Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճում են 11 տոկոսով

պաշտպանության նախարարություն-բանակ

Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճելու են մոտ 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345,4 միլիարդ դրամ։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի 2022 թվականի բյուջեի նախագծից։ 2021-ին բյուջեի ծախսերից 312 միլիարդն էր հատկացվել պաշտպանությանը։

ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարման համար կհատկացվի այս միջոցներից ավելի քան 340 միլիարդը։

Ռազմաբժշկական ծառայությունների համար բյուջեից կհատկացվի 2 միլիարդ 635 միլիոն դրամ, որը մոտ 200 միլիոն դրամով պակաս է 2021-ի համար ռազմաբժշկական ոլորտին հատկացված միջոցներից։

Ռազմական ուսուցման ու վերապատրաստման բյուջետային ծրագրով հատկացվելու է ավելի քան մեկ միլիարդ դրամ, որից «ՀՀ զինված ուժերը համապատասխան մասնագետներով ապահովելու նպատակով ՌԴ և այլ օտարերկրյա պետություններում ռազմական ակադեմիական կրթություն ստացողների տարեկան միջին թվաքանակները կկազմեն 342 մարդ, որից կուրսանտներ՝ 205 (ՌԴ-185, այլ երկրներ-20), սպա-ունկնդիրներ` 115 (ՌԴ-95, այլ երկրներ-20) և Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում կարճաժամկետ դասընթացներում ներգրավվածներ՝ 22 մարդ»։

Միջազգային ռազմական համագործակցության նպատակով կհատկացվի 870 միլիոն դրամ, իսկ ականազերծման աշխատանքների համար՝ 317 միլիոն դրամ, որը պակաս է 2020-ի բյուջեով նույն ծրագրով հատկացված միջոցներից։

Մեկնաբանել