Միրզոյանը Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը շեշտել է գերիների վերադարձման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։

Հանդիպմանը Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը:

«Ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր մոտ պատանդառության մեջ գտնվելու փաստը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, ներառյալ՝ բռնի անհետացումների կասկածի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԿՄԽԿ միջև Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցության և կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների շուրջ։

«Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն և հարցը չպետք է քաղաքականացվի»,- նշում են ԱԳՆ-ից։

Մեկնաբանել