«Ղարաբաղ Տելեկոմ»-ի սեփականատերը փոխվել է, նոր գնորդը հայտնի է

Արցախում կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ում առքուվաճառքի գործարք ու բաժնետիրոջ փոփոխություն է սպասվում։ Այդ մասին հայտնում են ՍիվիլՆեթի աղբյուրները։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել է նաև ընկերության գլխավոր տնօրեն Մխիթար Միրզոյանը։

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը Արցախում կապի միակ օպերատորն է և իր գործունեությունն այնտեղ մեկնարկել է 2002-ին, իսկ դրանից մեկ տարի առաջ 30 տարով ստացել էր հեռահաղորդակցության լիցենզիա ու կնքել էր պայմանագիր Արցախի կառավարության հետ։ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հիմնադիրն ու բաժնետերը Լիբանանի քաղաքացի, խոշոր գործարար Պիեռ Ֆատուշն է։ Նա իր եղբոր՝ Մուսա Ֆատուշի հետ նաև «Վիվասել-ՄՏՍ» ընկերության բաժնետեր էր, սակայն 2020-ի հունվարին հայտնի դարձավ, որ այս ընկերությունում ունեցած 20 տոկոսը նրանք վաճառել են ռուսական ՄՏՍ ընկերությանը։

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը Արցախում կապի միակ օպերատորն էր։ 2018-ի հունիսին՝ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո, Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում էր ունեցել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սեփականատիրոջ հետ, և Ֆատուշը ցանկություն էր հայտնել վաճառել ընկերությունը։ Հարությունյանն իր հերթին առաջարկել էր Հայաստանում գործող կապի օպերատորներին գործունեություն սկսել Արցախում։

2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 2-ին, Արայիկ Հարությունյանը հայտարարեց կապի օպերատորի կառավարումը դարձնել պետական, ընկերության կառավարումը դրվեց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության վրա։ Շուրջ մեկ տարի անց էլ ընկերության կառավարումը շարունակում է մնալ պետական։ Սեպտեմբերին ՍիվիլՆեթը անդրադարձել էր թեմային ու մասնավորապես բաժնետերերի հնարավոր փոփոխության հարցին։ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, անդրադառնալով «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժնետերերի թեմային, տեղեկացրել էր, որ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս տնօրինությունը վարվող ռեեստրին ծանոթ չէ, ապա նրանք ի վիճակի չեն տեղեկատվություն տրամադրել այսօրվա սեփականատերերի մասին»։ Մինչ պետական կառավարման անցնելը, «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռահաղորդակցության ղեկավարումը դրված է եղել MDIC մասնագիտացած ընկերության վրա։ Ընկերությունից ՍիվիլՆեթի հարցերին չեն պատասխանել։

Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 6-ին «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գլխավոր տնօրեն է դարձել Մխիթար Միրզոյանը, որը, ինչպես ինքն է ասում, պետության ներկայացուցիչն է այս պաշտոնում։ Մինչև 2020-ի հոկտեմբերի 2-ը «Ղարաբաղ Տելեկոմ»-ի տնօրենը Կարեկին Օդաբաշյանն էր։ ՍիվիլՆեթը Մխիթար Միրզոյանին մի քանի հարց է ուղղել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ներկա կարգավիճակի ու բաժնետերերի փոփոխության մասին.

– Պարոն Միրզոյան, ի՞նչ կարգավիճակ ունի «Ղարաբաղ Տտելեկոմ»-ը ներկայում։ Պետությունը շարունակո՞ւմ է ընկերության կառավարումն իրականացնել։

– Ես չեմ կարող կոնկրետ ասել, ճիշտն ասած հիմա անցումային փուլում ենք։ Ավելի ուշ կարող եմ ասել։

– Անցումային ասելով ի՞նչ նկատի ունեք։

– Հիմա առքուվաճառք է կատարվում, պիտի վերջացվի այդ փուլը։

– Իսկ ո՞վ է գնորդը։

– Ես տեղյակ չեմ, ինձ տեղյակ չեն պահել, դեռ չգիտեմ։ Մեկ-երկու շաբաթից կարող եք հարցնել։

– Այսինքն հիմա ընկերության առքուվաճառքի փու՞լն է։

– Պիտի որ, պիտի որ վերջնական փուլը լիներ։

– Ըստ ռեգիստրի՝ դուք սեպտեմբերին եք նշանակվել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի տնօրեն։ Ձեր նշանակումը կապ ունի՞ այս առքուվաճառքի գործարքի հետ։

– Ես չգիտեմ, նոր սեփականատերը նոր տնօրեն կարող է բերել։ Չգիտեմ՝ ինչ է լինելու, իմ ապագան էլ չգիտեմ՝ մնալու եմ, թե այլ մարդու են բերելու։

– Իսկ ո՞վ է նոր սեփականատերը։

– Չգիտեմ։

– Եսայան եղբայրներին պատկանող «Թիմ տելեկոմ» ընկերությու՞նն է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գնորդը։

– Չէ, որքան գիտեմ՝ չէ։ Մեկ-երկու շաբաթից զանգեք, պարզ կլինի։

– Ինչո՞ւ է Պիեռ Ֆատուշը վաճառել ընկերությունը։

– Այդ հարցի հասցեատերը Ֆատուշ ընտանիքն է։ Եթե պետք է, կապվեք սեփականատերերի հետ, հարցրեք։ Սեփականատերը եղել է Ֆատուշի ընտանիքը, իսկ նորը չգիտեմ։ Ես նշանակված եմ կառավարության կողմից, ժամանակավոր նշանակվել եմ, ինչ կարողացել եմ, այս ընթացքում արել եմ։ Ես աշխատում եմ, որ նորմալ ծառայություն մատուցենք, ու հիմնարկը աշխատի։

– Իսկ պատերազմի հետևանքով ընկերության կրած վնասի ծավալը որքա՞ն է կազմում։

– Չեմ կարող ասել։

․․․

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորանը ՍիվիլՆեթին ասաց՝ ստացել են «Ղարաբաղ տելեկոմ»-ի առքուվաճառքի հայտը, և առանց հանձնաժողովի համաձայնության այդ գործարքը չէր կարող կայանալ. «Մենք ուսումնասիրել ենք, համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելով ու տվել ենք մեր համաձայնությունը»,- ասաց Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ գնորդը «Արցախտել» ՓԲԸ-ն է։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի ընկերությունը գրանցված է Երևանում, հիմնվել է հուլիսի 6-ին՝ 100 հազար դրամ կանոնադրական կապիտալով։ Ընկերության տնօրենն ու բաժնետերը Արսեն Խաչատրյանն է՝ գրանցված Երևանի Սայաթ-Նովա 40 հասցեում։ Վերջինս նաև 2012-ին հիմնված «Էյչնեթ» ՍՊԸ-ի 50 տոկոսի բաժնետերն է։ Այս ընկերությունը հանդես է գալիս Fastnet ապրանքային նշանով, տեղեկատվական ու հաղորդակցության ծառայություն մատուցող ընկերություն է։ Գործարքի մասին այլ մանրամասներ Գևորգ Գրիգորյանը չհայտնեց։

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետ կապված Արցախի գլխավոր դատախազությունում վերջերս հարուցվել էր քրեական գործ՝ պատերազմի ընթացքում ընկերության սերվերների պահուստային պատճենների ոչնչացման հետ կապված։ Այս գործողությունների հետևանքով կապի մատուցման ծառայությունը Արցախում խափանվել էր։

Մկրտիչ Կարապետյան