Հայաստանը պատրաստ է Մինսկի խմբի միջնորդների ձևաչափում վերսկսել ԼՂ կարգավորման գործընթացը. Միրզոյան

Ararat Mirzoyan - արարատ միրզոյան

Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Չեխիա արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկին։ Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մինչ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը, Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Առանձնազրույցի հետևած համատեղ հայտարարության ժամանակ Արարատ Միրզոյանն ասաց, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, գերիների վերադարձի հարցերը։

Յակուբ Կուլհանեկը հայտարարել է, որ Չեխիան շարունակում է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին․ «Այս առումով պետք է շեշտադրել, որ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին: Մենք ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջերս կայացած հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»։

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստակամ է վերսկսելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:

«Մեր զրույցի ընթացքում կենտրոնացել ենք նաև ԼՂ հակամարտությանը, վերջինիս առնչվող հարցերի վրա: Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է Եվրամիության դիրքորոշմանը, այն է՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցությունների շարունակությանը և հակամարտության լուծման երկարատև, կայուն լուծման փնտրտուքին։

Կցանկանայի կարևորել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին՝ համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ իմ ունեցած հանդիպումները: Դրանք, ըստ էության, գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ հակամարտության խաղաղ կարգավորումը, քաղաքական կարգավորումը մնում է օրակարգում: Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումներին վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Արտաքին գործերի նախարարները հանդիպմանը ընդգծել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման կարևորությունը։

Մեկնաբանել