Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 27-ին չհղած ուղերձը

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի բռնկման տարելիցի օրը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ չհղեց ժողովրդին։ Ինչպիսի՞ն կարող էր լինել այդ ուղերձը։ Ահա դրա մտացածին տարբերակը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր սեպտեմբերի 27-ն է՝ պատերազմի բռնկման տարելիցի օրը։ Պատերազմ, որին զոհ գնաց ավելի քան չորս հազար հոգի։ Հարյուրավոր տղաներ անհետ կորած են։ Մենք դեռ բազմաթիվ գերիներ ունենք Ադրբեջանի բանտերում։ Տղաներ, որ ես կարծում էի՝ մեզ կներեն «մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար»։ Ամիսներն անցնում են, նրանք չեն գալիս, ու մենք հստակ տեղեկություն չունենք նրանց թվի, վիճակի մասին։ Ցավալի իրականություն է, որ երբեմն վերադարձող գերիների հետ «վերադառնում են» նաև նրանց մարմինները։

Մեկ տարի անց բազմաթիվ հարցեր կան, որոնք պատասխաններ են պահանջում։ Պատերազմում կատարված հանցագործությունների մասով քննվում է ավելի քան 2 000 քրեական գործ։

Այո՛, մենք պարտվեցինք նաև այն պատճառով, որ երկրում ու բանակում կար մեծ կոռուպցիա, որ տասնամյակներ մենք մեզ խաբել էինք մեր զորության մասին առասպելներով․․․ ինչին հավատացել էի նաև ես։

Շատ-շատ հարցեր կան 2020-ի պատերազմում Հայաստանի պարտության պատճառները հասկանալու համար։ Այդ հարցերի պատասխանները մենք պետք է փորձենք ստանալ որպես հանրություն, պետություն և ազգ՝ ապագայում աղետի կրկնությունը կանխելու համար։

Այսօր, սակայն, ես կուզեի խոսել և պատասխանել հարցերի, որոնք վերաբերում են մեղքի ու պատասխանատվության իմ բաժնին։

Գիտակցեցի՞ արդյոք ես Ղարաբաղյան հակամարտության բարդությունը և խորքը իշխանության գալուց հետո։

Հետհեղափոխական խնդության պայմաններում ես իսկապես չհասկացա Արցախի խնդրի գոյութենական նշանակությունը մեր պետության ու ժողովրդի համար։ Իմ հայտարարությունները, որ «ես բանակցությունները սկսել եմ իմ սեփական կետից», որ «ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք», որ «Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի ու Արբեջանի ժողովրդի համար» որևէ վերլուծական հիմք չեն ունեցել, և եղել են իմ սրտի ցանկությունները։ Ես միամտորեն կարծում էի, թե ինչ-որ աննախադեպ խորամանկ քայլ եմ արել այս ամենով։ Ես իսկապես չհասկացա դիվանագիտական այն ահռելի աշխատանքը, որ կատարել էին իմ ատելի նախորդները՝ որպես բանակցությունների հիմնարար սկզբունք ամրագրելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ազատ կամարտահայտության միջոցով։ Ինձ ավելի շատ առաջնորդում էր նախկինի ամեն ինչը մերժելը։ Իմ իշխանության սկզբից ի վեր՝ նախկինները, գիտակցելով ղարաբաղյան բանակցությունների օրհասական վիճակը, ինձ անընդհատ մեղադրում էին հողերը ծախելու մեջ։ Ես կուլ տվեցի այդ խայծը, որի հետևանքը «Արցախը Հայաստան է և վերջ» անհեռանկար հայտարարությունն էր։ Դիվանագիտական ակնառու ձախողումներից էր նաև իմ պարզունակ մյունխենյան բանավեճը, որին ես մասնակցում էի առանց տնային աշխատանքը կատարելու։

Այսօր ես փորձում եմ պատասխանել նաև հարցին՝ կարո՞ղ էի արդյոք կանխել պատերազմը։

Չգիտեմ։ Միգուցե։ Բայց ես առնվազն պետք է փորձեի չմոտեցնել այն։

Միամտորեն կարծում էի, որ «հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում», որ «նոր պատերազմ, նոր տարածքներ» ենք ունենալու, որ «Թուրքիան չի խառնվի» և այդպես շարունակ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեկ տարի անց ինձ մտատանջող մյուս հարցը՝ կարո՞ղ էի արդյոք կանգնեցնել պատերազմը։ Ես կարծում էի, թե «մենք կոտրելու ենք թշնամու ողնաշարը», իսկ հետո չկանգնեցրի պատերազմը, որ «մարդիկ չասեն Նիկոլ, դավաճան»։ Ես իսկապես չունեցա առաջնորդի քաջությունը այն պահին, երբ դեռ կարելի էր շատերին ու շատ բան փրկել։

Զղջում եմ այս ամենի համար։ Իսկապես զղջում եմ։

Սիրելի՛ ժողովուրդ,

Ես ասում էի՝ «Արցախը Հայաստան է և վերջ», բայց պատերազմի բռնկումից մեկ տարի անց Հայաստանի ղեկավարն այլևս չի կարողանում ոտք դնել Արցախ։ Սա է ցավալի իրողությունը։

Զոհվածների, անհետ կորածների, գերիների, վիրավորների սիրելի հարազատնե՛ր,

Հասկանում եմ իմ ասածի անհնարինությունը, բայց խնդրում եմ՝ ներե՛ք ինձ։