Բաքուն իրանական հրթիռներով կործանելու «սպառնալիքները»․ «Շաբաթվա ֆեյքերը»

շաբաթվա ֆեյքերը-արթուր պապյան

«Շաբաթվա ֆեյքերը» հաղորդաշարի հերթական թողարկմանը Արթուր Պապյանն անդրադարձել է տարածաշրջանում իրանա-ադրբեջանական լարվածության ֆոնին տարածվող ճշմարտանման ֆեյքերին։

Սեպտեմբերի 21-ին Իրանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումների լայնածավալ զորավարժություններ մեկնարկեցին։ Պաշտոնապես հաղորդվում էր, որ զորավարժությունների ընթացքում կիրառվելու են հրթիռային համակարգեր, ռադիոէլեկտրոնային մարտերի համակարգեր, կործանիչներ, ռմբակոծիչներ ու անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժություններին որոշակի լարվածությամբ էին հետևում Իրանի հարևան Ադրբեջանում։ Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը նույնիսկ հայտարարեց, թե դա իր համար «շատ անսպասելի իրադարձություն» է և քննադատեց իր երկրի սահմանների մոտ իրանական բանակի զորավարժությունների անցկացումը։

Հիշեցնենք՝ իրանա-ադրբեջանական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում ոստիկանական դիրքեր դրեց և սկսեց ստուգել այդ ճանապարհով ընթացող իրանական բեռնատար մեքենաները՝ վարորդներից պահանջելով վճարել, իսկ նրանցից երկուսին էլ ձերբակալեց՝ իբր առանց թույլտվության Արցախ բեռներ տեղափոխելու համար։

Ահա այս ընդհանուր լարվածության ֆոնին անցած շաբաթ հայաստանյան լրատվադաշտում սենսացիոն լուր շրջանառվեց, իբր թե Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել իրանական ուղղաթիռի ուղղությամբ։ Հայաստանյան լրատվամիջոցները հղում էին անում Miran Press տելեգրամ-ալիքի սեպտեմբերի 22-ի հրապարակմանը։ Լուրը տարածվել էր մի շարք լրատվական կայքերով, տելեգրամյան ալիքներով և սունկ կայքերով, այս մասին հաղորդել էր նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը՝ «Հայլուր» լրատվականի եթերում։

Ռեպորտաժում հայտնում են, որ տեղեկությունը հաստատվել է, սակայն որևէ պաշտոնական աղբյուր չի նշվում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տարածվող տեղեկությունը և պարզել, որ նույն օրը երեկոյան իրանական Miran Press տելեգրամյան ալիքը, որը հայկական լրատվականները որպես սկզբնաղբյուր էին օգտագործել, հայտնել էր, որ իր աղբյուրները չեն հաստատում նախկինում տարածված տեղեկությունը, և ներողություն էր խնդրել հետևորդներից։ Տելեգրամյան ալիքը, բացի այդ, հայտնել է, որ նախնական տեղեկությունը ստացվել էր ադրբեջանական աղբյուրներից։ Այն, որ ուղղաթիռին հարվածելու կեղծ տեղեկությունը եկել էր ադրբեջանական կողմից, հաստատել է նաև մեկ այլ իրանալեզու տելեգրամյան ալիք։

Երկու երկրների լրատվամիջոցներում, պաշտպանության նախարարությունների և այլ պաշտոնական կայքերում նույնպես բացակայում են նմանատիպ միջադեպի մասին hիշատակումները։

***

Ապատեղկատվության վարպետները շարունակեցին շահարկել իրանա-ադրբեջանական լարվածության թեման և սեպտեմբերի 23-ից սունկ կայքերում, սոցցանցերում, Տելեգրամում և Յություբում լուրեր տարածվեցին, թե Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մուհամադ Բաղերին սպառնացել է «4 000 հրթիռով ոչնչացնել Բաքուն»։

Media.am-ի փաստերի ստուգման թիմը, որը հետազոտել է այս կեղծ լուրը, արձանագրում է՝ «եթե այս հայտարարությունը իրական լիներ, ապա կնշանակեր, որ Իրանի ռազմական ղեկավարը սպառնում է ոչնչացնել հարևան պետության մայրաքաղաքը։ Նման հայտարարությունը աննախադեպ կլիներ և անշուշտ կհայտնվեր միջազգային խոշոր լրատվականներում։ Սակայն ոչ միջազգային, ոչ էլ իրանական խոշոր լրատվամիջոցները որևէ նման տեղեկություն չեն հաղորդում։

Ուշագրավ է, որ ապատեղեկատվությունը տարածած շատ լրատվամիջոցներ հղում են կատարում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանի Ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս տարածել էր Բաղերիին վերագրվող խոսքերը առանց սկզբնաղբյուր նշելու։

Նախկին պատգամավորը նաև սեփական վերլուծությունն էր ավելացրել․ «Համոզված եմ, որ ոչ մի հարված բնականաբար չի լինի, սա պարզապես մեր տարածաշրջանի խաղի հիմնական կանոններն են, որոնք հայկական «սուպերգիպերխաղաղասեր» իշխանությունները ուղղակի հրաժարվում են ընդունել, հասկանալ և վերլուծել»։

***

Իրանի Գլխավոր շտաբի պետին վերագրվող հայտարարությանը զուգահեռ լրահոսում՝ մեծամասամբ սունկ կայքերի կողմից, տեղեկություն էր տարածվում, որ Իրանը Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել է FAJR-5 տիպի հրթիռային համակարգեր, որոնցով «պատրաստ է զանգվածային հրթիռային հարված հասցնել անմիջապես Բաքվի ուղղությամբ»։ Տարածվող հրապարակումներում որպես աղբյուր էր նշվում ռուսական Avia.pro-ի կայքի սեպտեմբերի 22-ի հոդվածը։

Այս հրապարակման իսկությունը ստուգած «Փաստերի ստուգման հարթակը» արձանագրում է, որ Avia.pro կայքը նախկինում բազմաթիվ անգամներ ապատեղեկատվության աղբյուր է հանդիսացել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Փաստեր ստուգողները նաև արձանագրում են՝ ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս այս մասին չի հաջողվել հիշատակումներ գտնել ինչպես իրանական մամուլում, այնպես էլ իրանական տելեգրամյան ալիքներում։

***

Անցած շաբաթ մեկ ուշագրավ լուր էլ տարածել էր «Ազատություն» ռադիոկայանը։

Սեպտեմբերի 20-ին Հայաստանում անցկացված Armenian Business Forum-ի ժամանակ Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե կցանկանար, որ Հայաստանում երեք պաշտոնական լեզու լիներ՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը։

Թեմային անդրադառնալով՝ «Ազատությունը» որևէ կերպ չի հիշատակում, որ գործարարը ռուսերենից բացի առաջարկել է պաշտոնական լեզու դարձնել նաև անգլերենը, և հարց է բարձրացնում՝ «Հնարավո՞ր է՝ ռուսաստանաբնակ խոշոր գործարարը, որ հայտնի է ռուսական իշխանությունների հետ սերտ կապերով, իրականում փոխանցում էր նրանց ցանկությունը»։

Եվ թեև այստեղ փաստական սխալ չկա, պարզ է, որ «անգլերենը» նույնպես պետական լեզու դարձնելու՝ գործարարի առաջարկը անտեսելով՝ լրատվամիջոցը մանիպուլացնում է լսարանին։

***

Անցած շաբաթվա կեղծ լուրերն ու մանիպուլյատիվ թեզերը մեզ մեկ բան են սովորեցնում՝ մեր օրերում տարածվող ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգել առնվազն մի քանի վստահելի աղբյուրներից, որովհետև ապատեղեկատվության վարպետները առավել հաճախ փորձում են կեղծ լուրերը մատուցել ճշմարտության տարրերի հետ միախառնված, ինչը չափազանց բարդ է դարձնում ճիշտը ստից տարբերելու գործը։

Մեկնաբանել