Ռուսաստանի ռազմավարական նպատակները Ղարաբաղում․ Ռուսլան Պուխովի անդրադարձը

Ռուսական «Սպառազինությունների արտահանում» ամսագրի հրատարակիչ, Մոսկվայի Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն, ՌԴ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամ Ռուսլան Պուխովը «Կոմերսանտ» թերթում հոդված է հրապարակել, որը վերաբերում է վերջերս հրապարակված «Փոթորիկ Կովկասում» (Буря на Кавказе) գրքին։ Գիրքը Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ տարբեր հեղինակների հոդվածների հավաքածու է։ Ռուսլան Պուխովի հոդվածից հատվածներ ներկայացված են ստորև։

[…]

Հաշվի առնելով, թե որքան արագ և ուժգին վերսկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը 26 տարվա սառեցումից հետո՝ Լեռնային Ղարաբաղի ներկայիս վիճակը չի կարելի կայուն համարել։ Ու քանի որ այդպես է, պետք է ոչ միայն սերտել վերջին պատերազմի դասերը, այլև հետևել նրա հաղորդած դինամիկային։

Նախ և առաջ պետք է ելնենք նրանից, որ զինված հակամարտության արդյունքները, ցնցելով պարտվողներին և խորը վերք հասցնելով նրանց, լիովին չբավարարեցին նաև հաղթողներին։ Եթե տեսանելի հեռանկարում հայկական ռևանշի համար հնարավորություններ չեն երևում, ապա Ադրբեջանը ձգտելու է հասնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի նկատմամբ վերահսկողության լիակատար և վերջնական վերականգնմանը։ Բարդ իրավիճակում է հայտնվել նաև Ռուսաստանը։ Միջազգային որոշ վերլուծաբաններ շտապեցին հրադադարի և Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայման մասին համաձայնագիրը անվանել Մոսկվայի հաղթանակ, որի զորքերն այժմ տեղակայվելու են բոլոր երեք պետությունների՝ Հայաստանի (Գյումրիի ռազմաբազա), Ադրբեջանի (խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում) և Վրաստանի (զորախմբեր, որոնք տեղակայված են Աբխազիայում ու Հարավային Օսիայում) միջազգայնորեն ճանաչված տարածքներում:

Նման հայացքը ոչ միայն մակերեսային է, այլև, ըստ էության, սխալ։ Մի կողմ թողնելով Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական ռազմաբազաների հետ կապված իրավիճակը՝ պետք է նշել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ներկայության պայմանականությունը։ Այստեղ ռուս խաղաղապահների հնգամյա մանդատը, այսինքն ՝ փաստացի ժամանակավոր կարգավիճակը դեռ Ղարաբաղի հայերի ձեռքում գտնվող տարածքում՝ որպես Ռուսաստանի պրոտեկտորատ, թույլ է տալիս դրա երկարաձգումը, բայց նման երկարաձգումը, եթե դա տեղի ունենա, հեշտ չի լինի, առավել ևս՝ ինքնաբերաբար։ Իր դաշնակից Անկարայի հետ Բաքուն արդեն փորձում է ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ հօգուտ տարածաշրջանի լիակատար վերադարձի ադրբեջանական վերահսկողությանը։

Այսպիսով, տարածաշրջանում ներկայիս ստատուս քվոն ի սկզբանե անկայուն է։ Նախկին ռուսական դրույքը դաշնակից Հայաստանի և գործընկեր Ադրբեջանի միջև հավասարակշռության երկարաժամկետ պահպանման վրա՝ Մոսկվայի ետևում հակամարտության գոտում իրավիճակը վերահսկող արբիտրի դերի պահպանմամբ, իրատեսական չէ: 1994-ին Մոսկվայի միջնորդությամբ հաստատված զինադադարը պահպանվում էր քառորդ դարից ավելի, սակայն ի վերջո այն չկանխեց նոր պատերազմը։ Լեռնային Ղարաբաղի բեկորների վրա նման մի բան կրկին կառուցելն անիմաստ է։

Առայժմ Ռուսաստանի ղեկավարությունը համեմատաբար հաջող է մանևրում մարտավարական մակարդակով։ Մոսկվան, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հավասարակշռություն պահելով հակառակորդների միջև, Հայաստանին պահպանել է դաշնակցի կարգավիճակում, իսկ Ադրբեջանին՝ գործընկերոջ, ճանաչել է Կովկասում թուրքական ներկայության իրականությունը, մասամբ պահպանել է դեմքը որպես Երևանի և Բաքվի միջև միակ միջնորդ, ցույց է տվել Հայաստանի ցանկացած ղեկավարության հետ աշխատելու պատրաստակամությունը, որը լոյալ կլինի Ռուսաստանի շահերին: Ընդ որում, Ռուսաստանը հմտորեն խուսափում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումից։ Բոլոր այդ մանևրումները լավն են, բայց նրանք արդեն իրենց սպառել են բռնկված պատերազմի ընթացքում կամ էլ արդիական են միայն ժամանակ շահելու տեսանկյունից։ Այս վերջին մասում պետք է հոգ տանել, որ հանկարծ ժամանակը չկորսվի։

[…]

Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների բազմամյա ջանքերը հանգեցնում են միանշանակ եզրակացության՝ Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը նախկինի պես չի կարող ձեռք բերվել բացառապես դիվանագիտական ճանապարհով՝ միջկառավարական մակարդակով։ Խաղաղ ճանապարհը պահանջում է էլիտաների լայն խմբերի և, ընդհանուր առմամբ, երկու երկրների հասարակությունների իրական շարժ դեպի հաշտեցում, ինչը տեսանելի ապագայում գրեթե անհավանական է։ Հարցի լուծման ռազմական ճանապարհ գոյություն ունի, բայց այն ենթադրում է ուղղակի բախում ռուս խաղաղապահների հետ։ Սա լուրջ խոչընդոտ է, բայց դժվար թե այն բացարձակապես անհաղթահարելի համարվի այն կողմի համար, որը արտաքին ռազմական աջակցությամբ փորձի հարցը լուծել իր օգտին։ Ռուսաստանի համար խաղադրույքները, այսպիսով, այժմ էապես աճել են Ղարաբաղում առաջին և երկրորդ պատերազմների համեմատ։ Ռուսական զորքերն արդեն կանգնած են ադրբեջանցիների և հայերի միջև։ Մոսկվային այս պայմաններում հեռանալ չի հաջողվի, իսկ դրսից ճնշման տակ խաղից դուրս գալը նրա համար հղի է հեղինակության հսկայական կորուստներով։

Հայ-ադրբեջանական ուղղությամբ Ռուսաստանի ռազմավարական նպատակը առաջիկա հինգ տարիների ընթացքում կարող է այդ մասով դառնալ ոչ թե Ղարաբաղում տևական խաղաղության հասնելը՝ փոխընդունելի խաղաղ պայմանագրի հիման վրա, ինչը հազիվ թե իրականանա, այլ տարածաշրջանում երրորդ պատերազմի կանխումը։ Նման պատերազմը Ռուսաստանի համար շատ ավելի անբարենպաստ հետևանքներ կունենա, քան 2020-ի հակամարտությունը։ Այդ նպատակին հասնելը հնարավոր է հակամարտության կողմերի միջև տնտեսական փոխգործակցության վերականգնման ուղղությամբ արդեն նախանշված գծի համադրմամբ և Հյուսիս-հարավ առանցքի լոգիստիկ կապերի զարգացմամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի ու Իրանի նկատմամբ ակտիվ քաղաքականությամբ։ Նպատակը կարող է լինել ոչ միայն այդ խաղացողների ներգրավումը Հարավային Կովկասում կոմունիկացիաների վերականգնման աշխատանքներին, այլև գլխավորապես Ռուսաստանի վրա նրանց կողմից ճնշում թույլ չտալը։

Նման մոտեցման շրջանակում անհրաժեշտ է վերաիմաստավորել և վերագործարկել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Ռուսաստանի քաղաքականության նպատակն այստեղ կարող է լինել Հայաստանի հետ դաշնակցային և գործընկերային հարաբերությունների պահպանումը, բայց կողմերի շահերի պրագմատիկ հիմքի վրա։ Մոսկվան արդեն ցույց է տվել, որ ինքը չի պատրաստվում միջամտել Երևանի ներքին գործերին, այդ սկզբունքին պետք է շարունակել հետևել։ Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական կողմնորոշումը հենց հայերի գործն է, բայց Մոսկվային անհրաժեշտ է հստակ հասկացնել տալ Երևանին, որ այդ ուղղությամբ ցանկացած որոշում կոնկրետ հետևանքներ կունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պետք է շահավետ լինի երկու կողմերին, իսկ անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերների պարտականությունները պետք է ոչ միայն հստակ ձևակերպել, այլև պարզ ու հրապարակային խոսել դրանց մասին։

Ադրբեջանի հետ հարաբերությունները, որի կապերը Թուրքիայի հետ սկզբունքորեն ավելի սերտ բնույթ են ստանում, նույնպես պահանջում են վերագնահատում և ճշգրտումներ։ Մոսկվայի նպատակը կարող է լինել Բաքվի հետ բարեկամական գործընկերային հարաբերությունների պահպանումը, տնտեսական, մշակութային և գիտական կապերի պահպանումը, Ադրբեջանը Թուրքիայի արբանյակի վերածելու բացառումը։ Նպատակահարմար է, սակայն, առարկայորեն հասկացնել Բաքվին, թե որքան արժեքավոր են նրա համար Մոսկվայի հետ բարիդրացիական հարաբերությունները։ Ներկա պայմաններում Բաքվի արտաքին քաղաքականության բազմավեկտորությունը, Մոսկվայի և Անկարայի միջև նրա հավասարակշռությունն առավելագույնն է, որը հնարավոր է։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի ռազմավարությունը պարտավոր է հաշվի առնել ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի տարածաշրջանային հավակնոտ տերության քաղաքական և ռազմական ներկայությունը Անդրկովկասում, որն առանցքային դեր է խաղացել Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական հաջող գործողության նախապատրաստման և անցկացման գործում։ Մոսկվան արդեն ճանաչել է այդ ներկայությունը՝ ընդունելով թուրք զինվորականների մասնակցությունը Աղդամի համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքում։ Միևնույն ժամանակ, Կովկասում Թուրքիայի հետագա ռազմաքաղաքական էքսպանսիան բացասական հետևանքներ կունենա Ռուսաստանի անվտանգության համար։ Այն պետք է կանգնեցնել՝ մատնանշելով, եթե կարիք լինի, այլ տարածաշրջաններում Թուրքիայի դիրքերի խոցելիությունը։

Ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք ներառում են ինչպես մրցակցության, այնպես էլ համագործակցության տարրեր, ավելի մրցունակ են դառնում Անկարայի ազդեցության և հավակնությունների ընդլայնման առումով ոչ միայն Օսմանյան կայսրության կազմում ընդգրկված երկրներում, այլ նաև թյուրքալեզու Թուրքմենստանում և Միջին Ասիայում, ինչպես նաև ռուսական Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, Աբխազիայում և այլ տարածաշրջաններում: Ղարաբաղյան հակամարտությանը թուրքական հաջող միջամտությունը զգալիորեն ընդլայնել է այդ ազդեցության հիմքը։ Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ միություն ձևավորելու Թուրքիայի ջանքերն արդեն իսկ նոր իրավիճակ են ստեղծում Կասպից ծովում։ Թուրքիայի հետ ուղղակի բախումը Ռուսաստանի շահերից չի բխում, բայց նրա ճնշման ներոք նահանջն անընդունելի է։ Թուրքական ուղղությունը արժանի է հատուկ ռազմավարության, որտեղ գործընկերությունը և հակամարտությունը դիալեկտիկորեն կապված են:

Կարեն Հարությունյան

Մեկնաբանել