ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները համաձայնեցրել են տարածաշրջանային այցերի վերսկսումը․ Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվի և Երևանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան աշխատանքային այցերի վերսկսումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Նրանք, որքան ես հասկանում եմ, համաձայնեցրել են տարածաշրջան իրենց ուղևորությունների վերսկսումը՝ այցելելու և տեղում Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ խոսելու համար։ Այցեր և հանդիպումներ են նախատեսված նաև Ստեփանակերտում»,- նշել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում դեռևս պետք է ավարտվի ականազերծման, գերիների վերադարձման գործընթացը և «կազմակերպվի խաղաղ կյանք»:

«Այժմ գլխավոր խնդիրն այն է, որ խաղաղ, կայուն կյանքը հաստատվի այնտեղ, որպեսզի համայնքները՝ և հայկական, և ադրբեջանական, ունենան վստահությունը, որը տասնամյակներ շարունակ այնտեղ եղել է։ Որպեսզի լուծվեն փախստականների վերադարձի խնդիրները և այլ կենցաղային խնդիրներ»,- նշել է Լավրովը:

***

Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ էին ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համանախագահները նաև ընդունել էին երկու արտգործնախարարներին համատեղ հանդիպման ժամանակ։ 2020-ի նոյեմբերից հետո սա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր։

Մեկնաբանել