Նիկոլ Փաշինյանը դրական գնահատեց ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների և կոմունիկացիների բացման դեպքում այնպիսի սցենարներ պետք է որդեգրվեն, որոնք ոչ թե կխորացնեն տարածաշրջանի երկրների և ժողովուրդների մեկուսացումը, այլ, ընդհակառակը, նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ կստեղծեն։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ։

«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ըստ էության, սկսել է ակտիվացնել իր գործունեությունը։ Դրական եմ համարում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որն, իմ կարծիքով, պետք է մեկնարկի դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ»,- հայտարարեց Փաշինյանը՝ չափազանց կարևոր համարելով գերիների և պատանդների վերադարձի հարցը։

Նա վերահաստատեց իր դիրքորոշումը, որ պատրաստ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը բերել ականապատման քարտեզները՝ պայմանով, որ Ադրբեջանը կվերադարձնի հայ գերիներին։

Մեկնաբանել