Վեց միֆ COVID-19 պատվաստանյութի մասին

Թե՛ կորոնավիրուսի, թե՛ դրա դեմ պատվաստումների մասին տարածվող ապատեղեկատվությունը հաճախ տեղական ծագում չունի։ Դրանք հաճախ սոցիալական մեդիայի, լրատվամիջոցների, հայտնի անձանց ու քաղաքականացված բժիշկների միջոցով գալիս են Հայաստան։ Նաև ինֆոդեմիայով է պայմանավորվում Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների ցածր մակարդակը։ ՍիվիլՆեթն առանձնացրել է պատվաստանյութի մասին 6 միֆ ու բացատրում է, թե ինչու են դրանք միֆ և ոչ իրականություն։

❌ Պատվաստանյութերը «անօրինական փորձարկումներ» են

Հայաստանում COVID-19-ի դեմ կիրառվող բոլոր պատվաստանյութերը անցել են կլինիկական փորձարկումները։ Դրանք հաստատված են առողջապահական միջազգային կառույցների կողմից բնակչության շրջանում կիրառվելու համար։ Այս պատվաստանյութերը, նախքան վավերացում ստանալը ենթարկվում են կլինիկական խիստ փորձարկումների՝ դրանց համապատասխանությունը անվտանգության և արդյունավետության միջազգային չափանիշներին հավաստելու համար:

COVID-19-ի դեմ պատվաստանյութերը իսկապես ստեղծվել են կարճ ժամանակահատվածում։ Դա բացատրվում է մի քանի հանգամանքով։ Առաջին հերթին օգտագործվել են նախկինում արված հետազոտությունները։ Բացի այս, տարբեր երկրների կառավարությունների և կազմակերպությունների տրամադրած ֆինանսական մեծ ռեսուրսների շնորհիվ հնարավոր է եղել զուգահեռ մի քանի փորձարկումներ կատարել։ Ինչ վերաբերում է պատվաստանյութի վրա նշված EXP մակագրմանը՝ այն նշանակում է expiration՝ պահպանման ժամկետ, ոչ թե experimental՝ փորձարկվող միջոց։

❌ Պատվաստվածները արյան դոնոր չեն կարող դառնալ

Որևէ հիմք չկա պնդելու, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը խանգարում է արյան դոնոր դառնալուն։ Պատվաստանյութի առաջին դեղաչափի ընդունումից հետո Հայաստանում արյուն չեն վերցնում, իսկ երկրորդ դեղաչափ ստանալուց տասը օր հետո անձը կարող է դոնոր դառնալ։

Փոխարենը արյան դոնոր չեն կարող դառնալ կորոնավիրուսով տվյալ պահին վարակվածները, իսկ արդեն բուժվածների դեպքում կա սահմանափակում։ Եթե կորնովիրուսով վարակված մարդը հիվանդությունը տարել է առանց մեծ քանակի դեղորայք օգտագործելու ու թեթև, ապա բուժվելուց մեկ ամիս հետո կարող է դառնալ դոնոր։ Իսկ ծանր ընթացած դեպքերում վեց ամիս արգելվում է արյուն հանձնել։

❌ Պատվաստվելուց չեն կարող երեխա ունենալ

Պատվաստման պատճառով առաջացող անպտղության միֆը տարածված է ոչ միայն Հայաստանում։ Այն հաստատող որևէ գիտական ապացույց չկա։ Այս պնդումը հերքել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Հղիներին պատվաստվելու խորհուրդ է տվել ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը։ Ըստ Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանի՝ «․․․արդեն հայտնի է՝ COVID-19 հիվանդությունը կարող է առաջացնել խնդիրներ վերարտադրողական առողջության և այլ օրգանների հետ կապված»։

Ինչ վերաբերում է Sputnik-V-ի՝ հղիներին հակացուցված լինելուն՝ այն հղիներին խորհուրդ է տրվում ընդունել, եթե մոր համար ակնկալվող օգտակարությունը գերազանցում է պտղի համար ռիսկերը: Սակայն կրծքով կերակրման ժամանակ պատվաստումը հակացուցված է՝ հետազոտական տվյալների բացակայության պատճառով։

❌ Պատվաստանյութի հետ հեղուկ չիպեր են ներարկում

Պատվաստանյութերի միջոցով մարդկանց օրգանիզմում տեղադրվող նանոբոտերի, չիպերի լուրը Հայաստան է հասել ամիսներ առաջ։ Դրա նպատակը, ըստ տարածողների, մարդկանց մտքերը կարդալն ու նրանց հեշտ կառավարելն է։ Սակայն, այս բովանդակությունը մինչև Հայաստան հասնելը արդեն տարածվել, ստուգվել և հերքվել էր։ Ավելին, պատվաստանյութերի բաղադրությունները հրապարակվել էին, ու դրանց մեջ «չիպեր» կամ «նանոբոտեր» չկան։ Դավադրական նման տեսությունների ու այն «ապացաուցող» խմբագրված բովանդակության մասին ստուգված տեղեկություն կարելի է գտնել արժանահավատ աղբյուրներում։

❌Վիրուսը փոխանցվում է պատվաստանյութի միջոցով

Եթե համավարակի սկզբում նման պնդումներ անում էին կորոնավիրուսն ախտորոշող թեստերի մասին, ապա վիրուսի տարածման բեռը այժմ փաթաթվում է «պատվաստանյութին»։ Որպես պնդման հիմավորում բերվում է պատվաստվելուց հետո առաջացող կարճաժամկետ ազդեցությունը՝ ջերմություն, մկանացավ, գրիպանման երևույթներ և այլն։ Սակայն նման ազդեցությունը պայմանավորված է ոչ թե վարակով, այլ պատվաստանյութով։ Այն սովորեցնում է մեր օրգանիզմի իմունային համակարգին ճանաչել վիրուսը և պայքարել դրա դեմ։ Առաջացող նման ազդեցությունները կանխատեսելի են, և դրանց մասին ծանուցվում է պատվաստվողին: Պատվաստանյութերի ներգործության մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։

❌Պատվաստված, թե չպատվաստված՝ նույն արդյունքն է

Պատվաստանյութերը ամբողջապես չեն պաշտպանում վարակվելուց, սական զգալիորեն իջեցնում են վարակվելու և հիվանդություն ծանր ընթացքի ռիսկերը։ Հայաստանում, ըստ սեպտեմբերի 24-ին հրապարակված տվյալների, 11 470 վարակակիրներից միայն 286-ն է եղել պատվաստված, որոնցից հոսպիտալացվել է 38-ը։ Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ նրանք հիվանդությունը տանում են շատ ավելի թեթև և հոսպիտալացված են, քանի որ խրոնիկ այլ խնդիրներ ունեն։

Արշալույս Բարսեղյան

Մեկնաբանել