Կանայք օրնիբուն աշխատում են, բայց աշխատաշուկայում չկան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հրապարակած Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը ներկայացնող ամփոփագրի տվյալներով 2021թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ, գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 64,7 %-ը։

Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և ՀՀ մարզերի, 01․09․2021

20212409102559378.jpg

Ընդ որում՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների, 15-75 տարեկան կանանց 53%-ը չի ունեցել աշխատանք և չի փնտրել։

Հետազոտությունները փաստում են, որ Հայաստանը համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշում առնվազն 50-60 մլն դոլար է կորցնում՝ կանանց աշխատաշուկայում թերի ընդգրկվածության պատճառով։ Այո՛, երկիրը կորցնում է, բայց եթե մարդկանց փորձենք չնայել միայն որպես աշխատուժ, այլ որպես մարդ, որն ունի երազանքներ և ցանկություններ, արդյոք մենք որպես հասարակություն նպաստո՞ւմ ենք նրանց ձգտումների իրագործմանը։

Ցավոք, հետազոտությունները չեն անդրադառնում այն հարցին, թե կանայք որքան են կորցնում,որպես անհատներ՝ զարգացման, կայացման և ինքնարտահայտման տեսանկյունից։ Միայն նշվում է, որ կանայք ստանում են բարձրագույն կրթություն, բայց առավելապես ընտանեկան խնդիրներով պայմանավորված դուրս են մնում աշխատաշուկայից։

Այո, հանրային գիտակցության մեջ մենք դեռ ունենք հստակ բաժանում՝ հանրային տարածքները տղամարդկանց համար են, իսկ տան պատերը՝ կանանց։

Այդպիսով, տան պատերի ներսում պարփակված Հայաստանի միջին վիճակագրական կինը կատարում է ամենօրյա բավականին ծանր աշխատանք՝ խնամում երեխաներին ու տարեցներին, հարդարում ու մաքրում բնակարանը, պատրաստում բազմատեսակ կերակուրներ, հետևում երեխաների կրթությանն ու նրանց տարբեր կրթական հաստատություններ տանում-բերում, անում լվացք, արդուկ, կատարում տան համար գնումներ։ Բայց որևէ մեկը հաշվե՞լ է, թե այդ բոլոր գործերը որքան ժամանակ ու էներգիա են խլում կնոջից, որևէ մեկը մտածո՞ւմ է, որ եթե այդքան կատարած աշխատանքի համար կինը վճարվեր, որքա՞ն կկազմեր այդ գումարը։ Ուղղակի գրում ենք տնային տնտեսուհի և վերջ։

Եվ եթե կինը մեծ ցանկություն ունի իր մասնագիտական կարողությունները զարգացնելու, բարենպաստ պայմաններ չկան, միայն խոչընդոտներ․ մանկապարտեզներն են քիչ, դպրոցից հետո երեխան գալիս է տուն, ու այլ զբաղվածություն չունի, կամ էլ՝ պետք է տանել երաժշտության, սպորտի, պարի, լողի և այլն․․․ Եվ այս ամենը հիմնականում կինն է անում, այդպես է ընդունված, այդպիսին է լավ մամայի մեր պատկերացումը։

Իսկ լավ պապան հիմնականում բացակա է կենցաղում, նա ուշ գալիս է տուն, նա խիստ զբաղված է, ընտանիքի համար ժամանակ չկա։ Նա լուրջ մասնագետ է, ու տարիների ընթացքում ընտանիքում ստեղծվում է նույնիսկ արհամարհական վերաբերմունք՝ կնոջ մասնագիտական հմտությունների նկատմամբ։ Քանիցս լսել եմ արտահայտություններ, թե «․․․դու վերջին անգամ ե՞րբ ես գործի գնացել որ հասկանաս», «․․․ե՞րբ ես մասնագիտական որևէ հարցի առնչվել որ, երևի ուսանողական տարիներին չէ՞»։ Այս ամենը հենց այն գինն է, որը կանայք վճարում են ընտանեկան հոգսերն ամբողջությամբ իրերնց ուսերին կրելու համար։

Մյուս կողմից կան նաև «Կնոջ համար իդեալական աշխատանքներ», այն մասնագիտությունները, որոնք կարող են համատեղվել ընտանեկան հոգսերի հետ։ Այդ տարածքներում կանայք շատ են՝ մանկավարժներ, բուժքույրեր։ Այդ հմտությունները օջախի համար օգտակար են, նույնիսկ շատ հարմար։ Չկան գործուղումներ, աշխատանքային օրը կարճ է, օգնում է երեխայի ուսուցումը և մեծահասակների խնամքը կազմակերպելու գործում։

Չգրված այս կանոններով ապրող հասարակությունը ամեն կերպ կաշկանդում է կնոջը կամ առնվազն չի նպաստում,չի աջակցում, որպեսզի նա իրացնի իր կարողությունները, հմտություններն ու ցանկությունները մասնագիտական ասպարեզում։ Շատերը սպասում են երեխաները մեծանան նոր սկսեն աշխատել, իսկ դա նրան այլևս չի հաջողվում, աշխատաշուկան վայրի արագությամբ առաջ է անցնում, իսկ դու դառնում ես անմրցունակ, կամ մանուկներից հետո գալիս են մեծահասակները, որոնց խնամքը մեծ ջանքեր ու պատասխանատվություն է պահանջում, իսկ կյանքն անցնում է, երազանքներդ՝ փշրվում։

Վերջում դառնում ես աշխատաշուկայից դուրս մնացած վիճակագրական ցուցանիշ կամ տան պատերի ներսում պարփակված ցուցանմուշ։

Մեկնաբանել