«Պատերազմը ցույց տվեց՝ ինչ է կատարվում, երբ մեր համբերությունը սպառվում է». Ալիևը՝ միջանցքի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հերթական անգամ սպառնացել է Հայաստանին։ Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Ալիևը նշել է, որ եթե Հայաստանը չհամաձայնի Սյունիքով դեպի Նախիջևան հաղորդակցության բացմանը, Ադրբեջանի «համբերությունը կարող է սպառվել»։

«Հայաստանն իր համաձայնությունը չի տալիս, բանակցություններն անարդյունք են։ Մենք դեռ համբերություն ենք ցուցաբերում, բայց մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե ինչ է կատարվում, երբ մեր համբերությունը սպառվում է։ Այդ պատճառով մենք Հայաստանին հնարավորություն ենք տալիս կատարել նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր պայմանները և գործել պատասխանատու»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Հարցազրույցում Իլհամ Ալիևը անդրադարձել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությանը։ Ադրբեջանի ղեկավարը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում խաղաղապահների աշխատանքը, սակայն նշում է, որ Ադրբեջանի մոտ որոշ «հարցեր կան»։

«Իհարկե, կան հարցեր, որոնք մեզ չեն գոհացնում, որոնց վերաբերյալ մենք պահանջներ ունենք։ Առաջին հերթին, դա կապված է մեր հողեր օտարերկրյա քաղաքացիների անօրինական այցերի հետ։ Մենք բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը։ Ոչ մի օտարերկրյա քաղաքացի կամ տրանսպորտային միջոց չի կարող մուտք գործել այդ շրջաններ առանց մեր թույլտվության։ Այն պետք է ստանալ մեզնից, սակայն կարող եմ հստակ ասել, որ այդ հարցը հարյուր տոկոսով լուծված չէ։ Միևնույն ժամանակ, պետք է նշեմ նաև այն, որ օտարերկրյա քաղաքացիների անօրինական մուտքը Ղարաբաղ չափազանց հազվադեպ է արձանագրվում»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին՝ Ալիև նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է», Ադրբեջանը «լուծել է այդ հարցը»։

«Այսօր, չնայած պատերազմի ավարտից մեկ տարի է անցել, նրանցից (ԵԱՀԿ Մինսկի խմբից – խմբ․) ոչ մի առաջարկ չկա։ Նրանք մեկ անգամ են եկել Ադրբեջան, և ես նրանց ասել եմ, որ առաջարկներով հանդես գան։ Նման իրավիճակում պետք է նոր հարցեր ձևավորվեն Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, ի՞նչ կարելի է անել այս փուլում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Մեկնաբանել