Ալիևը հնարավոր է համարում Փաշինյանի հետ հանդիպումը՝ Մինսկի խմբի միջնորդների հովանու ներքո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեմ չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, եթե այն կազմակերպի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Պատերազմն ավարտված է, տարածաշրջանը կանխատեսելիության և կայունության կարիք ունի։ Անցյալ շաբաթ Նյու Յորքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը լավ ցուցիչ է, որ երկխոսությունը կարելի է վերսկսել և խաղաղ լուծում փնտրել: Հուսով եմ, որ հանդիպումները կդառնան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման սկիզբը»,- ասել է Ալիևը:

Լրագրողի հարցին, թե պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետի հետ, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «երկու առաջնորդների շփումները սովորաբար անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»: «Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես գա նման հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ, մենք դեմ չենք լինի»,- ասել է նա:

Խոսելով Արցախի կարգավիճակի մասին, Իլհամ Ալիևը բացառել է Ղարաբաղում բնակվող հայերին ինքնավարություն տրամադրելու հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ հարցը Բաքվի օրակարգում չէ:

«Մենք ժամանակին պատրաստ էինք Ադրբեջանում բնակվող հայերին ինքնակառավարման որոշակի մակարդակ տրամադրել։ Հայերը միշտ մերժել են դա։ «Ոչ, միայն անկախություն»: Իսկ հիմա հակամարտության ավարտից հետո նրանք խոսում են ինքնավարության մասին, բայց դա մեր օրակարգում չէ։ Այսօր ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ապրող հայերը, ինչպես նաև մեր երկրում ապրող այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչները Ադրբեջանի քաղաքացիներ են»,- ասել է նա։

Մեկնաբանել