ՀՀ-ն չի կարող դավադրության մեջ ներքաշվել Իրանի դեմ․ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլնյուսում Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ կիրակի կայացած հանդիպմանը։ Ի շարս տարբեր հարցերի՝ Փաշինյանը խոսել է նաև Իրանի հետ հարաբերությունների մասին։
«Իրանի հետ ունենք ջերմ հարաբերություններ։ Նախագահ Ռայիսին պաշտոնը ստանձնել է 2021թ․ օգոստոսին, ես էլ ընտրություններից հետո պաշտոնս ստանձնել եմ օգոստոսին, և արդեն երկու անգամ հանդիպել ենք: Փաստ, որը ցույց է տալիս, թե ինչքան ենք կարևորում այդ հարաբերությունները: Նորություն չէ, որ կան որոշակի շրջանակներ, որոնց հաջողվում է, ժամանակ առ ժամանակ, Իրանի մամուլում հրապարակել նյութեր, թե Հայաստանը ներգրավված է ինչ-որ դավադրությունների մեջ՝ Իրանի դեմ: Իրանի մեր գործընկերները, վստահ եմ, գիտեն, որ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև մեզ համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են, ու մենք երբեք չենք մոռանա, որ 1990-ականների սկզբին Իրանը Հայաստանի համար եղել է «կյանքի ճանապարհ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա այնպիսի հիմք է մեր հարաբերությունների համար, որ ՀՀ-ն չի կարող դավադրության մեջ ներքաշվել Իրանի դեմ:
«Այլ բան, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խոչընդոտվում են պատժամիջոցների պատճառով։ Ոչ միայն ՀՀ-ն, այլև աշխարհում շատ երկրներ կան, որ չունեն հնարավորություն` շրջանցել այս իրողությունը։ ՀՀ-ն երբեք Իրանի դեմ դավադրությունների մեջ չի մտնի, և դա այնքան ակնհայտ է, որ դրա մասին նույնիսկ պետք չէ ասել: Հակառակը՝ մենք խոշոր նախագծեր ունենք Իրանի հետ։ Պարոն Ռայիսիի հետ քննարկումների ժամանակ առաջարկել ենք արագացնել դրանք, մասնավորապես՝ կառուցվում է դեպի Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, որը կառուցում է իրանական ընկերություն, և խնդրում ենք հնարավորինս արագ կառուցել այն: Հույս ունենք առաջիկայում երկարաձգել գազ- էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը: Հանդիպումների ժամանակ առաջարկել եմ վերադառնանք կամ վերհիշենք, որ կար Մեղրիի ջրամբարի և ՀԷԿ-ի շինարարության հարց, որը կարծում եմ, շատ կարևոր է ոչ միայն էներգետիկ, այլև ջրային ռեսուրսների համատեղ կառավարման առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ վերջին շրջանում լուծվել է Իրանի հետ ունեցած երկարատև խնդիրներից մեկը` կապված դեպի Արաքս գետ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումների հետ։ «Հարցն անընդհատ բարձրացվում էր, և ուրախ եմ արձանագրել, որ այն լուծվել է, որովհետև կոմբինատն անցել է փակ ցիկլի և արտանետումներ չի անում: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, ի դեմս որի ունենք գործընկեր, արձագանքեց կառավարության հորդորներին, և սա մեզ հնարավորություն տվեց ավելի խորացնել հարաբերությունները նրանց հետ»,- նշել է կառավարության ղեկավարը: