Թեհրանը «զարմացած է» Ալիևի «զարմանքից»

Թեհրանը զարմացած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իրանական կողմի հասցեին արած հայտարարություններից և չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայությունը իր սահմաններին․ այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն, հայտնում է Tehran Times-ը։

«Մի իրավիճակում, երբ երկու երկրներն ունեն լավ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա և ամենաբարձր մակարդակով գործում են կապի խողովակներ, նման հայտարարությունները զարմանք են առաջացնում»,- ասել է Խաթիբզադեն։ Վերջինս հստակեցրել է, որ սահմանային զորավարժությունների անցկացումը Իրանի ինքնիշխան իրավունքն է։

Սեպտեմբերի 27-ին Իլհամ Ալիևը թուրքական Anadolu լրատվականի հետ զրույցում զարմանք էր հայտնել Թեհրանի ձեռնարկած գործողությունների առնչությամբ․ «Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ մեր սահմաններին։ Իրանը սահմանին վարժանքներ չի իրականացրել մոտ 30 տարի առաջ Ադրբեջանի անկախացումից ի վեր»։

Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական ուժերը իրանական բեռնատարների վարորդներից սկսել են գումար գանձել իրենց տարածք մուտք գործելու համար։ Ադրբեջանցիներն անգամ երկու իրանցի վարորդի են ձերբակալել։ Anadolu-ի հետ զրույցում Ալիևը «պարզաբանել է», որ Իրանը տարիներով անտեսել է Ադրբեջանի կոչերը՝ դադարեցնել ապրանքների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Նրա խոսքով՝ ոչ մի իրանական բեռնատար չի մտել Ղարաբաղ այն բանից հետո, երբ իրենք սկսել են մուտքի գումար գանձել։

Սեպտեմբերի վերջին լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանը զորակազմ և զինտեխնիկա է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ վարժանքներն իրականացվում են ի պատասխան Ադրբեջանի տարածքում իսրայելական ուժերի ներկայության։ Բաքվում Իրանի դեսպան Աբաս Մուսավին հավաստիացրել է, որ զորավարժությունները նախապես ծրագրված էին և որևէ սպառնալիք չեն ներկայացնում Ադրբեջանի համար։

Մեկնաբանել