Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում անցկացնելու պլաններ չկան։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն այս մասին ասել է այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ստամբուլում Թյուրքական խորհրդի արտգործնախարարների մակարդակով նիստին հաջորդած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, ես նման ծրագրեր չունեմ (Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման – խմբ․)։ Մենք ի սկզբանե ցանկանում էինք, որ տարածաշրջանն այժմ դառնա խաղաղության և կայունության գոտի։ Այդ ուղղությամբ Ադրբեջանը Հայաստանին համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել։ Դրական պատասխան (Հայաստանից – խմբ․) դեռ չի ստացվել»,- ասել է Չավուշօղլուն։

Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Անկարան մտադիր է Բաքվի հետ համակարգել «բոլոր քայլերը, որոնք այժմ ձեռնարկվում են և որոնք պետք է ձեռնարկվեն հետագայում»:

***

Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները վերջին շրջանում հրապարակայնորեն հայտարարում են հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին։ Օգոստոսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել էր, թե «Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանի խաղաղության համար առաջընթացի նոր հնարավորություններ են ստեղծվել, և այդ ուղղությամբ Հայաստանի դրական քայլերի պարագայում Թուրքիան համարժեք կարձագանքի»: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության օգոստոսի նիստում հայտարարել էր, որ «Թուրքիայի կողմից որոշակի դրական հրապարակային ազդակներ կան»: Փաշինյանն ասել էր, որ դրական ազդակներին Հայաստանը դրական ազդակներով կպատասխանի։

Մեկնաբանել