117 երկրների ավելի քան 600 լրագրողներ ուսումնասիրել են մոլորակի որոշ ամենահզոր մարդկանց գաղտնի պահվող ունեցվածքը: Մեծ Բրիտանիայում հետքաննությունը վարել են BBC Panorama-ն և Guardian-ը։ Բացահայտված տեղեկատվությունը ստացել է «Պանդորայի փաստաթղթեր» անվանումը։
«Պանդորայի փաստաթղթերը» ֆինանսական ծառայություններ մատուցող տասնչորս ընկերություններից, որոնք գրանցված են Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայաում, Բելիզում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սինգապուրում և Շվեյցարիայում, գրեթե 12 միլիոն փաստաթղթերի և ֆայլերի արտահոսք է։ Դրանք բացահայտում են համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների և միլիարդատերերի գաղտնի հարստությունն ու գործարքները: Տվյալները ստացել է Վաշինգտոնում գտնվող Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը։ Սա երբևէ կատարված ամենախոշոր հետաքննություններից մեկն է:
Որոշ գործիչներ կանգնած են կոռուպցիայի, փողերի լվացման և համաշխարհային հարկերից խուսափելու մեղադրանքների առջև: Սակայն ամենամեծ բացահայտումներից մեկն այն է, թե ինչպես են նշանավոր և հարուստ մարդիկ օրինական կերպով հիմնում ընկերություններ ՝ Միացյալ Թագավորությունում գաղտնի կերպով անշարժ գույք գնելու համար: Փաստաթղթերը բացահայտում են գնումների հետևում կանգնած 95,000 օֆշորային ընկերությունների սեփականատերերից ոմանց։
Հետաքննություննը բացահայտում է նաև Ադրբեջանի իշխող Ալիևների ընտանիքի գաղտնի հարստությունները։ BBC-ի հրապարակած հոդվածի Ադրբեջանին վերաբերող հոդվածը՝ ստորև։
Օրինակների շարքում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքը, որոնք կասկածվում են սեփական երկիրը կողոպտելու մեջ: Հետաքննությունը պարզել է, որ Ալիևները և նրանց մերձավորները գաղտնի ներգրավված են եղել Մեծ Բրիտանիայում 400 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ անշարժ գույքի գործարքների մեջ:
Բացահայտումները կարող են ամոթալի լինել Մեծ Բրիտանիայի կառավարության համար, քանի որ, ըստ երևույթին, Ալիևները 31 մլն ֆունտ ստեռլինգ շահույթ են ստացել Լոնդոնի սեփականություններից մեկը վաճառելով Crown Estate-ին` թագուհու անշարժ գույքի կայսրությանը, որը կառավարվում է Գանձապետարանի կողմից և կանխիկ միջոցներ հավաքում երկրի համար:
Կատարված գործարքներից շատերը, որոնք առկա են փաստաթղթերում, իրավաբանորեն սխալ գործողություններ չեն։ Սակայն Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումից Ֆերգյուս Շիլն ասում է. «Նման ծավալի բացահայտումը աննախադեպ է, և դա ցույց է տալիս, թե իրականում ինչ կարող են առաջարկել օֆշորային ընկերությունները` կասկածելի ծագման դրամական միջոցները թաքցնելու կամ հարկերից խուսափելու մասով: Նրանք օգտագործում են այդ օֆշորային հաշիվները, այդ օֆշորային ընկերություններին՝ այլ երկրներում հարյուր միլիոնավոր դոլարների գույք գնելու և սեփական ընտանիքները իրենց երկրի քաղաքացիների հաշվին հարստացնելու համար»։
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը կարծում է, որ հետաքննությունը «շատ բաների տուփ է բացում», ուստի և անունը՝ Պանդորայի փաստաթղթեր։ Փաստաթղթերը նաև ցույց են տալիս, թե ինչպես է Ադրբեջանի իշխող Ալիևների ընտանիքը օֆշորային ընկերությունների միջոցով գաղտնի կերպով անշարժ գույք ձեռք բերել Մեծ Բրիտանիայում:
Փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես է ընտանիքը, որը երկար ժամանակ մեղադրվում էր կոռուպցիայի մեջ, գնել 17 անշարժ գույք, այդ թվում՝ Լոնդոնում 33 միլիոն ֆունտ արժողությամբ գրասենյակային շենք՝ նախագահի 11-ամյա որդի Հեյդար Ալիևի համար:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը խոստանում է խստացնել փողերի լվացումը խստագույն օրենքներով և դրանց կիրարկմամբ, և ներկայացնել Մեծ Բրիտանիայում անշարժ գույք ունեցող օֆշորային ընկերությունների գրանցամատյան, երբ խորհրդարանը ընդունի այն:
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի