Սաակաշվիլիի վերադարձի առեղծվածը. ինչ է կատարվում Վրաստանում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հայտարարեց, որ գտնվում է Վրաստանում: Սաակաշվիլին մինչ այդ հրապարակել էր Կիևից Թբիլիսի ինքնաթիռի իր տոմսը, ըստ որի՝ Վրաստան էր վերադառնալու հոկտեմբերի 2-ին՝ ՏԻՄ ընտրությունների օրը: Սաակաշվիլին նաև տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, թե գտնվում է Բաթումիում և շուտով կհանդիպի ժողովրդին: Իշխանություններն, իրենց հերթին, հայտարարում են, որ Սաակաշվիլին ստում է և Վրաստանում չէ:

Նախկին նախագահի՝ երկիր վերադառնալը վաղուց արդեն դարձել է Վրաստանի քաղաքական օրակարգի անբաժանելի մասը: Սաակաշվիլին, որը երկրից հեռացել է 2013 թվականին՝ նախագահական լիազորությունների ավարտից անմիջապես հետո և հետագայում մի քանի քրեական հոդվածներով մեղավոր է ճանաչվել վրացական դատարանի կողմից, իր հնարավոր վերադարձի մասին հայտնել է նախկինում՝ գրեթե բոլոր ընտրություններից առաջ:

Այս անգամ, սակայն, նախկին նախագահը նաև տեսանյութ է տարածել, որտեղ ասում է, որ գտնվում է Բաթումիում և բնակչությանը կոչ անում ընտրություններին քվեարկել իր կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման օգտին, ինչից հետո մեքենաների շարասյուներով ուղևորվել դեպի Թբիլիսիի Ազատության հրապարակ: «Ես կմիանամ ավտոշարասյուներից մեկին: Եթե 100 հազար մարդ հավաքվի, ապա ոչ ոք ոչինչ չի կարող անել»,- ասում է Սաակաշվիլին: Վերջինիս կուսակցության անդամները նաև պնդում են, թե Սաակաշվիլին արդեն մի քանի օր է գտնվում է Վրաստանում:

Այդուամենայնիվ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Սաակաշվիլին սահմանը չի հատել. իշխող թիմի առաջնորդների խոսքով՝ իրենք Ուկրաինայից հստակ տեղեկություններ ունեն, որ Սաակաշվիլին չի լքել Ուկրաինան և գտնվում է Տրուսկավեցկ քաղաքում, որտեղից էլ հրապարակել է տեսանյութը:

Այլ ընդդիմադիր գործիչներ հայտարարում են, որ Սաակաշվիլիի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն: Ընդդիմադիրների մի մասը ասում է, որ եթե պարզվի, որ Սաակաշվիլին Վրաստանում է, ապա դա նշանակում է, որ պետություն գոյություն չունի և որևէ կառույց, այդ թվում՝ սահմանապահ ծառայությունն ու ներքին գործերի նախարարությունը, գոյություն չունեն:

Թեմային անդրադարձել է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հայտարարելով, որ Վրաստանին հիմա ամենից շատ հանգստություն է պետք, որպեսզի ընտրությունները անցկացվեն թափանցիկ և ազատ միջավայրում: Նախագահը նաև քննադատել է կուսակցություններին, այդ թվում՝ իշխող Վրացական երազանքին:

«Մեկնաբանությունները, որ անում են կուսակցությունները, պետք է անեն պետական գերատեսչությունները, ովքեր պարտավոր են փաստերով հաստատեն թե որն է սուտ և որը ճիշտ»,- ասել է Զուրաբիշվիլին:

Մեկնաբանել