2020-ի պատերազմի ոչ միանշանակ արդյունքները Կովկասի համար․ Սերգեյ Մարկեդոնովի անդրադարձը

Syunik Armenia Azerbaijan border

Մոսկվայում գտնվող Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծությունների կենտրոնը (Центр Анализа Стратегий и Технологий) գիրք է հրատարակել «Փոթորիկ Կովկասում» (Буря на Кавказе) խորագրով՝ նվիրված 2020-ի Ղարաբաղյան պատերազմին։ Գիրքը փորձագետների հոդվածների ժողովածու է, որի խմբագիրը Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովն է (տե՛ս՝ Ռուսաստանի ռազմավարական նպատակները Ղարաբաղում․ Ռուսլան Պուխովի անդրադարձը)։ Հոդվածներից մեկի հեղինակը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) դասախոս, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն է։ «Աշնանային պատերազմ. ոչ միանշանակ արդյունքներ կովկասյան տարածաշրջանի համար» վերնագրով հոդվածը թարգմանաբար և կրճատումներով ներկայացված է ստորև։ Թեմատիկ բաժանումները և ենթավերնագրերը՝ ՍիվիլՆեթի։

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը նոր խնդիրներ է բերել

[…] Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը կանգնեցրեց «աշնանային պատերազմը»։ Բայց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունները հակամարտության վերջնական լուծում չեն բերել։ Եվ բոլորովին փաստ չէ, որ այն խիստ մոտեցրել է կարգավորումը։ Այդ պայմանավորվածությունները նպաստել են տարածաշրջանային հին ստատուս քվոյի արմատական փոփոխությանը, բայց նախկին խնդիրների տեղը բերել են նորերը։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը, որը երեք տասնամյակ առաջ ԽՍՀՄ փլուզման ձգաններից մեկն էր, միջազգայնացվել է։ Այսօր այն այլևս հնարավոր չէ դիտարկել բացառապես որպես երկու նախկին միութենական հանրապետությունների դիմակայություն։ Եվ մինչև «աշնանային պատերազմը» հակամարտության դինամիկայի վրա ազդում էին արտաքին խաղացողները (նույն Թուրքիան դեռ 1990-ականների սկզբին դարձել էր Ադրբեջանի հետևողական դաշնակիցը և փակել Հայաստանի հետ ցամաքային սահմանը)։ Սակայն 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Անկարայի աննախադեպ ռազմաքաղաքական միջամտությունը կտրուկ բարձրացրեց նրա նշանակությունը Անդրկովկասի գործընթացներում։

Տարածաշրջանում Մոսկվայի աշխարհաքաղաքական առաջնորդությանը վճռական մարտահրավեր է նետվել։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի ղեկավարությանը չի հաջողվել խաղաղ կարգավորման ձևաչափի արմատական վերափոխում իրականացնել՝ թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների լիակատար սառեցմամբ, թե՛ հակամարտության կարգավորման գործընթացից նրա լիակատար դուրս մղմամբ։ Թուրքիային չհաջողվեց նաև դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում գլխավոր միջնորդը․ այդ դերը մնաց Ռուսաստանին, ինչպես, ի դեպ, ղարաբաղյան հողում խաղաղապահ գործողություն իրականացնելու մենաշնորհը։ Ընդ որում, Անկարայի ուժեղացումը մտավախություններ էր առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի մոտ։ Այն նաև որոշակի հակասություններ է ստեղծել ՆԱՏՕ-ի արևմտյան դաշնակիցների (ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, որոնք Ռուսաստանի հետ Մինսկի խմբի համանախագահներն են) հետ նրա հարաբերություններում։ Անդրկովկասում թուրքական և ռուսական ազդեցության ամրապնդումը լուրջ մարտահրավեր է Վաշինգտոնի համար։ Եվ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը դաշնակիցների հետ կփորձի նվազեցնել ռիսկերը առանց իր մասնակցության եվրասիական տարբեր կոալիցիաների (թեկուզև իրավիճակային) հնարավոր առաջացումը։

Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգայնացումը պակաս սուր չի դարձրել նաև չլուծված խնդիրները Երևանի և Բաքվի հարաբերություններում սահմանազատումից ու սահմանագծումից, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցում։

Այսպիսով, 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների իրադարձությունները հաստատեցին Կառլ Կլաուզևիցի բանաձևի ճշմարտացիությունը, որ «պատերազմի վերջնարդյունքը երբեք ինչ-որ բացարձակ բան չէ»: Այս ոչ միանշանակ արդյունքներն ու դրանց բազմակի մեկնաբանությունները հիմք են տալիս խոսելու այն մասին, որ Անդրկովկասում տեսանելի հեռանկարում ուժերի լուրջ վերադասավորում է սպասվում, իսկ տարածաշրջանում հակամարտային դինամիկան ոչ թե պարզանալու, այլ բարդանալու է։

Բանակցությունների հիմնարար սկզբունքներից մեկը իրականացվել է

[…] Փոխզիջումային բազմաթիվ և ոչ մինչև վերջ մշակված ընթացակարգային բանաձևերի հիման վրա հակամարտող կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկվել են այսպես կոչված հիմնարար սկզբունքներ: Դրանք ենթադրում էին նախկին ինքնավարությանը հարող շրջանների վերադարձ ադրբեջանական վերահսկողությանը և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի անցկացում։

2020-ի նոյեմբերին մի շարք հիմնարար սկզբունքներ փաստացիորեն կատարվեցին։ Նախկին ԼՂԻՄ-ի շուրջ շրջանները վերադարձել են Բաքվի իրավասությանը, բայց ոչ թե դիվանագիտական ջանքերի, այլ ռազմական գործողությունների արդյունքում։ Բանակցային նախկին սխեմաները բեկանվել են։ Տարածքային նոր բաժանումն անցնում է արդեն ոչ թե ԼՂԻՄ-ի շուրջ յոթ շրջանների միջև գծերին համապատասխան, այլ նախկին խորհրդային ինքնավարության տարածքով։ Շուշին, ինչպես նաև Հադրութի, Մարտունու և Մարտակերտի շրջանների որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական ուժերի վերահսկողությանը։ Բացի այդ, Ադրբեջանը հասել է իր արևմտյան շրջանների և Նախիջևանի էքսկլավի միջև միջանցք հաստատելու անհրաժեշտության մասին դրույթի ամրագրմանը, էքսկլավ, որը կտրված էր մայրցամաքային Ադրբեջանից, ինչի պատճառով հաղորդակցություններն իրականացվում էին Իրանի միջոցով։

Երկու «զամբյուղներից» մեկը, այդպիսով, փակվել է։ Մյուսը (կարգավիճակը) շտապեց փակել Ադրբեջանի ղեկավարությունը։ Ակնհայտ է Բաքվի կողմից ազգային նվաստացման հաղթահարումը, ռազմաքաղաքական ռևանշը և Հայաստանի աղետալի ջախջախումը, որը չտեսնված էր հետխորհրդային ամբողջ ժամանակահատվածում։

Բաքուն ստիպված է հրաժարվել միջազգային հարցերում որոշակի ինքնուրույնությունից

[…] Ադրբեջանը մի կողմից ապավինեց Թուրքիայի համակողմանի աջակցությանը, մյուս կողմից որոշում կայացրեց կասեցնել Ստեփանակերտի վրա զանգվածային հարձակումը Ռուսաստանի հետ բանակցությունների միջոցով: Հենց Մոսկվան, որը խաղաղապահներ ուղարկեց Ղարաբաղ, փաստացիորեն կանխեց Կովկասում «Սերբական Կրաինայի» սցենարը և անջատված տարածքի արագացված ուժային ինտեգրացիան։

Որպես հետևանք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն իր հաջողությունների համար պարտական է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ստիպված է որոշ քայլեր ձեռնարկել, որոնցից ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարությունը զգուշորեն ձեռնպահ էր մնում՝ Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանում, աջակցություն Անկարային Հունաստանի և Ֆրանսիայի հետ նրա վեճերում, Հյուսիսային Կիպրոսի ինքնորոշման խնդրի արդիականացում: Բաքվի համար առանձնապես հարմարավետ չէ նաև իր արտաքին քաղաքական ուղեգծի ամուր փոխկապումը Սիրիայի կամ Պակիստանի հարցում իր գլխավոր դաշնակցի դիրքորոշմանը (ներառյալ Դելիի և Իսլամաբադի միջև հակասությունների ամբողջ ներկապնակը):

Ադրբեջանը կարող է վերածվել տարածաշրջանային առճակատման պատանդի

Վրացի ազդեցիկ հետազոտող և քաղաքական գործիչ Գիա Նոդիայի իրավացի դիտարկմամբ, որն իր երկրի եվրատլանտյան ընտրության կողմնակից է, «Մոսկվան կանգնեցրեց պատերազմն այն պահին, երբ հարկ համարեց»։ Հենց նրա շնորհիվ հայերը կկարողանան ապրել Լեռնային Ղարաբաղի մնացած մասում, հենց նա է ապահովելու Հայաստանի և Ղարաբաղի, Ադրբեջանի և Նախիջևանի միջև չափազանց կարևոր տրանսպորտային միջանցքների գործունեությունը։ Երկու կողմերն էլ հիմա նրանից են կախված։ Վլադիմիր Պուտինի ու Սերգեյ Լավրովի շուրթերով հենց Մոսկվան է խոսում Ղարաբաղի կարգավիճակը որպես ոչ թե իրական, այլ ապագայի խնդիր որոշելու մասին՝ առաջին պլան մղելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորումը։

Երկրորդ, Ադրբեջանի տարածքում այժմ տեղակայված են արտասահմանյան զորքեր՝ թուրքական և ռուսական։ Եվ չնայած նրանց նպատակները, խնդիրները, կարգավիճակը լրջորեն տարբերվում են, իսկ Ռուսաստանի զինվորականների խաղաղապահ առաքելությունը սահմանափակված է հինգ տարի ժամկետով, փաստը մնում է փաստ։ Նման ներկայությունն առնվազն բարդ հակասություններ է ստեղծում ինչպես Մոսկվայի և Բաքվի, այնպես էլ Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում։ Եվրասիական երկու հսկաների հարաբերություններում ցանկացած համակարգային խափանում Ադրբեջանին, որ մինչ այս ինքնուրույն էր որոշում իր միջազգային գերակայությունները, կարող է վերածել տարածաշրջանային առճակատման պատանդի։

Հայ-ադրբեջանական սահմանային խնդրի միջազգայնացման ռիսկեր

Նոր ստատուս քվոն Հայաստանի համար չափազանց անհարմարավետ է։ Կտրուկ աճել է նրա խոցելիությունը և կախվածությունը արտաքին խաղացողներից։ Աշնանային պատերազմի ընթացքում անհետացել է, այսպես կոչված, անվտանգության գոտին, որը ոչ միայն բուֆեր էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ու հեշտացնում էր Երևանի և Ստեփանակերտի միջև հաղորդակցությունը, այլև երկրի հարավային սահմաններն առանձնացնում էր հակառակորդ հետ պետության ուղղակի շփումից: Քելբաջարի շրջանի նկատմամբ Բաքվի վերահսկողության հաստատումը հանգեցրեց Հայաստանի և Ադրբեջանի շփման նոր գծի ստեղծմանը իր երկու հարավային մարզերի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մոտ: Սահմանազատված և սահմանագծված միջպետական սահմանի բացակայության պայմաններում հակասությունների ևս մեկ հանգույց է ի հայտ եկել։

Այդ հանգույցի քանդումը հղի է ոչ պակաս ռիսկերով, քան ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները, և ընդհանուր առմամբ՝ միջազգային հանրությունը, Լեռնային Ղարաբաղը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս, և այդ պատճառով ՀԱՊԿ բոլոր մեխանիզմները դրան չեն վերաբերել։ Բայց որևէ սպառնալիք բուն Հայաստանին, որը ինտեգրացիոն այդ կառույցի մեջ է մտնում, ըստ սահմանված կարգի՝ դաշնակից պետությունների կողմից դիտարկվելու է նրա շահերի հավաքական պաշտպանության համատեքստում։ Ավելին, Երևանին ու Մոսկվային կապում է նաև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագիրը։ Մյուս կողմից, Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշնակիցը Թուրքիան է՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից երկրորդ ամենամեծ բանակ ունեցող պետությունը։ Հյուսիսատլանտյան պայմանագրի մյուս անդամների հետ իր բոլոր հակասություններով հանդերձ՝ Անկարան շահագրգռված չէ դաշինքից դուրս գալու հարցում։ Այսպիսով, հայ-ադրբեջանական սահմանային խնդրի կարգավորման միջազգայնացման ռիսկեր կան։

Մոսկվան գերադասում է չշրջանառել կարգավիճակի թեման

Իր հարավային սահմաններին ռազմական բուֆերի կորստի հետ Հայաստանը զրկվել է նաև իր անվտանգության մյուս՝ դիվանագիտական գոտուց։ Մինչև 2020-ի նոյեմբեր ադրբեջանական շրջանների դեօկուպացիայի հարցը սերտորեն շաղկապվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի հետ։ Երևանին երկար ժամանակ հաջողվում էր հավասարեցնել բանակցային այս երկու «զամբյուղները»։ Ներկայում վիճելի տարածաշրջանի իրավաքաղաքական հեռանկարների սահմանումը հայտնվել է արտաքին խաղացողների ձեռքում, որոնց վրա հայկական ղեկավարությունը չի կարող ազդել: Մոսկվան, որը շահագրգռված է իր խաղաղապահ առաքելության պահպանմամբ, գերադասում է չշրջանառել կարգավիճակի թեման՝ առաջ քաշելով տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների պրագմատիզացումը, մինչդեռ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, պնդում են, որ այս սյուժեն պահպանվի բանակցային մենյուում, քանի որ խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների չեղարկումը հարցականի տակ կդնի այս կառույցի և ընդհանրապես ԵԱՀԿ-ի իրավազորությունը: Վաշինգտոնն ու Փարիզը նույնպես պատրաստ չեն ճանաչել Մոսկվայի մենաշնորհը խաղաղ գործընթացի իրականացման գործում։

Թուրքիան և Ադրբեջանը կարծում են, որ ռազմաքաղաքական նոր իրողությունների պայմաններում կարգավիճակի հարցն այլևս արդիական չէ, իսկ խաղաղապահ առաքելությունը պետք է ժամանակային շրջանակ ունենա։ Անկարան և Բաքուն իրենց առաքելությունը տեսնում են որպես գործիք ադրբեջանական բոլոր հողերի լիակատար վերաինտեգրման համար, որոնց շարքին դասում են նաև ներկայում կտրված ձևով գոյություն ունեցող ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Ինչևէ, այսօր Երևանը գրեթե ռեսուրս չունի իր համար շահավետ դասավորութունն առանց արտաքին միջամտության կառուցելու համար։ Այստեղից էլ ոչ միայն Մոսկվայի, այլև Փարիզի ու Վաշինգտոնի հետ կապն ամրապնդելու Հայաստանի իշխանությունների ձգտումը՝ հույսով, որ այս բոլոր ուժերն այսպես թե այնպես շահագրգռված չեն լինի Եվրասիայում Թուրքիայի և Անկարա – Բաքու ռազմավարական կապի ամրապնդման հարցում։

Վերը նկարագրված ռազմաքաղաքական բոլոր վերափոխումներն անմիջական ազդեցություն են ունենում թե՛ Ադրբեջանում և թե՛ Հայաստանում առկա ներքին գործընթացների վրա։ Առաջին դեպքում իշխանության վրա հասարակական ճնշումը սահմանափակ է, մինչդեռ Հայաստանում խորհրդարանական մոդելի պայմաններում ցանկացած հարց, լինի տրանսպորտային միջանցքների բացում, զիջումներ սահմանի սահմանագծման հարցում կամ Ղարաբաղի շուրջ բանակցություններում, ինքնաբերաբար դառնում է ընտրարշավների և զանգվածային բողոքների խնդիր։

Ինչևէ, Ադրբեջանում պատկերացում կա, որ 2020-ի պատերազմը կանգնեցվել է և չի ավարտվել Բաքվի լիակատար հաղթանակով։ Իլհամ Ալիևի համաձայնությունը ռուս խաղաղապահների ներկայությանը ադրբեջանական հասարակության որոշակի մասը դիտարկում է (ինչը երևում է սոցիալական ցանցերից և բլոգներից, քանի որ այդ թեմայով համապատասխան սոցիոլոգիական հետազոտություններ չեն անցկացվել) որպես թուլության և անհետևողականության դրսևորում: Մինչդեռ ցանկացած հայ առաջնորդ, զիջումների գնալով սահմանազատման կամ տրանսպորտային միջանցքների բացման հարցում, հավանաբար կբախվի զանգվածային բողոքների, իսկ ռազմադիվանագիտական իրավիճակը ցանկացած հնարավոր ռևանշիստի կստիպի նվազեցնել պահանջների նշաձողը։

Հայ-ադրբեջանական դիմակայության նոր օրակարգ, որում Ղարաբաղը երկրորդ պլան է մղվում

Ակնհայտ է հայ-ադրբեջանական դիմակայության նոր օրակարգի ձևավորումը, որտեղ բուն Ղարաբաղի թեման երկրորդ պլան է մղվում։ Բայց դա չի նշանակում, որ վաղ թե ուշ ռուս խաղաղապահների, Ադրբեջանում թուրքական ռազմական ներկայության շուրջ հակասությունները կամ հակամարտության մասնակից երկրներում ներքին ապակայունացումը կրկին չեն արդիականացնի այն։ Չնայած հայկական բանակի գերազանցության և ադրբեջանցիների՝ պատերազմելու անկարողության մասին առասպելը փարատվել է, և Բաքուն զգալի հաջողությունների է հասել, նոր գործոններ են ի հայտ եկել, որոնք թույլ են տալիս խոսել 2020-ի աշնանային պատերազմի առնվազն ոչ միանշանակ արդյունքների մասին:

Թուրքիան վերածվել է Կովկասի վերաբերյալ որոշումների ընդունման ինքնուրույն կենտրոնի

2020-ի աշնանը հայ-ադրբեջանական հակամարտության «աշխարհաքաղաքականացումը», այնուամենայնիվ, տեղի ունեցավ, բայց այն զարգացավ ոչ թե Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության ձևով, այլ Թուրքիայի ակտիվ ռազմա-դիվանագիտական ներգրավմամբ։ Անկարան նորեկ չէր կովկասյան գործընթացներում։ ԽՍՀՄ փլուզումից հետո նա հստակ և աներկբա պաշտպանում էր Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը, թեև երկրորդ դեպքում չէր խոչընդոտում Սուխումիի հետ աբխազական ծագմամբ իր քաղաքացիների տնտեսական շփումներին։ 1993-ից Թուրքիան փակեց իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ, իսկ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը խիստ կապեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հետ։ Սակայն 2020-ին Անկարայի և Բաքվի ռազմավարական կապերը նոր որակ են ստացել։ Ի դեպ, Մինսկի խմբի համանախագահների ռազմավարական տարաձայնությունների ֆոնին Թուրքիան վերածվել է Ղարաբաղի և ընդհանրապես Կովկասի վերաբերյալ որոշումների ընդունման ինքնուրույն կենտրոնի։

Այսուհետ Կասպից ծովում թուրքական ռազմական ներկայությունը նոր հնարավորություններ է բացում Կենտրոնական Ասիայում թուրքական էքսպանսիայի համար։ Թուրք զինվորականները հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում հաջողությամբ կիրառեցին Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը և դրանով իսկ առաջացրել են հետխորհրդային այլ երկրների հետաքրքրությունն իրենց մշակումների նկատմամբ: Խոսքը նախևառաջ Ուկրաինայի մասին է։ 2020-ի Ղարաբաղի սցենարին Կիևում նայում են որպես հաջող օրինակ Դոնբասի համար, ոչ այնքան այն պատճառով, որ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների հետ իրական բանակցություններ չեն նախատեսվում։ Արդյունքը Անկարայի և Կիևի միջև համագործակցության տարածքի ընդլայնումն է։ Երկու կողմերն էլ ունեն ընդհանուր մոտեցում Ղրիմի՝ ռուսական տարածք չճանաչելու հարցում։

2020-ի պատերազմից հետո հայ-ադրբեջանական հակամարտությունը ավելի է կապվում մերձավորարևելյան դինամիկային

Սակայն ամենակարևորը թերևս այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը 2020-ի աշնան իրադարձություններից հետո ավելի սերտ կապ կունենա մերձավորարևելյան դինամիկայի հետ։ Թուրք հետազոտող Քերիմ Հասը նշում է, որ Թուրքիան Bayraktar TB2-ը փորձարկել էր Իդլիբում 2020-ի փետրվարի վերջին և մարտի սկզբին սիրիական կառավարական ուժերի դեմ «Գարնանային վահան» գործողության ժամանակ, ինչպես նաև 2020-ի գարնանը Մարշալ Հաֆթարի ուժերի կողմից Տրիպոլիի գրավումը կանխելու ժամանակ։ Ըստ Հասի՝ ռազմական անօդաչուները ապացուցեին իրենց արդյունավետությունը և դարձան Թուրքիայի հետագա գործողությունների անբաժանելի մասը: Լեռնային Ղարաբաղում Հայաստանի աշխարհագրական առավելությունը չեզոքացվեց անօդաչուների հնարավորություններով, ինչը, անկասկած, հակամարտության նոր բնութագիրն է։ Ի դեպ, հակամարտությունը, բացի զուտ ռազմականից, նոր այլ բնութագրեր ունի։ Խոսքը Մերձավոր Արևելքից թուրքամետ պրոքսի-ուժերի օգտագործման հնարավորության մասին է՝ Ղարաբաղում կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակի սրման դեպքում ինչպես Երևանի, այնպես էլ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար։ Խոսքը նաև սիրիական Իդլիբում հարձակողական գործողությունների մասին է, որտեղ թուրքական շահերը հատվում են ռուսականի հետ։ Նոր ստատուս քվոյի պայմաններում գլխավոր վտանգն այժմ այն է, որ մի թեժ կետում դինամիկայի վրա ազդելու համար հակամարտությունն ապասառեցվի մյուսում։

Թուրք փորձագետ Բյուլենթ Արասը, բնութագրելով ռուս-թուրքական հարաբերությունները, դրանք անվանում է մրցակցային համագործակցություն։ Իսկապես, միջազգային օրակարգի հարցերի մեծ մասում Մոսկվայի և Անկարայի շահերը հակասում են իրար։ Այդպիսին է իրավիճակը Ղրիմի, Սիրիայի, Լիբիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Թուրքիան կովկասյան թատերաբեում որոշակի ռևանշ է վերցրել Ռուսաստանից այն բանից հետո, երբ վեց տարի առաջ Մոսկվան նրան թույլ չտվեց դառնալ սիրիական հակամարտության կարգավորման գլխավոր շահառուն: Ե՛վ առաջին, և՛ երկրորդ դեպքում երկրները մտնում էին նրանց «մերձավոր արտասահմանի» մեջ, որը հասկացվում է որպես առանձնահատուկ, արտոնյալ շահերի ոլորտ։ Սակայն Կովկասում թուրքական դիրքերի ամրապնդումն այսօր Անկարայի լիակատար և անվերապահ հաղթանակի ու Մոսկվայի նույնքան ակնհայտ ձախողման տեսք չունի։ Նախևառաջ, Թուրքիայի ղեկավարությանը չհաջողվեց դառնալ հրադադարի և տարածաշրջանի տնտեսական վերականգնման մասին համատեղ հայտարարությունների համահեղինակը։ Թուրքական զորքերը չեն մասնակցում Ղարաբաղում խաղաղապահ գործողությանը։ Ռուսաստանը միայնակ է իրականացնում իր առաքելությունը, մինչդեռ Աղդամի շրջանի մոնիտորինգի կենտրոնը՝ փոքրացված դե ֆակտո ԼՂՀ-ից դուրս, երկկողմանի է, այլ ոչ թե բացառապես թուրքական։ Ընդ որում, բացվող տրանսպորտային միջանցքների անվտանգությունն ապահովելու է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը՝ առանց թուրքական մասնակցության։

Իսլամացող և Քեմալ Աթաթուրքի գաղափարներից աստիճանաբար հրաժարվող Թուրքական Հանրապետությունը որոշակի մարտահրավեր է ներկայացնում հետխորհրդային Ադրբեջանի աշխարհիկ մոդելի համար

Եթե Անկարան աջակցում է բացառապես Ադրբեջանին, ապա Մոսկվան ունի հակամարտության երկու կողմերի վրա ազդելու բազմազան ռեսուրսներ։ Եվ ամենևին էլ փաստ չէ, որ Թուրքիայի շահերն ամեն ինչում նույնական կլինեն ադրբեջանականին, հատկապես ինքնիշխանության պահպանման համատեքստում։ Իսլամացող և Քեմալ Աթաթուրքի գաղափարներից աստիճանաբար հրաժարվող Թուրքական Հանրապետությունը որոշակի մարտահրավեր է ներկայացնում հետխորհրդային Ադրբեջանի աշխարհիկ մոդելի համար։ Մարտահրավեր են նաև Անկարայի՝ Բաքվին սիրիական բարդ հակամարտության մեջ ներքաշելու փորձերը: Վտանգ է ջիհադիստական խմբավորումների ներթափանցումը, որոնք Իլհամ Ալիևի վարչակարգը սպառնալիք են համարում «մաքուր իսլամի» համար։ Ադրբեջանական էլիտաները շահագրգռված են Ռուսաստանի հետ շահավետ գործնական հարաբերությունների պահպանման, ինչպես նաև Դաղստանի սահմանին արմատականներին զսպելու համատեղ գործողությունների մեջ։ Հարկ է նշել, որ 2015-2016 թվականներին ռուս-թուրքական հարաբերություններում «սառեցված խաղաղության» ընթացքում Բաքուն վերջնական ընտրություն չի կատարել հօգուտ Անկարայի կամ Մոսկվայի: Եվ փաստ չէ, որ հետագայում Ադրբեջանի ղեկավարությունը կցանկանա կանգնել նման երկընտրանքի առաջ։

Թուրքական գերիշխանությունը մտահոգում է նաև ԱՄՆ-ին ու Ֆրանսիային

Բոլոր վերապահումներով հանդերձ՝ թուրքական գերիշխանությունը մտահոգություն է առաջացնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահների մոտ։ Հենց այդ պատճառով Մոսկվան չի շտապում թաղել այդ ձևաչափը՝ այն դիտարկելով որպես Անկարայի աճող հավակնությունները զսպելու հնարավոր գործիք։ Արևմուտքի գործոնը, ի դեպ, Ռուսաստանին և Թուրքիային հետ է պահում փոխադարձ առճակատումից։ Մոսկվայի համար Անկարան ՆԱՏՕ-ի ներսում այլախոհ է, որի հետ շահավետ գործակցությունը դաշինքի ներսում խարխլում է միասնությունը։ Թուրքիայի համար էլ արտաքին քաղաքականության նույն բազմազանեցումը, այդ թվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ատոմային էներգետիկան և ռազմատեխնիկական համագործակցությունը, հնարավորություն է տալիս մեծացնել իր միջազգային կապիտալիզացիան։ Ոչ պակաս չափով այն նաև ԱՄՆ-ի և արևմտյան մյուս դաշնակիցների հետ հակասությունները վերացնելու միջոց է։ Իրան-Ռուսաստան-Թուրքիա եվրասիական դաշինքի ուրվականը հուսալի միջոց է եվրատլանտյան ընտանիքի պահպանման համար, քանի որ Վաշինգտոնի համար Անկարայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալը չափազանց վտանգավոր նախադեպ կլինի։ Բայց հենց Թուրքիան ու Ռուսաստանը Կովկասում կոշտ դիմակայություն սկսեն, ինչը, օրինակ, տեղի ունեցավ Սիրիայում, այդ զարգացման գլխավոր շահառուն կդառնա Արևմուտքը։ Արդյունքում Անկարան և Մոսկվան ձգտելու են համաձայնեցնել հնարավոր կարմիր գծերը և զերծ մնալ բաց թշնամանքի ցուցադրությունից։

Այսպիսով, հայ-ադրբեջանական հակամարտությունում նշանավորվում է ռուս-թուրքական արտաքին գերիշխանության գործոնը։ Այն մրցակցային բնույթ է կրում, բայց չի բացառում նաև փոխգործակցությունը։ Շատ չափորոշիչներով դա հիշեցնում է Անկարայի և Մոսկվայի սիրիական համատիրությունը։ 2020-ի իրադարձությունների արդյունքում Կովկասի և Մերձավոր Արևելքի հակամարտային դինամիկայի կապը զգալիորեն աճել է։

Պատրաստել է Կարեն Հարությունյանը

Մեկնաբանել