Միրզոյանը և Լավրովը քննարկել են Հրվ․ Կովկասում ապաշրջափակումը, այլ հարցեր

ararat mirzoyan lavrov

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ զրուցակիցները մանրամասն քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումների նշանակությունը:

«ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Արարատ Միրզոյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։ Երկու երկրների ԱԳ նախարարները կարևորել են 2020թ. նոյեմբերի 9-ի ու 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բեված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ վերոնշյալ հարցերից բացի նշելով, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման խնդիրը։

«Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներին, առաջին հերթին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Նախարարները համակարծիք էին, որ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակումը, վստահության միջոցների ամրապնդումը և հարևանների միջև փոխշահավետ համագործակցության ավելացումը կնպաստի տարածաշրջանում իրադրության հետագա կարգավորմանը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել