Պապիկյանն ու Բրիտանիայի դեսպանը քննարկել են Սյունիքի անվտանգային և սոցիալ-տնտեսական դրությունը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հայտնում է կառավարության կայքը։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները գործարարության, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը հավատարիմ է կառավարման համակարգի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ու մեխանիզմների զարգացման քաղաքականությանը:

«Անդրադառնալով հետպատերազմյան շրջանում ստեղծված իրադրությանը՝ փոխվարչապետն ընդգծել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ բազմակողմանի ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: Նա գնահատելի է համարել Միացյալ Թագավորության դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը կայուն և երկարատև խաղաղություն կբերի: Քննարկվել է նաև Սյունիքի անվտանգային և սոցիալ-տնտեսական դրությունը: Այդ համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է մարզի ճանապարհային ցանցի նորացման, համայնքների զարգացման և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝ վստահություն արտահայտելով, որ մինչև տարեվերջ այդ ուղղությամբ էական տեղաշարժեր են սպասվում»,- ասված է հայտարարությունում։