջազգային քաղաքականության հարցում միամիտ չեմ, հասկանում եմ, որ այն նշանակում է՝ ով ում հետ ինչ է անում, ինչքան երկար և ինչ գնով։ Սակայն միշտ առկա է ճշմարտության ու արդարության մի կաթիլ, որը լույս է սփռում օրվա իրադարձության վրա՝ լինի դա քաղաքական, աշխարհաքաղաքական, թե տնտեսական իրադարձություն։ Հենց լույսի այդ կաթիլն է, որ որպես մարդկություն ապահովել է մեր առաջընթացը վերջին մի քանի հազարամյակներին։

Դանթեի խոսքով՝ «Գեհենի ամենամութ անկյունները պահված են նրանց համար, ովքեր պահպանում են չեզոքություն՝ բարոյական ճգնաժամի ժամանակ»։

Պատերազմի դասերի մասին

Անցնենք վերջին մասին՝ դասերին, որ պետք է ընդունենք ու քաղենք։ Այդ դասերը սերտելն ու ըստ դրանց գործելը միակ ձևն է՝ հարգանքի տուրքը մատուցելու մեր նահատակված հերոսներին։ Այս հատվածը կանվանեմ հինգ դասեր և մեկ ուխտ։

Դաս առաջին՝ անցած տարին սթրեսադիմացկունության թեստ էր Հայաստանի Հանրապետության, Արցախի և ընդհանուր առմամբ՝ հայ ազգի համար։ Եվ կարող ենք ասել, որ բոլորս հավաքական կերպով, լինի բանակը, պետությունը, Սփյուռքը, կրթական հաստատությունները, ձախողեցին այն։ Կարևոր է, որ այդ ձախողումների պատասխանատվությունը վերցնենք մեզ վրա, ամենակարևորը՝ անձնական պատասխանատվությունը։ Ի՞նչ է մեզնից յուրաքանչյուրը արել կամ չի արել անցած երեսուն տարիներին՝ կարգին պետություն կառուցելու համար։

Երկրորդ դասը՝ մի փնտրեք քավության նոխազների։ Աշխարհում ձախողվում կամ հաջողության են հասնում համակարգերը։ Գիտեմ, կան մարդիկ, որոնց կարող ենք մեղադրել՝ մարդիկ հին վարչակարգում, որոնք քսանհինգ տարի գողացան ու կողոպտեցին երկիրը՝ կարգին բանակ ու պետություն կառուցելու փոխարեն։ Մարդիկ ներկա կառավարությունում, վարչապետը՝ իր որոշումների կայացման կամ ավելի շուտ, պատերազմի ժամանակ հաջողության տանող որոշումների բացակայության համար։ Սակայն այդ ամենը էներգիայի ու ջանքերի կորուստ կլինի։ Մենք պետք է ստեղծենք համակարգեր, որոնք կաշխատեն ու արդյունավետ կլինեն՝ անկախ համակարգի ղեկավարից։

Երրորդ դասը՝ պետք է հասկանաք ու ընդունենք, որ աշխարհը անտեսեց մեզ անցած տարի, որովհետև մենք դրան արժանի էինք։ Որովհետև մենք երեսուն տարի չկարողացանք կառուցել նորմալ պետություն, տնտեսություն, բանակ։ Չպետք է բարկանանք նրանց վրա՝ մեզ օգնելու քայլերի պակասի համար, այլ իրականում պետք է շնորհակալ լինենք, որովհետև նրանք փաստացիորեն դրանով ցույց տվեցին մեր տեղն աշխարհում և այն, թե ինչ պետք է այսուհետ անենք։ Սա փաստ է։ Մեզնից բացի՝ ոչ ոքի հետաքրքիր չէ մեր ապրել կամ մեռնելը։ Դա մեր պատասխանատվությունն է։

Չորրորդ դասը՝ պետք է հարստանանք։ Տնտեսական զարգացումը առանցքային է մեր բոլոր նպատակներին հասնելու համար։ Առաջիկա հինգ-տասը տարվա ընթացքում տնտեսական զարգացման գործընթացում ով մեզ օգնի՝ բարեկամ է, ով չօգնի՝ թշնամի է։

Պետք է կենտրոնացնենք ուժերը՝ ջանասիրաբար աշխատելու ծառայությունների ոլորտի վրա՝ որպես հայրենասիրության նոր հայեցակարգի հիմք։ Հայերը միշտ պարծենում են քրիստոնյա առաջին ազգը լինելու հանգամանքով, չնայած շատ բան չգիտեն քրիստոնեության մասին։ Իսկ քրիստոնեական ամենամեծ առակներից է՝ «Ձեզնից ամենավեհը ծառա է»։ Պետք է հասկանանք, որ ամեն մեկը, որ աշխատատեղ է ստեղծում կամ պաշտպանական ընկերություն, լաբորատորիա է բացում կամ փախստականի պատսպարում, աշխատանքի վերցնում պատերազմի մասնակցի, հայրենասեր է։ Դա է հայրենասիրության բարձրագույն դրսևորումը։ Մեզ պետք է ավելի քիչ կենաց և ավելի շատ ջանասեր աշխատանք ու համեստություն։

Փակենք այս շաբաթվա հաղորդումը ուխտով. պետք է հիշել՝ յուրաքանչյուր ոք ինչ է արել անցած տարի։ Լավը, անտարբերը, վատը, նրանք, որ դեմ են մեզ կամ՝ կողմ։ Բոլորդ տոկոսներով կստանաք ձեր վճարը, երբ մենք ոտքի կանգենք։ Դա կանենք, երբ գա ժամանակը։ Աֆրիկյան ասացվածք կա՝ «Կացինը մոռանում է, ծառը՝ երբեք»։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել