Պղնձամոլիբդենայինի առքուվաճառք. ըստ Քոչարյանի՝ «ամենամութ գործարք», ըստ Փաշինյանի՝ «մեծ ներդրումային ծրագիր»

mining armenia zangezur copper

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 15 տոկոսը կառավարությանն անցնելու գործարքը համարում է «կոռուպցիայի դրսևորումներով բարձրագույն պիլոտաժ․․․ Հայաստանի պատմության ամենամութ գործարք»։ Այդ մասին Քոչարյանը հայտարարեց հոկտեմբերի 4-ին իր հրավիրած ասուլիսին։

Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60 տոկոսն անցել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությանը։ Ձեռք բերելով կոմբինատի բաժնետոմսերի առյուծի բաժինը՝ «Արդյունաբերական ընկերություն»-ը որոշել է դրա մի մասը՝ կոմբինատի ընդհանուր բաժնետիրական կապիտալի 15 տոկոսի չափով նվիրել կառավարությանը և մասնավորապես վարչապետի աշխատակազմին։

Ռոբերտ Քոչարյանը հարց բարձրացրեց, թե ինչու է որոշվել նվիրատվությունը կատարել ու բաժնետոմսերի կառավարումը հանձնել վարչապետի աշխատակազմին։ «Աբսուրդ է. պետական բաժնեմասերը պետք է կառավարվեն ֆինանսների նախարարության կողմից, կարող է՝ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Մասնագիտական ի՞նչ հմտություն ունի վարչապետի աշխատակազմը նման գործառույթ ունենալու համար»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, որ կառավարությանը կոմբինատի բաժնետոմսեր նվիրելն «ուղղակի փայ մտնել է ամենամեծ ձեռնարկության կառավարման մեջ»։

․․․

Թեև նվիրատվությունն իրականացվել է վարչապետի աշխատակազմին, սակայն դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե կոնկրետ որ պետական գերատեսչությունն է իրականացնելու 15 տոկոս բաժնեմասի կառավարումը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ դրա կառավարումը կհանձնվի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որն էլ իր հերթին կոմբինատի տնօրենների խորհրդում կունենա ներկայացուցիչներ։

Հոկտեմբերի 2-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նոր խոշոր բաժնետեր Ռոման Տրոցենկոն, որի ունեցվածքը ըստ Forbes-ի կազմում է 2,4 միլիարդ դոլար, հանդիպում էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ տեղեկացնելով, որ նախատեսում են կոմբինատում իրականացնել 4 միլիարդ դոլարի ներդրում, նաև կառուցել պղնձաձուլարան։ Հուլիսի 3-ին Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «հույս ունեն, որ ժամանակի հետ 15 տոկոս բաժնեմասի չափը կավելանա»։ «Սա մի մեծ ներդրումային ծրագիր է, ու դա իրականացվելու է կառավարության աջակցությամբ ու մասնավորի կողմից։ Այսօր ՀՀ-ից արտահանման կառուցվածքի մի հսկայական մասը խտանյութ է, որը հիմնականում արտահանվում է Եվրոպա ու ձուլվում պղինձ։ Մենք ուզում ենք Հայաստանում պղնձաձուլարան ստեղծվի, որը կստեղծի հազարավոր աշխատատեղեր, 5-7 տարիների ընթացքում մինչև 5000 աշխատատեղ կստեղծվի»,- խոսելով կոմբինատի հետագա գործունեության մասին՝ նշեց նա։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Տրոցենկոն իր բաժնեմասը ձեռք է բերել հենց կոմբինատից։ 2020-ին գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խմբից ԶՊՄԿ-ն հետ գնեց 60 տոկոս բաժնետոմսերը և ըստ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի՝ մեկ տարվա ընթացքում կոմբինատը պարտավոր էր իրացնել այդ բաժնետոմսերը։ Տրոցենկոյի կողմից ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի գնումը կոմբինատում բաժնետերերի ամենամեծ փոփոխությունն է 2004-ից ի վեր։ Գործարքի գինը, ինչպես նաև կառավարությանը բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը դեռևս չի հրապարակվել։ Հիշեցնենք, որ Տրոցենկոյին է պատկանում «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որը Հայաստանում շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրն ու Ագարակի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, նաև՝ երեք հանքավայր Ռուսաստանում։

Կոմբինատում բաժնետոմսերի 12,4 տոկոսը «Զանգեզուր մայնինգ» ընկերության միջոցով պատկանում է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովին, իսկ 12,5 տոկոսը՝ «ԱՄՓ հոլդինգ»-ին, որի բաժնետերերն են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը, կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովն ու կոմբինատի նախկին կառավարիչներից Նարեկ Ամբարյանը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել