Կառավարությունը հավանություն տվեց 2022 թվականի բյուջեի նախագծին

Կառավարությունը սեպտեմբերի 30-ին հավանություն տվեց ու խորհրդարանի քննարկմանն ուղարկեց 2022 թվականի բյուջեի նախագիծը։

Բյուջեի այս նախագծով կառավարությունը թիրախավորել է 2022-ին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում՝ 9 տոկոս։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով գալիք տարվա բյուջեն, ասաց՝ բյուջեի ծախսային հանրագումարը կազմելու է 2 տրիլիոն 188 միլիարդ դրամ, որը 2021-ի համեմատ ավել է 18,2 տոկոսով։

Ենթակառուցվածքների ու տարածքային զարգացման նպատակով բյուջեում կառանձնացվի 278,6 միլիարդ դրամ, որը 2021-ի համեմատ ավել է 30 տոկոսով։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հատկացվող գումարը բյուջեի ծախսերի մեջ կկազմի 223,3 միլիարդ դրամ, որն այս տարվա բյուջեից ավել է 27,4 տոկոսով։

Սոցիալական ապահովության ոլորտին 2022-ին կուղղվի 580 միլիարդ դրամ, որը 15 տոկոսով ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից։ Եկող տարվա բյուջեով կառավարությունը նախատեսում է նաև 15 ջրամբարների նախագծում ու կառուցում սկսել, նաև՝ 500 կիլոմետրի ճանապարհ վերանորոգել։

Բյուջեով նախատեսվում է ավելացնել նվազագույն աշխատանքային կենսաթոշակը 12 200 անձի համար, 5 200 զինվորական կենսաթոշակառուների ու 74 200 նպաստառուների համար։