Չպատժել երեխային սխալվելու համար և չմրցել․ խորհուրդներ ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին

Teacher and Pupil

«Կրթության տապան» հեղինակային հաղորդման շրջանակում «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը բացատրում է, թե ինչով են վատ թվանշանները, ինչով և ինչպես է պետք դրանք փոխարինել, ինչ են դրա շուրջ սահմանում նոր կրթական չափորոշիչները, և ինչ պետք է անեն բոլոր ներգրավված կողմերը՝ ուսուցիչները, ծնողները և աշակերտները, որպեսզի հենց այսօրվանից բարելավեն կրթական արդյունքները, և, ինչու ոչ՝ նաև գնահատականները։ Փախչանյանն իր հաղորդման ընթացքում հիմնվում է անգլիացի գիտնականներ Փոլ Բլեյքի և Դիլան Ուիլիամի աշխատության վրա։ Հաղորդումից հատված՝ ստորև։

1998 թվականին երկու անգլիացի գիտնականներ Փոլ Բլեյքը և Դիլան Ուիլիամը հրապարակեցին մի աշխատանք, որն ամբողջապես փոխեց վերաբերմունքը կրթական ոլորտում գնահատմանը, այն կոչվում էր «Սև տուփի ներսում. ինչպես բարձրացնել կրթության չափանիշները՝ դասարանային գնահատման միջոցով»։

Նրանց շնորհիվ կիրառման մեջ մտավ ուսուցմանը նպաստող «գնահատում» եզրույթը, որը փաստացի այլ կերպ նաև կոչվում է «ձևավորող գնահատում»։ Այսօր արդեն ոչ ոք չի կասկածում, որ գնահատումը պետք է նպաստի ուսմանը, սակայն մինչև այս գիտնականների աշխատանքը, այդ միտքը, գաղափարը դեռ լայն տարածում չէր ստացել։

Թվանշանային գնահատումը չի՞ նպաստում ուսմանը. այդ նույն իրենց աշխատության մեջ Բլեքը և Ուիլյամը պնդում են, որ ոչ՝ հակառակը, այն վնասում է։ Եկեք բերենք այն փաստարկները, որ բերում են այդ գիտնականները.

  • Երեխաները մտնում են մրցակցության մեջ։ Մրցակցությունը ընդհանրապես վատ բան չէ, բայց ոչ ամեն օր
  • Թվանշանը խանգարում է համագործակցությանը
  • Թվանշանը լարում է միջավայրը դասարանում
  • Թվանշանը կենտրոնացնում է մակերեսային գիտելիքների վրա
  • Թվանշանը չի զարգացնում երեխաների ցանկությունը՝ սխալվել և սխալվելու միջոցով նոր բան սովորել
  • Թվանշանը փակում է ուսման հերթական էջը․ երեխան, որը ստացել է գնահատական, այլևս չի ուզում անդրադառնալ իր թերացումներին, կարծես թե այդ հարցը իր համար արդեն որոշված է
  • Թվանշանը կենտրոնացնում է սխալների վրա, այլ ոչ թե նպաստում է երեխայի զարգացմանը
  • Թվանշանը պատժում է երեխային իր սխալների համար, իսկ կրթությունը սխալների միջոցով նոր բան հասկանալն է

Սխալների համար պատժելը կոպիտ մանկավարժական սխալ է

Այստեղ պնդեմ մի միտք, որի հետ համաձայն են ժամանակակից, առաջադեմ մանկավարժները. սխալների համար պատժելը կոպիտ մանկավարժական սխալ է։

Գնահատականները, թվանշանային գնահատականները չեն բերում երեխային այն գիտակցությանը, թե ինչ պետք է նա կոնկրետ անի՝ իր թերացումները ուղղելու, զարգանալու համար։

Ի դեպ, երբ 19-րդ դարի սկզբներում ԱՄՆ-ի որոշ համալսարաններում, օրինակ՝ Գելի համալսարանում, սկսեցին կիրառել թվանշանային գնահատումը, համալսարանի ղեկավարները թաքցնում էին այդ գնահատակաները աշակերտներից հենց նրա համար, որ նրանց մոտ չձևավորվի մրցակցային մտածողություն, և այդ թվանշանները ստանալը չդառնա ինքնանպատակ։

Մինչև 20-րդ դարի 60-ական թվականները թվանշանները չէին օգտագործվում ուսուցիչների աշխատանքը գնահատելու կամ դպրոցի առաջադիմությունը որպես հաստատություն գնահատելու համար, դրանք զուտ ուսուցչի աշխատանքի գործիք էին և ոչ ավել, սակայն գնալով՝ իրավիճակը փոխվեց։ Կրթական բյուրոկրատները գիտակցեցին, որ գնահատականների միջոցով իրենք կարող են անել շատ ավելի շատ, քան զուտ դիտարկել երեխաների աշխատանքը դասարանում։ Նրանք կարող են համախմբելով և համադրելով գնահատականները՝ եզրակացութուններ անել ուսուցչի, դպրոցի մասին, ամբողջ տարածաշրջանի կրթական իրավիճակի մասին։

Դա միանգամից բերեց նրան, որ գնահատականը դարձավ մի տարօրինակ միջոց՝ մի կողմից խնդիրները թաքցնեու, մյուս կողմից՝ ոմանց աչքերում դպրոցը առաջ տանելու համար, և իր սկզբնական նպատակը է՛լ ավելի խեղաթյուրվեց։

Ծնողներն էլ սկսեցին ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնել գնահատականներին, և, կարծես թե, սկսեց մրցել միմյանց հետ՝ «իմ երեխան գերազնացիկ է», «իսկ իմ երեխան անընդհատ բարձր գնահատականներ է ստանում», և այդ մարցակցությունը սրեց միավորային գնահատականների բացասական ազդեցությունը երեխաների կրթության և զարգացման վրա։

Եթե գնահատումը այդքան վատն է, ինչո՞ւ է այն շարունակվում կիրառվել

Եթե գնահատումը այդքան վատն է, ինչո՞ւ է այն շարունակվում կիրառվել։ Մի քանի պատճառ կա. առաջինը՝ կարիք կա ընդհանուր չափանիշների և այդ չափանիշներին ամեն աշակերտի համապատասխանութան արձանագրման։

Դա առաջին և ամենակարևոր կետն է, բայց կան այլ պատճառներ․ պետք է վերահսկել կրթության արդունավետությունը և արտաքին գնահատումը, որը կատարվում է կենտրոնացած միջոցներով, դա շատ հաճախ օգնում և նպաստում է խնդիրների վերհանմանը։

Երրորդը՝ քննությունները ամեն դեպքում պետք են։ Քննությունների միջոցով ընտրություն է կատարվում, և կրթական զարգացման շատ փուլերում երիտասարդի՝ քննություններ հանձնելը, պարտադիր է։

Չորրորդը՝ տարրական դպրոցում հնարավոր է չունենալ գնահատականներ, քանի որ տարրական դպրոցում հմտություների և գիտելիքների ծավալը բավական սահմանափակ է, և դրա շուրջ հնարավոր է բնութագիր գրել և բնութագրել հմտությունը տեքստով, սակայն, երբ նրանք գնում են ավագ դասարաններ, դա դառնում է անհնարին և ավելի երեխայի հաջողությունները չափելու ավելի կարճ միջոց է պետք։ Բայց պետք է հիշել, որ թվանշանը լավ բան չէ, և միավորային գնահատումը պետք է կիրառել գիտակցված և սահմանափակ։

Արդյոք ճի՞շտ է մեր պետական համակարգում կիրառել ձևավորող գնահատումը

Ձևավորող գնահատումը պահանջում է բարձր կարգի հմտություններ և ժամանակատար է։ Ուսուցիչները պետք է երեխաների աշխատանքի գնահատման իրենց մոտեցումը վերանայեն։ Դադարենք կենտրոնանալ երեխաների սխալների վրա, գտնենք երեխաների ուսման ցանկությունը խթանելու այլ միջոցներ, քան պատժելով գնահատականի միջոցով։

Ուրեմն, ի՞նչ պետք է անել

  • Ուսուցիչներին ու աշակերտներին պետք է լինել հետևողական, այսօրվանից փորձարկել և սկսել կիրառել դասարանում աջակցող գնահատման միջոցները, բանավոր հետադարձ կապի և բացահայտող հարցադրումների միջոցով։ Եթե երեխան ինչ-որ բան թերի է ասել, ոչ թե պետք է ասել՝ սխալ է, այլ պետք է հարցեր տալ, որպեսզի երեխան այդ հարցերին պատասխանելով՝ գա ճշմարիտ կամ ավելի լիարժեք պատասխանի։
  • Թույլ տալ աշակերտներին սխալվել և ավելին՝ հորդորել սխալվել, որպեսզի նրանց մոտ արթնանա ինքնուրույն սովորելու ցանկությունը և նրանք կառուցողական ձևով արձագանքեն ձեր նկատողություններին, ձեր խորհուրդներին՝ սեփական կարողությունները, հմտութոյւնները զարգացնելու համար։ Իրենց պետք է տալ գիտակցում, որ անսխալական մարդ չկա, անգամ ուսուցիչն է սխալվում և «սխալը» սովորելու լավագույն միջոցներից մեկն է։
  • Աշակերտների մոտ պետք է զարգացնել ինքնագնահատման և փոխադարձ գնահատման կարողություններ, պետք է մեղմել միավորային գնահատականի բացասական ազդեցության հետևանքները և երբեք չկիրառել այն որպես պատժամիջոց։ Եվ վերջապես, ունենալ բարձր սպասումներ բոլոր աշակերտներից։

Ի՞նչ անեն ծնողները

  • Չակնկալել գերազանցիկ ուսում և բարձր գնահատականներ բոլոր առարկաներից։ Դրա փոխարեն պետք է ներգրավել երեխային ուսման մեջ, հոգեբանական աջակցություն ցուցաբերել դժվարության պահերին և չպատժել խնդիրների համար։
  • Պետք չէ երեխաների փոխարեն աշխատանք կատարել, սակայն պետք է լինել նրանց կողքին և աջակցել իրենց՝ հոգեբանորեն տրամադրելով, որ հաղթահարեն դժվարությունները և առաջ գնան։
  • Հարցուփորձ է պետք անել ուսման շուրջ և դարձյալ ոչ թե վերահսկողության նպատակով, այլ որ երեխան գիտակցի, որ դուք հետաքրքրված եք և դուք պատկերացում ունենաք, թե ինչ է անում երեխան և կարևորեք այն, ինչ նա անում է։
  • Սրտանց ուրախանալ երեխաների հաջողություններով, անգամ, երբ դրանք չնչին են, ունենալ բարձր սպասումներ երեխաներից, բայց դրա հետ մեկտեղ դնել խելամիտ և հասանելի նպատակներ, որպեսզի երեխաները չհիասթափվեն, չկորցնեն հավատը իրենց ուժերի նկատմամբ և չկոտրվեն։

Ի՞նչ անեն աշակերտներն ու ուսանողները

  • Չմրցել, օգնել դժվարություններ ունեցող ընկերներին գիտակցել, որ իրենց փոքր աջակցությունը անգամ կարող է մեծ օգնություն լինել
  • Գիտակցել, որ բարձր գնահատականները ձեզ երբեք իրական հաջողություն չեն բերի, սակայն համագործակցելը, դժվար պահին մյուսներին աջակցելը, սեփական օրինակով ոգևորելը հաստատ ձեզ ապագայում կդարձնեն առաջատար, և դա ձեր հաջողության ամենակարևոր երաշխիքն է։

Պատրաստեց Լիա Ավագյանը

Մեկնաբանել