Լիտվան Հայաստանին կնվիրաբերի Moderna-ի արտադրության Spikevax պատվաստանյութի 50 000 դեղաչափ

Լիտվայի կառավարությունը որոշել է Հայաստանին նվիրաբերել Moderna-ի արտադրության Spikevax պատվաստանյութի 50 000 դեղաչափ։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է Հայաստանում Լիտվայի դեսպանության Ֆեյսբուքի էջից։

Լիտվայի առողջապահության նախարարությանը հանձնարարվել է մինչև հոկտեմբերի 4-ը առկա պաշարներից հատկացնել Spikevax պատվաստանյութի համապատասխան չափաբաժինը՝ Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

«Ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք Հայաստանի ժողովրդի հետ կիսվել ոչ միայն AstraZeneca, այլև Moderna պատվաստանյութերով, քանի որ հայերը ստիպված են եղել պատվաստման համար ավելի երկար սպասել, քան Լիտվայի քաղաքացիները»,- ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:

Նա նշել է, որ Լիտվան կշարունակի պատվաստանյութերով կիսվել այն երկրների հետ, որոնց համար դրանք ձեռբերելն ավելի բարդ է, քան ԵՄ անդամ պետություններին:

Սեպտեմբերի 19-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 366 779 պատվաստում։ Հայաստանում սեպտեմբերի 29-ին կատարվել է 7 472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 022 նոր դեպք։ Մեկ օրում արձանագրվել է մահվան 20 դեպք:

Մեկնաբանել