Դավադրությունների տեսություններ՝ Տիգրանաշենի թեմայով․ «Շաբաթվա ֆեյքերը»

«Շաբաթվա ֆեյքերը» հաղորդաշարի ուշադրության կենտրոնում Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի շուրջ բարձրացված աղմուկն ու մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հրաժարականից հետո ակտիվացած դավադրությունների տեսություններն են։ Այս շաբաթ կրկին հրատապ էր նաև COVID-19-ի պատվաստումների թեման։

Անցած շաբաթ հանրության ուշադրության կենտրոնոււմ Տիգրանաշեն գյուղն էր, որը, հիշեցնեմ, նախկին ադրբեջանական անկալվն է, որը այժմ ներառված է Արարատի մարզի տարածքում։

Թեման շատ արագ դարձավ մամուլի և սոցցանցերի քննարկման առարկա, մանավանդ այն բանից հետո, երբ Panorama.am-ը գրեց, թե կառավարության կայքում տեղադրված համայնքների խոշորացման ծրագրի հիմնավորման մեջ Տիգրանաշեն համայնքը որևէ փնջում ներառված չէ։

Փաստաթղթում նշվում էր, որ Արարատ համայնքի կազմում ներառվում են 12 բնակավայրեր՝ քաղաք Արարատ, գյուղ Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Ուրցալանջ։

«Կարող ենք ենթադրել, որ Հայաստանի իշխանություններն արդեն կայացրել են թաքուն որոշում Արարատի մարզի այդ գյուղն Ադրբեջանին հանձնելու մասին», – եզրակացրել էր Panorama.am-ը։

Ավելի ուշ հենց Panorama-ն էլ հրապարակեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արձագանքը իր հրապարակման վերաբերյալ։ Համապատասխան վարչությունից հայտնել էին. «Տիգրանաշեն գյուղը համարվում է Պարույր Սևակ համայնքի կազմում ընդգրկված բնակավայր։ Համապատասխան օրենքի ընդունման հիմնավորման մեջ թվարկվում են միավորվող համայնքների կազմում ընդգրկվող համայնքները, այլ ոչ թե բնակավայրերը։ Այսինքն՝ խոսքը համայնքների, այլ ոչ թե բնակավայրերի միավորման մասին է, իսկ Տիգրանաշենն իր կարգավիճակով բնակավայր է, այլ ոչ թե համայնք»:

Թեմային անդրադարձել էր նաև Փաստերի ստուգման հարթակը և մատնանշել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որի համաձայն Տիգրանաշեն գյուղը չունի առանձին համայնքի կարգավիճակ և որպես բնակավայր ներառված է մարզի Պարույր Սևակ համայնքի կազմում։

Չնայած պարզաբանումներին ու հերքումներին` դավադրությունների տեսությունները նոր թափ ստացան, երբ հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ Ոմանք դա կապեցին «Տիգրանաշենի հանձնման» հետ։ Հրաժարական ներկայացրած մարզպետը ստիպված եղավ պարզաբանում ներկայացնել։

«Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»: Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»։

Հատկանշական է, որ մարզպետի այս պարզաբանումից հետո էլ ֆեյսբուքահայերը շարունակում են կասկածել։

COVID-19-ով վարակակիրների թիվը Հայաստանում շարունակում է աճել, Կառավարությունը որոշեց պարտադրել հանրային ծառայողներին և մի շարք ոլորտների աշխատակիցների պատվաստվել կամ երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնել։ Կառավարության այս որոշումը դժգոհությունների առիթ դարձավ, դրա հակառակորդները պնդում են, որ կառավարությունը չի կարող աշխատակիցներին «պարտադրել» պատվաստվել։

Այս կապակցությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին ֆեյսբուքյան մի շարք հրապարակումներով (1, 2) հանդես եկավ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որոնց անդրադարձել է Media.am-ի փաստերի ստուգման թիմը։

Դրանցից մեկը վերաբերում է պնդմանը, որ «կորոնավիրուսը արհեստական վիրուս է – սա նշանակում է, որ ինչ որ մի նպատակով է ստեղծվել և տարածվել»։

Մեդիա․ամ-ը հղում է անում գիտնականների հետազոտությունների, այնուհետև նաև ԱՄՆ հետախուզության ուսումնասիրության արդյունքներին և արձանագրում՝ չկան բավարար ապացույցներ պնդելու, թե կորոնավիրուսը ստեղծվել է արհեստականորեն։

Զոհրաբյանը նաև հայտարարել էր, թե «պատվաստանյութերը պատշաճ փորձարկում չեն անցել, որի համար, ըստ տարբեր մասնագետների, անհրաժեշտ է առնվազն 5 տարի»։

Մեդիա․ամ-ը ի պատասխան պնդում է՝ Հայաստանում օգտագործվող բոլոր պատվաստանյութերը հաստատված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ սննդի և դեղորայքի վարչության կողմից և ներկայացնում հղումներ համապատասխան մարմինների պաշտոնական կայքերի (հղում 1, հղում 2, հղում 3

Մեդիա․ամ-ը անդրադարձել է մի շարք այլ պնդումների ևս, որոնց ուղղակի չենք հասցնի անդրադառնալ։ Եվ չնայած Արա Զոհրաբյանի հայտարարություններում պարունակվում էր միանգամից մի քանի մանիպույլատիվ և սխալ պնդում՝ տասնյակ լրատվամիջոցներ առանց ստուգելու տարածել էին նրա խոսքերը։

Հանուն արդարության պետք է փաստենք, որ կովիդի մասին ապատեղեկատվությունը միայն Հայաստանում չէ, որ տարածվում է։ Ավելին՝ օգոստոսի վերջին Ֆեյսբուքը հրապարակել էր զեկույց, որից պարզ է դառնում, որ Միացյալ Նահանգներում 2021թ․-ի երկրորդ եռամսյակում ամենաշատ դիտված հրապարակումը ամերիկացի բժշկի մասին է, որը, իբր, մահացել է Covid-19-ի դեմ պատվատվելուց հետո։ Լուրի հեղինակը այնուհետև խմբագրել էր այն ու փաստել, որ իրականում այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Սակայն պատվաստանյութերի մասին կասկածներ սերմանող տեղեկությունը արդեն հասցրել են դիտել 54 միլիոն անգամ։

Թերևս զարմանալի ոչինչ չկա, որ ապատեղեկատվությունը ավելի արագ է տարածվում, քան դրա հերքումը։ Մարդիկ հակված են հավատալ զարմանալի, սենսացիոն, ուշագրավ ու սարսափազդու լուրերին, իսկ այդ լուրերի հերքումը տարածելը կարծես սեփական սխալն ընդունելու նման մի բան լինի, իսկ դա ոչ ոքի հաճելի չէ։

Մեկնաբանել