Ուռուտցիները շարունակում են պայքարել հանքի դեմ․ տապալվեց երրորդ լսումը

Սեպտեմբերի 24-ին երրորդ անգամ չկայացավ «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի հանրային լսումը։ Ընկերությունը համառում է Ուռուտի հանքային դաշտում լեռնահետախուզական աշխատանքներ իրականացնելու հարցում, ուռուտցիները դիմադրում են այդ աշխատանքների դեմ:

Ուռուտի հանքի մասին

Ուռուտը մտնում է Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի մեջ: Գտնվում է Ստեփանավանից 6-7 կմ հեռավորության վրա՝ Ուռուտ գետի ափին: Գյուղն ունի 1 400 գլուխ անասուն, 880 հա վարելահող, որից գյուղացիները մշակում են 200 հա-ն: Ուռուտցիները ցանկանում են զբաղվել գյուղատնտեսական խաղաղ աշխատանքով և արդեն տևական ժամանակ է դիմադրում են հանքի լեռնահետախուզական աշխատանքների «Ջին Հոլդինգ Լիմիթիդ»-ի հայտի դեմ: Ուռուտցիները մատնանշում են Արմանիսի բազմամետաղային հանքի շահագործման հետևանքով իրենց շրջակա միջավայրին պատճառած վնասի հետևանքները:

Հանքավայրը ընդգրկում է Ուռուտ, Սվերդլով, Մեդովկա, Սարչապետ գյուղերի տարածքները, սակայն «Ջին Հոլդինգ Լիմիթիդ»-ը հանրային լսումների հայտ է ներկայցրել Ուռուտի վարչական տեղամասի՝ գյուղից 20 կմ հեռավորության վրա գտնվող «Քոռ յալ» կոչվող հանդամասի տարածքի լեռնահետախուզական աշխատանքերի համար:

Ուռուտի հանքային տեղամասի երկրաբանահետախուզական աշխատանքերի համար 2021-ին հայտ ներկայացրած երկու ընկերություններից «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն կառավարության պետական ռեգիստրում գրանցվել է 2021-ի փետրվարի 8-ին, «Նեյչրլ ռիսուրսիզ»-ը` 2021-ի փետրվարի 10-ին: «Նեյչրլ ռիսուրսիզ»-ը ավելի վաղ է հանքի 2021-2024թ.-ի լեռնահետախուզական աշխատանքների հանրային լսումների հայտ ներկայացրել և 2021-ի ապրիլի 14 –ին Ուռուտի վարչական ղեկավարի նստավայրում անց է կացրել հանրային լսումներ, որոնք նախագահել է վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանը: Վերջինս հայտարարել է, թե հանքը պետք է շահագործվի փակ եղանակով:

Ըստ 2021-ի ապրիլի 14-ի արձանագրության՝ ուռուտցիները համաձայնություն են տվել «Նեյչրլ ռիսուրսիզ» ՍՊԸ-ին հանքի հետազոտման աշխատանքներ սկսելու համար: Մեկ ամիս հետո՝ 2021թ. մայիսի 15-ին, Ուռուտի հանքի լեռնահետախուզական աշխատանքերի հետազոտման հանրային լսումների հայտ է ներկայացրել «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն, սակայն լսումները երրորդ անգամ չեն կայանում ՝ գյուղացիների դեմ լինելու պատճառով:

Սեպտեմբերի 24-ին լսումները երրորդ անգամ չկայացան

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12-ին, վարչական ղեկավարի նստավայի մոտ հավաքված մոտ 300 ուռուտցիներ պահանջում էին «Ջին Հոլդինգ Լիմիթիդ»-ի ներկայացուցիչներից հեռանալ գյուղից։ Գյուղացիներին աջակցում էին Երևանից ժամանած բնապահպանները:

«Ես երեխա եմ ունեցել, որ ապրի, չեմ բերել, որ իր գյուղում թունավորեն: Ի՞նչ եք ուզում մեր գյուղից: Ուզում են իրենք հարստանան, ժողովուրդն էլ օրը մի անգամ դեղ խմի»,- ասում էր Աննա Անդրեասյանը: Անհատ ձեռներեց Անահիտ Մանուկյանը Ուռուտում զբաղվում է պանրի արտադրությամբ: Նա հանքի հետազոտման դեմ անզիջում պայքար է մղում:

Սեպտեմբերի 24-ին «Ջին Հոլդինգ Լիմիթիդ»-ի ներկայացուցիչ Անուշավան Ուլուխանյանը փորձեց հավաքվածների մեջ համախոհների ցուցակ կազմել: Դա հանդիպեց հավաքվածների կոշտ դիմադրությանը: ՍիվիլՆեթի հետ զրույցում նա հայտնեց, որ «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի բաժնետեր է նաև ինքը:

Օրվա վերջում գյուղացիներին աջակցելու համար Ուռուտ ժամանած բնապահպանները Լոռի Բերդի համայնքապետարանում հանդիպեցին համայնքապետ Արայիկ Ներսիսյանին: Վերջինիս կարծիքով՝ հանրային երրորդ լսման չկայացած լինելու մասին արձանագրության հետ պետք է ներկայացնել լսումներին դեմ գյուղացիների ցանկը, ինչին առարկեցին բնապահպանները: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բնապահպանների ու լրագրողների հեռանալուց հետո «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Անուշավան Ոլուխանյանը Ուռուտում ստորագրություններ է հավաքել՝ հանքավայրի լեռնահետախուզական աշխատանքների հանրային նոր լսումների համար:

Ուռուտի շրջակա միջավայրում քրոմի սահմանային պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Ալավերդու «Համայնքերի համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը ուռուտցիներին ներկայացրեց Չեխիայի «Արնիկա» կազմակերպության՝ ամիսներ առաջ Արմանիսում և Ուրասարում վերցրած փորձանմուշների հետազուտությունների արդյունքները: Արմանիս և Ուրասար բնակավայրերի շրջակա միջավայրում քրոմի սահմանային պարունակությունը գերազանցել է ավելի քան 10 անգամ` միջինը կազմելով 69,2 միկրոգրամ/կգ: Դուլգարյանը նշեց, որ թույլատրելի սահմանները գերազանցում են նաև արսենի, կադմիումի, մոլիբդենի և այլ ծանր մետաղների պարունակությունը:

Դեռ 2019թ. Չեխիայի շրջակա միջավայրի փորձագետ, բժիշկ Միրոսլավ Շուտան ալավերդցիներին բացատրում էր, որ կադմիումը ախտահանում է մարդու իմունային համակարգը, շագանակագեղձը և ոսկորները, ազդում է նաև արյան ճնշման վրա, իսկ քրոմի որոշ միացություններ քաղցկեղածին են:

Լարիսա Փարեմուզյան

Մեկնաբանել