Վրաստանի պաշտպանության նախարարությունը դատական հայց է ներկայացրել պաշտպանության նախկին նախարար և «Ֆորմուլա» հեռուստաալիքի սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլիի, ինչպես նաև Գնումների վարչության նախկին ղեկավար Ալեքսանդր Նինուայի դեմ: Դատական գործընթացի մասին լուրը հայտնվել է Վրաստանի մունիցիպալ ընտրություններից երկու օր առաջ։
Ինչպես հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ իրենք ձգտում են հասնել «հանցավոր արարքի պատճառած վնասի փոխհատուցման»:
Նախարարությունը Կեզերաշվիլիին մեղադրում է «պաշտպանության նախարարության բյուջետային միջոցներից խոշոր գումար յուրացնելու» մեջ՝ «պաշոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու» միջոցով, ինչին նրան «դրդել է» Ալեքսանդր Նինուան:
Սեպտեմբերի 7-ին Կեզերաշվիլին, որին է պատկանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը քննադատող «Ֆորմուլա» հեռուստաալիքի 51 տոկոս բաժնեմասը, հեռակա կարգով Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է տասը տարվա ազատազրկման:
Կեզերաշվիլին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դաշնակիցն էր նախքան նրա՝ 2003-ին իշխանության գալը և հիմնականում հանրության տեսադաշտից դուրս էր 2008-ին քաղաքականությունից հեռանալուց հետո:
Այժմ նա բնակվում է Մեծ Բրիտանիայում։
Քննադատական լրատվամիջոցներին լռեցնելու փո՞րձ
«Ֆորմուլա»-ի աշխատակիցները դատապարտում են այդ հայցը՝ որպես վճռորոշ ընտրություններից առաջ իրենց քննադատող լրատվամիջոցներին լռեցնելու փորձ։
«Ինչ սցենարով էլ զարգանան իրադարձությունները, նույնիսկ եթե մեզ մոտ այսօր կամ վաղը հատուկ մենեջեր նշանակվի կամ այլ միջոցներ ձեռնարկվեն [․..] միևնույն է՝ վրացական որևէ հեռուստաալիք հաղորդելու է Էքզիթ-փոլերի արդյունքների մասին»,- նախազգուշացրել է «Ֆորմուլա»-ի տնօրեն Զուկա Գումբարիձեն սեպտեմբերի 30-ի արտակարգ թողարկմանը:
Գումբարիձեն հայտարարել է, որ իրենց դեմ կառավարության գործողությունները կապված են «Ֆորմուլա» հեռուստաալիքի կողմից սեպտեմբերի 27-ին Edison Research-ի իրականացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքների հեռարձակման հետ։
Ըստ հարցման՝ «Վրացական երազանքն» ամենայն հավանականությամբ, ձայների 43 տոկոսից պակաս կստանա հոկտեմբերի 2-ի ընտրություններում:
Մեդիայի ոլորտի իրավապաշտպան «Լրագրողական էթիկայի խարտիա» կազմակերպությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել չմիջամտել «Ֆորմուլա»-ի գործունեությանը։ «Ընտրություններից առաջ նման քայլը կարող է ծառայել կառավարությանը քննադատող զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը խափանելուն»,- նշվում է կազմակերպության հայտարարությունում:
Ապրիլին ԵՄ-ի միջնորդությամբ «Վրացական երազանքն» ընդդիմադիր կուսակցությունների հետ պայմանավորվածության շրջանակում համաձայնել էր խորհրդարանական արտահերթ ընտրություններ նշանակել, եթե իրենք մունիցիպալ ընտրություններում 43 տոկոսից պակաս ձայն ստանան․ դա՝ նախքան մտափոխվելը և համաձայնագրից հրաժարվելը:
Այնուամենայնիվ, ընդդիմադիր շատ խմբեր ընդգծում են, որ չնայած այդ հարցում «Վրացական երազանքի» 180 աստիճան շրջադարձին, մունիցիպալ ընտրությունները նախկինի պես, ըստ էության, հանրաքվե են իշխող կուսակցության համար և խորհրդարանական արտահերթ ընտրությունների հավանական նախակարապետը:
Հոդվածի բնօրինակը OC Media կայքում՝ Georgia’s Ministry of Defense sues former Minister and media magnate