Ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը․ ԱԱԾ

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է ՝ պաշտոնեական կեղծիքներ կատարելու և խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

«ԱԱԾ-ում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Ծառայությունից տեղեկացնում են նաև, որ քրեական գործի շրջանակներում պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Հայաստանի զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

«ԱԱԾ-ն անհանդուրժողական ու հետևողական պայքար է տանելու պետականության հիմքերը թուլացրած, ՀՀ զինված ուժերի համար անորակ և տեխնիկական նորմերին չհամապատասխանող զենք-զինամթերքի ձեռքբերման և այդ գործընթացներում թույլ տրված ապօրինությունների բացահայտման, մեղավոր բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել