«Թուրք լրտեսների» որսը «գունագեղ տոնակատարության» երկրում․ «Շաբաթվա ֆեյքերը»

Հին Հռոմի «հաց և զվարճանքներ» մոդելին հավատարիմ՝ հայրենի իշխանությունները հայտարարեցին Անկախության օրվան նվիրված «գունագեղ միջոցառումների» մասին և անմիջապես արժանացան քննադատության։ Շատերը մատնանշում էին, որ իրավիճակում, երբ դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը, ու հազարավոր ծնողներ սգում են իրենց զավակների մահը, երբ Ադրբեջանում դեռ պահվում են հարյուրից ավելի հայ գերիներ, իսկ Հայաստանի միջպետական ճանապարհով երթևեկողներին ահաբեկում են ադրբեջանցիները, տոնական արարողությունները, առավել ևս՝ գունագեղ տոները, բոլորովին տեղին չեն։ Քննադատությունն ի վերջո հարկադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավելյալ պարզաբանումներով հանդես գալ․ «Ես նախ՝ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները որևէ կերպ վիրավորել կամ խոցել եմ նման ձևակերպմամբ: Բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը, ցավոք սրտի, տոնական չէ։ Հայաստանի Հանրապետությունը 30 տարեկան է, և եթե մենք այդ միջոցառումն անենք ՀՀ դրոշներով, դրոշի գույները շատ վառ գույներ են, ու ես չեմ կարծում, որ պետք է չեղարկենք դրոշի գույները»։ Նա շարունակեց․ «Նախատեսվող միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է, և նախատեսվում է, որ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է ՀՀ և արցախյան երեք պատերազմներում, պատերազմներից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների ու քույրերի հիշատակը հավերժացնող մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ աշխատանքային քննարկումներ ենք իրականացնում արդեն շուրջ վեց ամիս»։

Մինչ իշխանությունը փորձում էր լուծել իր իսկ ստեղծած գունագեղ թնջուկը, երկրում լրտեսների իսկական որս սկսվեց։ Նախ շրջանառվեց տեսանյութ, որում երևում է, որ Հանրապետության հրապարակում «գունագեղ տոնակատարության» համար նախատեսվող տեխնիկա է իջեցվում թուրքական մակագրությամբ բեռնատարից։

Ընդդիմությունը խոսեց Հայաստանի թուրքացման վտանգի մասին։ Լայն տարածում ստացավ նաև մի տեսանյութ, որում երևում են Հանրապետության հրապարակում գտվնող օտարերկրացիներ․ նրանցից մեկը տաբատի վրա երևում է Թուրքիայի դրոշը։

Նույն օրը տարածվեց լուր այն մասին, որ «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր կամ ադրբեջանցիներ։

Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանում տարածեց՝ նշելով, որ ինքնությունը պարզելու նպտակով բերման է ենթարկել երեք անձի, պարզվել է, որ նրանք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են։

Պետք է նշել, որ հանրությունը այդպես էլ մինչև վերջ չիմացավ՝ արդյոք այդ քաղաքացիները ազգությամբ թուրքեր կամ ադրբեջանցիներ էին, թե ոչ, քանի որ ոստիկանության հաղորդագրությունը խուսափողական է։

Միևնույն ժամանակ փաստենք, որ Հայաստանում թուրք և ադրբեջանցի լրտեսներ որսալու թեման վերջին շրջանում պարբերաբար շրջանառվում է։ Լրտեսության մեջ մեղադրվել են Արտգործնախարար, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը, ականազերծմամբ զբաղվող Հալո թրասթ ընկերությունը։

Այս օրերին էլ, մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ բանակցությունների կարևորության մասին, ընդդիմադիր մի շարք շրջանակներ նրան մեղադրում են Թուրքիայի լրտես լինելու մեջ։ Նման լուրջ մեղադրանքների համար, իհարկե, ոչ ոք չի էլ պատրաստվում ապացույցներ ներկայացնել։

Ի դեպ, ապացույցների մասին․ օրերս ֆեյսբուք սոցիալական ցանցում շրջանառվեց մի տարօրինակ լուսանկար, որտեղ երևում են ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցող պետությունների ղեկավարները։ Նկարում, որն ակնհայտորեն խմբագրված է կամ խոսակցական լեզվով՝ «ֆոտոշոփված», բոլոր ղեկավարների հետևում իրենց երկրների դրոշներն են, իսկ Հայաստանի վարչապետի հետևում դրոշ չկա։

***

Դե ինչ՝ մինչ կեղծարարները կսովորեն ավելի համոզիչ ֆեյքեր սարքել, իսկ իշխանությունները կմտածեն սկանդալային հայտարարություններ անելուց առաջ, մեզ՝ հասարակ քաղաքացիներիս, մնում է զինվել համբերությամբ ու հրաժարվել ամեն ինչ առանց մտածելու տարածելու գայթակղությունից։

Մեկնաբանել